27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչու է Սերժ Սարգսյանը սրում «Սասնա ծռերի» շուրջ իրավիճակը. Հայկական Ժամանակ

Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ երեկ կատարված զազրելի բռնությունները Հայաստանի բոլոր մտածող քաղաքացիների մոտ հարց է առաջացրել` ինչ նպատակով է դա արվում:

Տարբեր  վերլուծություններ եւ վարկածներ են շրջանառվում, սկսած նրանից, որ ոստիկաններն անտեղի չէին անի այդ ամենը, այսինքն՝ Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը եւ մյուսները հիմք են տվել իրենց հետ նման կերպ վարվելու համար: Վերջացրած նրանով, որ ինչ-որ նպատակով իշխանությունը սրում է «Սասնա ծռերի» շուրջ իրավիճակը: Փորձ է արվում գտնել նաեւ այն հարցի պատասխանը, թե որն է այդ նպատակը: Ալեք Ենիգոմշյանի կարծիքով՝ օրինակ նպատակը դատավարությունները, ի վերջո, փակ անցկացնելն է:

Կարող է լինել նաեւ վարկած, որ դատական պրոցեսի ընթացքում ի հայտ կգան որոշակի հանգամանքներ, որոնք մինչեւ հիմա հայտնի չեն եւ նոր լույս կսփռեն անցյալ տարի ՊՊԾ գնդում կատարվածի վրա, ինչն իշխանություններին այնքան էլ ձեռնտու չէ: Կարելի էր կենտրոնանալ այս վարկածի վրա, սակայն կան մի շարք այլ գործոններ, որոնք հիմք են տալիս եզրակացնելու, որ խնդիրն իրականում դրա մեջ չէ:

Վերլուծաբանները վաղուց գրում են, որ իշխանության տարբեր գործողություններ ներկա փուլում ուղղակիորեն կապված են 2018-ի հետ, երբ կլրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը եւ, ըստ էության, Հայաստանում նոր ղեկավար կընտրվի: Հայտնի է, որ չնայած այն բանին, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն է Հայաստանի հաջորդ ղեկավար ընտրող ուժը, Սերժ Սարգսյանի համար կան որոշակի մտահոգություններ, որ իր անձնական իշխանությանը վտանգ է սպառնում: Ըստ այդմ, քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանի բոլոր գործողություններն ուղղված են այդ վտանգները չեզոքացնելուն: Առաջին հորիզոնականում այս իմաստով, իհարկե, վարչապետ Կարեն Կարապետյանն է, որը, ի հեճուկս բոլոր սպասումների, դեռեւս դիմադրում է Սարգսյանին:

Շատ կարեւոր են, սակայն հասարակական տրամադրությունները: Ակնհայտ է, որ իշխանությունների նպատակները, երկրում ստեղծել բարեփոխումների, հանդուրժողականության եւ խաղաղության մթնոլորտ, տապալվում են: Չնայած արվող որոշակի քայլերին, այդ թվում կաշառակեր դատավորների եւ հանրության այլ կարկառուն ներկայացուցիչների ձերբակալությունները, պետական կառույցներում աշխատաոճի փոփոխությունը եւ այլն, հանրային դժգոհության մակարդակը ոչ մի կերպ չի նահանջում, եւ մեծ հաշվով մարդիկ իրենց բավարարված չեն զգում: Սա ունի իր օբյեկտիվ պատճառները, օրինակ, որ այդ բարեփոխումների եւ արդարության ձեռքը ոչ մի կերպ չի հասնում մերձիշխանական օղակներին, եւ Սերժ Սարգսյանի հովանավորյալ կաշառակերներին: Իսկ այս փաստն արդեն բավարար է, որ մնացած տասնյակների նկատմամբ իրականացվող արդարադատությունը որեւէ արժեք չունենա հանրության համար:

Այնպես որ, հանրային մակարդակում գոյություն ունեցող դժգոհությունը օր առաջ պետք է ջրի երես հանել, հասկանալու համար դրա մասշտաբներն ու հնարավոր վտանգներն իշխող ուժի համար:

«Սասնա Ծռերի» անդամների հետ կատարվողը այդ դժգոհությունը վեր հանելու եղանակներից մեկն է: Խոսքը ոչ միայն ծեծի մասին է: Նույն նպատակին են ծառայում նաեւ «Սասնա Ծռերի» եւ Ժիրայր Սեֆիլյանի դատավարություններից առաջ պաշտպանների նկատմամբ կատարվող նորամուծությունները, դատարանի շենքը վարժեցրած շներ բերելը, սեւ դիմակներով եւ ավտոմատով զինված ոստիկաններ կանգնեցնելը: Կամ դատարանի բակում հայտնի փաստաբաններին հրմշտելը: Բոլոր ուղղություններով միաժամանակ արվող այս գործողությունները չէին կարող սպոնտան լինել եւ մեկ կետից հրահանգավորված չլինել:

Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը լայնածավալ գործողություն է իրականացնում նաեւ Երեւանի փողոցներում, պատահական մեքենաների կանգնեցնում, եւ խուզարկություն են իրականացնում:

Արդեն երկու օր է ոստիկանները նաեւ ընկել են փողոցում առեւտուր անող չարքաշ մարդկանց ետեւից: Կա տեսանյութ, թե ինչպես են ոտքով շրջում տատիկի` մի քանի կիլոգրամանոց ծիրանի արկղը, եւ այդ տատիկը, որ պետք է օրվա վերջում չոր հացի փող վաստակած լիներ ծիրանը վաճառելով, լաց լինելով գետնից հատ-հատ հավաքում է ծիրանները:

Պետք է սպասել, որ առաջիկայում այս կարգի գործողությունները շարունակվելու են: Նպատակը մեկն է, նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց ամիսներ առաջ հանրության` ըմբոստության ընդունակ շերտի ցասումը հասցնել պիկի, տեսանելի եւ վերահսկելի դարձնել այն, այդպիսով նաեւ` ժամանակ ունենալ դրա դեմ անհրաժեշտ գործողություններն իրականացնելու համար: 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ