26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գյումրեցի աղջկան տարել են Թուրքիա` ստիպել մարմնավաճառությամբ զբաղվել

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդեն մեկ ամիս է`դատավոր Էդուարդ Մանուկյանի նախագահությամբ,  քննում է քրեական գործ, ըստ որի` ամբաստանյալ երկու կանայք կավատությամբ են զբաղվել: Ըստ մեղադրանքի՝ նրանք այլ կանանց տարել են Թուրքիա՝ աշխատելու առաջարկով եւ ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ: Քրեական գործը Գյումրիի բնակիչներ Սուսաննա Մարտիրոսյանի եւ Հրանուշ Մովսիսյանի նկատմամբ հարուցվել է Գյումրիի բնակչուհի Գայանե Միրզախանյանի դստեր պահանջով:

Տուժողը, սակայն, դատարան չի ներկայանում: Նրա փոխարեն դատարանում դստեր շահերը ներկայացնում է նրա մայրը: “Ես թույլ չեմ տա իմ աղջկան, որ գա դատարան, ես չեմ թողնի, որ դարձյալ հանդիպում լինի սրանց բանդայի հետ, նա դրան չի դիմանա, առանց այն էլ շատ է տուժել:

Նրա անունն էլ մի գրեք: Նա արդեն ցուցմունք տվել է նախաքննական մարմիններին եւ ամեն ինչ շատ պարզ է”,-  փոխանցեց տուժողի մայրը՝ Գայանե Միրզախանյանը:

Տիկին Գայանեի  փոխանցմամբ՝ դստերը  տարել են Թուրքիա՝ խոստանալով, որ երեխայի է խնամելու, սակայն Տրապիզոն քաղաքում ստիպել են չորս ամիս շարունակ զբաղվել մարմնավաճառությամբ՝ նախապես նրանից խլելով բոլոր փաստաթղթերը.

“Համոզողը Հրանուշն էր, բայց գլխավոր կավատը՝ Սուսանը, հենց Թուրքիայում է եղել՝ Տրապիզոնում: Ես եկա, որ նրան էլ տեսնեմ, թքեմ երեսին, ասեմ` էդ սպիտակ մազերիցդ չես ամաչում, այ անբարոյական”:

Տիկնոջ պատմելով՝ դստերը աշխատանք են առաջարկել Ստամբուլում ու խաբելով տարել Տրապիզոն, ստիպել “Իզմիր” հյուրանոցում զբաղվել մարմնավաճառությամբ:

“Եկավ Հայկուշը մեր տուն, պատմեց, թե ինքը ընդեղ՝ Թուրքիայում՝ Ստամբուլ քաղաքում հայի երեխա է մեծացնում ու լավ էլ վճարում են իրան:

Ասաց՝ մի երեխա էլ կա, ծնողները հայ են, աշխատում են, տանը հայ աշխատող են ուզում”,- պատմեց թրաֆիքինգի ենթարկված կնոջ մայրը: Ըստ նրա՝ երկար համոզելուց հետո է ինքը համաձայնել աղջկան թույլ տալ, որ մեկնի Թուրքիա: Ի դեպ, իր դուստրն էլ փոքր երեխա ունի:

“Իրա երեխեն էդ ժամանակ վեց ամսական էր, բայց ասի՝ ես կմեծացնեմ, թող մի քանի ամսով գնա, որ կարողանա եղբոր գերեզմանը կառուցել, ստեղ չենք կարող, աշխատանք չկա, բան չկա: Բայց գնաց ու կորավ երկար ժամանակ”: Հետո մի անգամ Տրապիզոնում գտնվող դուստրը խոսել է մոր հետ, բայց բոլորի ներկայությամբ, եւ մայրը դստեր ձայնից զգացել է, որ ինչ-որ բան նորմալ չէ:

“Սկայպով տեսա, տեսքը լավ էր, կողքը կանգնած էին, կհարցնեի` ինչղ ես, կսեր` լավ եմ մամ, բայց տխուր էր, չհասկցա՝ ինչն էր պատճառը”,- պատմում էր Գայանե Միրզախանյանը: Տուժողը հնարավորություն չի ունեցել ոչ վերադառնալու, ոչ էլ շփվելու գյումրեցի հարազատների հետ:

Այնուամենայնիվ, նրան հաջողվել է դիմել թուրքական կառավարությանը եւ խնդրել, որ հետ ուղարկեն. Գայանե Միրզախանյանի դստերը արտաքսել են որպես անօրինական միգրանտ. “Իրա ձեռքը փաստաթուղթ չեն տվել, չեն թողել գա, թանկ շորեր են առել, որ մուշտարիների համար երես ելնելու էղնի:

Հետո ըսել են՝ քու շորերիդ փողը ո՞վ պտի փակվի, ստիպել են աշխատել, հետո դիմել է իշխանություններին ու իրան դեպորտ են արել”,- պատմում է մայրը: Վերադառնալով Հայաստան՝ տուժողը դիմել է իրավապահ մարմիններին, սակայն հիմա հրաժարվում է ներկայանալ դատարան: Նրա մայրը հայտարարում է, որ աղջիկը Օրենբուրգում է եւ խնդրում է գործին ընթացք տալ առանց նրա մասնակցության:

Տուժողի մայրը` Գայանե Միրզախանյանը, հայտարարեց, որ բողոքելու է մինչեւ վերջ, որպեսզի իր “աղջկա պատիվը արատավորողները, խաբողները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ”:

Հեղինակ` Քրիստինա Մկրտչյան

Նյութը` ԳԱԼԱ TV-ի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ