27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ով Տեր … հրաշալի զրույց Աստծո հետ

Ով Տեր, այդ ես չէ, որ գալիս եմ դեպի Քեզ, քանի որ ճանապարհը վատ գիտեմ: Միտքս տկար է, հոգիս` սահմանափակ: Դեռ մարմնի մեջ եմ, և շատ բան խանգարում է ինձ, ինչպես օրինակ`կրքերս ու ցանկություններս: Երբեմն էլ՝ կամքս է փակում դեպի Քեզ բերող ճանապարհը:

Ով Տեր, նաև զբաղված եմ լինում այնպիսի բաներով, որ առնչություն չունեն Քեզ հետ:  Ես շատ հետաքրքրություններ ունեմ, որոնք խանգարում են ինձ, բայց շատ թշվառ ու հիմար լինելուս պատճառով, չեմ փորձում ազատվել դրանցից, այլ ընդհակառակը, օրեցօր ավելացնում եմ դրանք: Ուրեմն, Դու ես, Տեր, որ կարող  ես գալ դեպի ինձ: Եկ, Տեր, հայտնիր Քեզ ինձ և այցելիր  որդուդ կամ ծառայիդ:Դու ամբողջությամբ սեր ես: Ավելին, սերը հենց Դու ես:

Ով Տեր, ես չէ, որ սրտումս Քո բնակության համար տեղ եմ պատրաստում, որովհետև. «Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները» (Սաղմ. 126.1): Ո՞վ եմ ես, որ Քեզ համար սուրբ տաճար շինեմ, որպեսզի Քո Հոգին բնակվի իմ մեջ: Դու ես, Տեր, որ շինել ես Երուսաղեմը: Եկ և ինձ մի
սպասիր, որպեսզի չլինի թե Դու սպասես, և ես չգամ…

Ինձանով չեմ կարող Քեզ ճանաչել: Ով Տեր, ոչ թե իմ ջանքերով, այլ Քո օգնությամբ, ոչ թե իմ զորությամբ, այլ Քո շնորհով: Դու Քեզ ինձ հայտնում ես սիրուդ մեջ: Բայց Քեզ չես հայտնի ինձ, մինչև ես չսիրեմ Քեզ: Ասա, ուրեմն, ինչպե՞ս սիրեմ Քեզ, որ հայտնես Քեզ ինձ: Ուստի, խնդրում եմ, հայտնիր Քեզ ինձ, որ Քո հանդեպ ունեցած սերս մեծանա, որովհետև որքան ավելի եմ Քեզ տեսնում, այնքան ավելի եմ Քեզ սիրում ու ավելի եմ կապվում Քեզ:

Քանի որ ինչպե՞ս կարելի է իսկապես սիրել մեկին, ում մասին ոչինչ չգիտես, ում չես տեսել, կամ միայն անորոշ գիտելիք ունես: Ուստի, աղոթում եմ, որ հայտնես Քեզ ինձ,

Հայտնիր քեզ ինձ քանի որ Քեզ ճշմարիտ կերպով ճանաչելու միակ աղբյուրն այս է՝ ոչ թե ուրիշների կամ գրքերի միջոցով, այլ ինչպես առաքյալն է ասում՝ «…ականատես իսկ եղանք…  և մեր ձեռքերը շոշափեցին…» (Ա Հովհ. 1.1):

Քո մասին կատարելապես չեմ կարող իմանալ գրքերից կամ էլ Քեզ ճանաչողներից, որովհետև անգամ նրանք չեն կարող նկարագրել այն անարտահայտելի որոշիչները, որ տեսել են Քո մեջ, ինչը ոչ մի լեզու չի կարող արտաբերել: Նրանք միայն կարող են փափագ արթնացնել նրա մեջ, ով լսում կամ կարդում է Քո մասին՝ ասելով. «Ճաշակեցեք և տեսեք, թե որքան քաղցր է Տերը» (Սաղմ.33.9): 

Բայց նրանք չեն կարող Քո ճշմարիտ բնության մասին ստույգ գաղափար տալ. դա վեր է իրենց կարողությունից: Սակայն, եթե Դու, Տեր, Քեզ հայտնես ինձ՝ ինչպե՞ս պիտի Քո դեմքը տեսնեմ, քանի որ առանց սրբության ոչ ոք չի կարող Տիրոջը տեսնել: Սրբությունը վեր է իմ կարողությունից, որովհետև ինձ նեղողները շատացել ու տիրել են ինձ: Ես թույլ եմ այդ ամենի առջև՝ աշխարհի, մարմնի, չար ցանկությունների, կրքերի ու մտքերի առջև:

Հաճախ ընկնում եմ ու խարխափում: Սրբությունը երազ է, որը փափագում եմ, որ իրականանա, բայց ինչպե՞ս կարող եմ այն ձեռք բերել: Արդյո՞ք սա նշանակում է, որ երբեք Քեզ չեմ տեսնի: Խնդրում եմ, Տեր, տուր ինձ սրտի այդ մաքրությունը, որպեսզի կարողանամ տեսնել Քո դեմքը: «Ցողիր ինձ սպունգով՝ և ես կմաքրվեմ, լվա՝ ու ձյունից ճերմակ կլինեմ» (Սաղմ. 50.9):

 

Շենուդա Գ. Հայրապետ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ