27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վտանգավոր է. Ժամանակ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, թե մտացածին են իր և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հակասության մասին տեղեկությունները, որ հրապարակվում են մամուլում: Նա ասել է, որ խոսքի ազատությունը հարգում է, սակայն մտադիր չէ մեկնաբանել ֆանտազիաները: Ֆանտազիա՞ է արդյոք պաշտպանության նախարարի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի միջև հակասությունը: Մի բանում, իհարկե, Վիգեն Սարգսյանն իրավացի է, որ այդօրինակ հակասությունների մասին տեղեկությունները որևէ օգուտ չեն բերում բանակին, և հաշվի առնելով այն, որ վերաբերում են այդ նուրբ ոլորտին, նույնիսկ վտանգավոր են:

Մյուս կողմից՝ այստեղ խնդիրը միայն տեղեկությունները չեն, որովհետև դրանք կարող են և չհրապարակվել, սակայն առանցքայինն այն է՝ կա՞ հակասություն, թե՞ ոչ, որովհետև եթե այն կա, ապա տեղեկատվական լռությունը, մեծ հաշվով, չի նվազեցնելու վտանգը:

Դրան զուգահեռ՝ հիշարժան է այն, որ դեռևս նախորդ նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում նախարարի և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Խաչատուրովի միջև հակասության մասին տեղեկությունները պարբերաբար հայտնվում էին մամուլում, ու թեև դրանք հերքվում էին նույն կերպ, այդուհանդերձ ոչ պաշտոնական, կոնֆիդենցիալ մակարդակում ԶՈւ-ին և ՊՆ-ին մոտ կանգնած տարբեր աղբյուրներ միանգամայն հավաստի ընդունում էին այդ դիմակայության առկայությունը: Ամենևին բացառել պետք չէ, որ ապրիլյան պատերազմում ի հայտ եկած խնդիրներն ու նաև աղաղակող բացթողումները նաև այդ դիմակայության կամ հակասության հետևանք էին: Ի վերջո, այդ կապակցությամբ էլ հրապարակվեցին իրարամերժ տեղեկություններ, մասնավորապես նաև Յուրի Խաչատուրովի հայտնի «բիլիարդային» հակումների մասով:

Ի վերջո, խորհրդանշական էր նաև, որ Սերժ Սարգսյանը մեկ զարկով լուծեց «գորդյան հանգույցը»՝ բանակը, ԶՈւ-ն ազատելով թե՛ Սեյրան Օհանյանից, թե՛ Յուրի Խաչատուրովից: Իհարկե, պետք չէ բացառել նաև, որ հակասությունների և դրանից բխած անարդյունավետության պարագան Սարգսյանը առիթ դարձրեց նաև իր քաղաքական խնդիրները լուծելու համար: Սակայն, բոլոր դեպքերում, ակնհայտ էր, որ Օհանյան-Խաչատուրով զույգի շուրջ ստեղծված իրավիճակը այլևս իսկապես պահանջում էր կտրուկ հանգուցալուծում: Մյուս կողմից, սակայն, խնդիրը շատ ավելի խորն է, և անձերի մակարդակում լուծումները չեն կարող լինել հուսալի, եթե անգամ ներկայումս Վիգեն Սարգսյանն ու Մովսես Հակոբյանը չունեն որևէ հակադրություն:

Ի վերջո, բանակի բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարող անմասն մնալ այն խմորումներին ու վերադասավորումներին, որ ներկայումս տեղի են ունենում իշխանության ամբողջ համակարգում: Հայաստանում փոխադարձ սերտաճածությունն այնքան մեծ է և խորը՝ թե՛ անձնական, թե՛ նույնիսկ բիզնես մակարդակում, որ այլ հարթություններում առկա շահերի բախումը պարզապես կարող է տարածվել նաև ԶՈւ-ի, պաշտպանական ոլորտի վրա:

Ըստ այդմ՝ այս դեպքում անձերի մակարդակում լուծումները չեն կարող ունենալ մեծ ու երկարաժամկետ էֆեկտիվություն: Իսկ հաշվի առնելով այն, որ Հայաստանի պարագայում ներիշխանական, ներհամակարգային խմորումները ոչ միայն չունեն մոտալուտ ավարտ, այլ թերևս նոր-նոր թևակոխում են «որակապես» նոր, ավելի՝ այսպես ասած, դանդաղ, համառ և հետևողական պայքարի փուլ, պաշտպանական ոլորտը այդ իմաստով հայտնվում է դրա ազդեցության տակ ընկնելու առավել մեծ ռիսկի գոտում:

Այդ ռիսկն ապահովագրելու առավել արդյունավետ տարբերակը կառուցվածքային, համակարգային լուծումն է, իրավիճակը անձերի կախվածությունից հնարավորինս դուրս բերելը: Այսպես ասած, շահերի բախումը հնարավորինս նվազեցնելը, այն իմաստով, որ պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետն, ըստ էության, կիսելու հնարավորինս քիչ բան ունենան, առավել ևս կիսելու քիչ իշխանություն:

«Սահմանադրության մեջ հստակ ֆիքսված է՝ մեր երկրի թիվ մեկ զինվորականը կամ ավագ զինվորականը պետք է լինի գլխավոր շտաբի պետը: Գնալով շատ ավելի մեծ կարևորություն է ստանալու ռազմաքաղաքական դիվանագիտությունը, գնալով շատ մեծ կարևորություն է ստանալու Զինված ուժերի ամբողջական մատակարարումը, գնումների կազմակերպումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Մենք պարտավոր ենք շատ ավելի անմիջականորեն զբաղվելու ռազմական կրթությամբ և ռազմահայրենասիրական դաստիարակությամբ:

Մենք պարտավոր ենք ակտիվացնել մեր աշխատանքները զինծառայողների սոցիալական ապահովության ուղղությամբ, բայց նաև պիտի հիշենք, որ մեր պարտավորությունները միշտ մնում են այն մարդկանց հանդեպ, ովքեր երբևէ ծառայել են մեր Զինված ուժերում: Նրանցից շատ-շատերը կա՛մ այսօր չկան, կա՛մ էլ ունեն հաշմանդամության կարգ: Ես ընդամենը մի քանի այսպիսի հատվածներ ասացի, բայց պաշտպանության նախարարի ժամանակի առյուծի բաժինը պետք է հատկացվի այս և նման այլ խնդիրների լուծմանը:

Պաշտպանության նախարարը պետք է շատ քիչ զբաղվի զորքերի առօրյա գործունեությամբ», դեռևս նախորդ տարի հոկտեմբերին Վիգեն Սարգսյանին ներկայացնելով ՊՆ-ում հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ գործնականում ակնարկելով, որ նախարար-ԶՈւ գլխավոր շտաբի պետ դիլեմային փորձել են լուծում տալ սահմանադրական մակարդակով:

Որքանո՞վ է էֆեկտիվ լինելու այդ մակարդակի լուծումը, որքանո՞վ է լինելու ԶՈւ-ում այդօրինակ վտանգավոր հակադրություն թույլ չտալու բավարար երաշխիք՝ դեռևս, իհարկե, բավականին բարդ է ասել և վաղ: Առավել ևս, որ ներկայումս օրակարգում է հայտնվել անվտանգության և պաշտպանության հարցերում իշխանության լիազորությունների վերաբաշխման գործընթաց, օրենսդրական նախաձեռնության տեսքով:

Այն, իհարկե, ավելի շատ միտված է վարչապետի լիազորությունն այդ հարցում սահմանափակելուն, սակայն բուն խնդիրն այստեղ այն է, որ անվտանգության և պաշտպանության հարցերում լիազորությունները կարող են փոփոխության ենթակա լինել ոչ թե զուտ կառավարման էֆեկտիվության, այլ քաղաքական նպատակահարմարության շարժառիթով: Ահա այստեղ է, որ խորության վրա ընկած է ԶՈւ-ի համար քաղաքականության մարտահրավերը: 

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ