27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մարզերին տրվող ֆինանսավորման ծավալը 2018 թ-ից սկսած շատ ավելանալու է

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ներկա է գտնվել տարածքային զարգացման համաժողովին, որի նպատակն է համախմբել բոլորի ջանքերը՝ ռազմավարական նպատակների, ռեգիոնալ և տեղական դերակատարների ակտիվացման համար:

 Համաժողովին մասնակցել են նաև  ECORYS  Նիդեռլանդ ԲՎ գլոբալ պրակտիկայի և քաղաքաշինության բաժնի ղեկավար Ացե Վերկենիսը, ECORYS տեխնիկական օժանդակության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն, ՀՀ մարզպետներ, համայնքապետեր, ինչպես նաև տարածքային զարգացման և համայնքների խնդիրներով զբաղվող մի շարք  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին, նախարար Դավիթ Լոքյանն ընդգծել է համաժողովի դերը տարածքային զարգացման հարցում, ասել, որ այսօր  Հայաստանը գտնվում է  տարածքային անհամաչափությունը հավասարեցնելու  ճանապարհին և այս համատեքստում  կարևորել է  Եվրամիության իրական, գործնական և  լրջագույն օգնությունը Հայաստանին  ամբողջ գործընթացն իրականացնելու համար:

2016 թվականին ՀՀ 2016-2025 թթ.  տարածքային  զարգացման ռազմավարության ընդունումից հետո արդեն կառավարությունը հաստատել է 10 մարզերի  ռազմավարությունները: Տեղեկացնելով այս մասին, նախարարը վստահեցրել է, որ պետությունը շատ լուրջ է վերաբերվում տարածքային զարգացմանը և համաչափության ապահովմանը,  հիշեցրել, որ  կառավարության նիստում  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը  նույնպես ամենահիմնական հարցերից մեկն առանձնացրել և ֆիքսել է  երկրի տարածքների համաչափ զարգացումը:

«Այսօր, երբ մենք այս ամբողջ պրոցեսը հասունացրել ենք և արդեն գործնական կիրառման դաշտ ենք մտնում, մեր ջանքերի  համախմբումը խիստ կարևոր է: Արդեն ավարտում ենք մարզերում համաչափությունն ապահովելու և զարգացում ապահովելու համար ֆինանսական կառույցի փաստաթուղթը: Մեր համապետական բյուջեի ներսում մենք ոչ ուղղակիորեն առանձնացնելու  ենք  տարածքային  զարգացման ֆինանսավորման միջոցները,  հետո համապատասխան նախարարությունները համաձայնեցնելով հարցերը մարզերի, մարզպետների և համապատասխան հոգաբարձուների խորհրդի հետ, որից հետո միայն սկսվելու են իրականացվել ներդրումները: Մարզերին տրվող ֆինանսավորման  ծավալը  2018 թ-ից սկսած շատ ավելանալու  է և 70 տոկոսի չափով ուղղվելու է տնտեսական  զարգացման ծրագրերին, որը պետք է ապահովի ՀՆԱ, որը պետք է  ապահովի աշխատատեղ և ավելացված արժեք: Իսկ  30 տոկոսը սոցիալական  և տնտեսական ենթակառուցվածքներին: Այս հարաբերակցությունն է ֆիքսել պետությունը, կառավարությունը,  որով և մենք առաջնորդվելու ենք»,-ասել է Դ. Լոքյանը, տեղեկացնելով, որ մինչև սեպտեմբեր սկսելու  են արդեն  գործառնական  ծրագրերի քննարկումները:  Նախարարը հայտարարել է, որ տարածքային զարգացումը արդյունավետ չի կարող լինել, եթե  տեղական դերակատարները` հատկապես համայնքները չակտիվանան:

Ռոբերտ Գիրեյկոն իր ելույթում նկատել է, որ տարածքային  զարգացման հարցերի հետ կապված համագործակցությունն  ավելի ինտենսիվ է դարձել:«Այսօր Հայաստանն իրականացնում է ժամանակակից տարածքային զարգացման քաղաքականություն, դրանում կարող ենք համոզվել եվրոպական երկրների կամ այլ երկրների հետ համեմատելիս: Հայաստանում առաջընթացն այս ոլորտում վերջին  2-3 տարիներին ահռելի է եղել»,-ասել է Ռ. Գիրեյկոն, վստահեցրել, որ  շարունակելու են համագործակցությունը ՀՀ ՏԿԶ նախարարության հետ:

Համաժողովի ընթացքում անդրադարձ է եղել  Հայաստանի տարածքային զարգացման բարեփոխումների ընթացքին, ներկայացվել են ԵՄ փորձնական տարածքային զարգացման ծրագրի հիման վրա ձևավորված մոդելներ: Համաժողովի երկրորդ օրը մասնակիցներն այցելելու են Դիլիջան և Գյումրի, որտեղ հնարավորություն են ունենալու  ավելի խորը ծանոթանալ տարածքային զարգացման միջամտությունների  ժամանակակից ինտեգրված մոտեցումներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ