26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արարատ Խանդոյանը քաղբանտարկյալ է.պաշտպան

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի գործով դատաքննությունը:

 

Պաշտպանական ճառով հանդես եկավ փաստաբան Արա Ղարագյոզյանը: Նա  միջնորդեց արդարացնել իր պաշտպանյալին: Փաստաբանը նշեց, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է եւ զուրկ ապացույցներից:

«Եթե անգամ եղել են զանգվածային անկարգություններ, պետք է ապացուցել, թե կոնկրետ ինչ գործողություններ է կատարել Արարատ Խանդոյանը, քրեական գործով չի ապացուցվել նաեւ, որ ոտքով հարվածել է Խանդոյանը կամ վահան է խլել, եթե նման բան լիներ, կլիներ նաեւ տուժող, որը կասեր, թե իմ պաշտպանյալը հարվածել է իրեն կամ վահանն է խլել»,- նկատեց պաշտպանը:

Արա Ղարագյոզյանը նշեց, որ տուժող ճանաչված ոստիկաններն էլ դատարանում հարցաքննության ժամանակ ասել էին, որ չեն տեսել ցուցարարների, որոնց մոտ արգելված առարկաներ լինեին, միեւնույն ժամանակ նրանցից եւ ոչ մեկը չէր տեսել Խանդոյանին որեւէ մեկին հարվածելու համ վահան խլելու մասին:

Փաստաբանի խոսքով, հակասություններ կան վկաների ցուցմունքներում: Արա Ղարագյոզյանը հիշեցրեց մի վկայի հարցաքննությունը, երբ վկան դատարանում հայտարարել էր, թե դեպքի օրը ոստիկանների նկատմամբ բռնություն է կիրառել Արայիկ Խանդոյանը:

«Վկային ասել էին` կասես Խանդոյան, բայց թե որ Խանդոյանը` Արայիկ, թե Արարատ, վկային չէին բացատրել: Հետեւաբար, սա նշանակում է, որ այդ վկայի ցուցմունքները չեն կարող արժանահավատ լինել»,- ընդգծեց Արա Ղարագյոզյանը:

Վերջում փաստաբանը ասաց, որ Արարատ Խանդոյանը քաղբանտարկյալ է:

Հաջորդ դատական նիստը կկայանա  հունիսի 27-ին:

Նշենք, որ Արարատ Խանդոյանի համար մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը պահանջել էր 4 տարվա ազատազրկում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը 2016թ. հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Խանդոյանը կալանքի տակ է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ