27 Մայիսի, Չորեքշաբթի, 2020
KFC

Կամք, հաճույքներ, կրքեր …

images

Որոշ մարդիկ հարցնում են. «Ինչու՞ պետք է մերժենք կյանքի հաճույքները` կապվելով քրիստոնեության կապանքներով»: Այս հարցին պատասխանելու համար նախ հարկ է մի քանի մտորումներ ունենալ մարդկային կամքի, հաճույքի և կրքերի մասին:

Անտիկ փիլիսոփայության մեջ հատկանշական մի պատկերացում կա մարդկային կամքի մասին: Մարդու բանականությունը` որպես կառք վարող, վարում է մի կառք` լծված երկու ձիերով, որոնցից մեկը հեզ և հնազանդ է, իսկ մյուսը վայրի: Չար ձին հաճախ ջանում է կառքը ճանապարհից դուրս հանել: Սա նշանակում է, որ բանական մարդը երբեմն ընկնում է մեղքի մեջ իր կամքի սխալ ընտրության պատճառով:

Սուրբ Հովհան Ոսկեբերանը, ցանկանալով ցույց տալ մարդկային բնության բարի լինելը, համեմատություն է անում մարդու և կենդանիների միջև: Նա ասում է, որ ոչխարը միշտ հեզ է և չի կարող գազանների պես լինել իր խոնարհ բնության պատճառով, իսկ գայլը, ընդհակառակը, չի կարող հնազանդ լինել և վայրի գիշատիչ է, որովհետև գազանի բնություն ունի: Սակայն մարդը մեկ լինում է համեստ, մեկ` գոռոզ, երբեմն` բարի և երբեմն` չար:

Մարդը միայն մեկ բարի բնություն ունի, բայց կարող է չար դառնալ իր ազատ ընտրության արդյունքում: Եկեղեցական մեր հեղինակներից Առաքել Սյունեցին ասում է, որ մարդը կարծես երկու կամք ունի, մեկը` բնությունից, իսկ մյուսը ներմուծված չարից: Եվ այս չար կամքը մարդուն ներքաշում է մեղավոր արարքների մեջ: Սակայն մարդկային բնությունն ավելի կարևոր և բարձր է, քան մարդկային կամքը, որով և կամքն է հետևողը բնության:

Եթե կամքը չի հետևում բնությանը, մարդն ընկնում է հոգևոր և մարմնավոր չարչարանքների մեջ: Օրինակ` ծարավը, քաղցը, հոգնածությունը բնության կրքերն են, և դրանց պահանջներին հակառակ գնալը մահվան կտանի: Նույն կերպ սխալ, անբարոյական արարքներ գործելով` մարդը հակառակ է գնում բարի բնությանը և որպես հետևանք հոգևոր և մարմնավոր տանջանքներ ունենում,,,:

Օրինակ` փոքր ինքնազսպումի հետևանքով տանջանքներից զերծ մնալը շատ ավելի մեծ հաճույք է, քան փոքր հաճույքի բերած մեծ տանջանքը: Մեղավոր հաճույքներից հեռու մնալու վարվելակերպը Քրիստոսի ցույց տված նեղ ճանապարհն ու նեղ դուռն է (Մատթ. 7.13-14, Ղուկ. 13. 24), որոնք առաջնորդում են մեզ դեպի կյանք, մինչդեռ մեղսալի հաճույքների լայն դուռը և ընդարձակ ճանապարհը առաջնորդում են դեպի կործանում (Մատթ. 7.13):

Եվ եթե մենք բանական մարդիկ ենք, չպետք է հետևենք ենթադրյալ հաճույքներին, այլ պետք է գնանք այն ճանապարհով, որն ազատ է չարչարանքներից, այսինքն` ազատ է տանջանքներից այս կյանքում և հանդերձյալում:
Կիրքը և հաճույքը կապված են միմյանց և միաժամանակ անհետանում են: Օրինակ` երբ ծարավ ենք և ջուր ենք խմում, հաճույք ենք զգում, μայց այս հաճույքը անհետանում է, երբ հագեցնում ենք մեր ծարավը: Դրանից հետո, եթե մեկն ստիպի ավելին ջուր խմել, տանջանք կզգանք: Նույն կերպ էլ իր քաղցը հագեցրած մարդը չի կարող ավելին ուտել:

Այս երևույթը ցույց է տալիս, որ կարիքը և հաճույքը հաճախ միաժամանակ են անհետանում, և շատ հաճույքներ այնքան արժանի չեն, որ դրանց պատճառով չարչարվենք:

Ադամ Քահանա Մակարյան 
«Քրիստոնեության Իսկությունը»-ը գրքից

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ