26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մանկական մահացությունը երեք անգամ ավելի արագ կերպով կարելի է կրճատել

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ուսումնասիրության՝ ամենախոցելի երեխաների և համայնքների առողջապահության և կյանքի պահպանման օգտին ներդրումներ կատարելը ծախսված գումարի դիմաց ավելի մեծ օգուտ է բերում: Ամենախոցելի երեխաների կարիքների համար ծախսված ամեն 1 միլիոն ԱՄՆ դոլարի դիմաց երկու անգամ ավելի կյանքեր է հնարավոր փրկել, քան եթե այդ գումարը ծախսվեր ավելի քիչ խոցելի կամ այլ խմբերի շրջանում:
 
«Ապացույցն ուժեղ է. ամենաաղքատ երեխաների օգտին ներդրում կատարելը ճիշտ է ոչ միայն սկզբունքորեն, այլև` գործնականորեն. ծախսված յուրաքանչյուր մեկ դոլարի դիմաց ավելի շատ կյանքեր են փրկվում», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը (Anthony Lake): «Սա էական նորություն է այն կառավարությունների համար, որոնք աշխատում են վերջ դնել մանկական կանխելի մահերին, այն էլ` այս ժամանակահատվածում, երբ ծախսված յուրաքանչյուր դոլար կարևոր է: Խոցելի երեխաների առողջապահության ծրագրերում ներդնելը փրկում է նրանց ապագան և օգնում է դադարեցնել աղքատության միջսերնդային շղթան: Առողջ երեխան դպրոցում ավելի շատ բան սովորելու և որպես չափահաս, ավելի շատ գումար վաստակելու ավելի լավ հնարավորություն ունի»:
 
Եթե մանկական մահացությունը ավելի արագ կերպով չկրճատվի, ապա մինչև 2030թ.-ը գրեթե 70 միլիոն երեխա կմահանա նախքան հինգ տարեկան դառնալը:
 
Ուսումնասիրությունը հիմնված է 51 երկրներից հավաքագրված տվյալների վրա, որտեղ գրանցվում են աշխարհում նորածինների և մինչև հինգ տարեկան երեխաների մահերի գրեթե 80 տոկոսը: Այս երկրների փորձը ցույց է տալիս, որ մանկական մահացությունը երեք անգամ ավելի արագ կերպով կարելի է կրճատել, եթե ներդրում է արվում աղքատ խմբերի շրջանում առողջապահական ծրագրերի հասանելիությունը բարելավելու ուղղությամբ, ի տարբերություն ոչ աղքատ խմբերի:
 
Նոր տվյալներ և մոդելավորման գործիքներ օգտագործելով` ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աղքատ երեխաների ուղղությամբ ներդրում կատարելը 1.8 անգամ ավելի ծախսարդյունավետ է կյանքեր փրկելու տեսանկյունից:
 
Ուսումնասիրությունն ընտրել է առողջապահական 6 գլխավոր միջամտություններ, որտեղ հաշվի են առնվել ծառայությունների հասանելիությունը. միջատասպան մահճակալային ցանցերի կիրառությունը, կրծքով կերակրման վաղ նախաձեռնումը (ծնվելուց հետո 30-60 րոպեների ընթացքում), հետծննդյան խնամքը, պատվաստումներ տրամադրումը, ծննդաբերության ընթացքում հմուտ մանկաբարձի ներկայությունը, ինչպես նաև փորլուծություն, տենդ կամ թոքաբորբ ունեցող երեխաների համար համապատասխան խնամքի տրամադրումը:
 
Ուսումնասիրությունը մասնավորապես բացահայտել է, որ՝

  • Վերջին տարիների ընթացքում բարձր արդյունավետություն ունեցող առողջապահական և սնուցման ծառայությունների հասանելիությունն ամենաարագ կերպով բարելավվել է աղքատ խմբերի շրջանում, ինչի արդյունքում կրճատվել է անհավասարությունը:
  • Քանի որ աղքատ խմբերում ծնունդների թիվն ավելի բարձր է, քան ոչ աղքատ խմբերում, աղքատ համայնքներում հինգ տարեկանից ցածր մահացության կրճատումը նշանակում է յուրաքանչյուր միլիոն մարդու հաշվով 4.2 անգամ ավելի փրկված կյանք:
  • Ուսումնասիրության 51 երկրներում 1.1 միլիոն փրկված կյանքերի գրեթե 85 տոկոսը աղքատ երեխաների շրջանում էր:
  • Չնայած որ աղքատների շրջանում ծառայությունների հասանելիությունը բարելավելու համար մեկ շնչի հաշվով ավելի շատ գումար է պահանջվում, քան ոչ աղքատների դեպքում, յուրաքանչյուր ներդրված 1 միլիոն ԱՄՆ դոլարի դիմաց գրեթե երկու անգամ ավել կյանքեր են փրկվում, քան ոչ աղքատ խմբերի շրջանում:

 
Ուսումնասիրության արդյունքները երևան են գալիս խիստ էական ժամանակահատվածում, երբ կառավարությունները շարունակում են աշխատանքը Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար, որոնցից մեկը ենթադրում է մինչև 2030 թվականը վերջ դնել նորածինների և հինգ տարեկանից ցածր երեխաների շրջանում կանխելի մահերին: Երեխաների առողջապահության և կյանքի պահպանման օգտին ներդրումներ կատարելը կարող է նաև նպաստել Կայուն զարգացման այլ նպատակների իրականացմանը, ինչպիսին է, օրինակ, աղքատության վերացումը (ԿԶՆ 1):
 
Զեկույցի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում երկրներին գործնական քայլեր ձեռնարկել ՝ նվազեցնելու անհավասարությունները, այդ թվում՝

  • Ավելի շատ ներդրում կատարել երեխաների մահացության ամենագլխավոր պատճառների կանխման և վերացման օգտին:
  • Բարելավել որակյալ առողջապահական խնամքի հասանելիությունը:
  • Նորարարության միջոցով անհասանելի մարդկանց հասնելու միջոցներ գտնել և
  • Տարատեսակավորել առկա վիճակագրությունը առավել աղքատ երեխաներին գտնելու նպատակով:
  • Ընտանեկան հարցումների ու ազգային տեղեկատվական համակարգերի միջոցով մշտադիտարկել անհավասարությունները:

 
«Լրացնելով բացերը. ամենաաղքատ երեխաների օգտին ներդրում կատարելու զորությունը» զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ:
 
###
 
Հայաստանը նշանակալից արդյունքների է հասել երեխաների առողջական վիճակը բարելավելու հարցում՝ 1990թ-ից կիսով չափ կրճատելով մանկական մահացությունը: Այնուամենայնիվ, նորածնային մահացությունը կամ մահացությունը կյանքի առաջին 28 օրերի ընթացքում կազմում է մանկական մահերի 75 տոկոսը: Մինչև մեկ տարեկանը մահացության ռիսկը բաշխված է անհավասարաչափ՝ նկատելիորեն բարձր լինելով ամենաաղքատ տնային տնտեսությունների, գյուղաբնակ և միայն տարրական կրթություն ստացած մայրերի երեխաների շրջանում:
 
2017-2019թթ. Ռուսաստանի Դաշնության օժանդակությամբ և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատելու է նորածնային վերակենդանացման ծառայությունների և մանկական բուժօգնության բարելավման ուղղությամբ՝ բուժաշխատողներին զինելով անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով առ այն, թե ինչպես միջազգային չափորոշիչներին համահունչ ավելի որակյալ նորածնային ծառայություններ մատուցել, ինչպես նաև՝ մատակարարելու է անհրաժեշտ սարքավորումներ: Գործընկերները նաև մշակելու են տնային այցերի միացյալ համակարգ առաջնային բուժօգնության մակարդակում, ինչը հնարավորություն կտա վաղ բացահայտել նորածինների մոտ առողջական և զարգացման խնդիրները և իրականացնել անհրաժեշտ միջամտություններ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ