26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ճաճոյի Էդոյի» հարսը ամուսնուն սպանել է ստիպված. Հայկական Ժամանակ

Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն Ճաճոյի Էդոյի որդու՝ Տիգրան Մարտիրոսյանի կողմից կնոջը` Լիանա Կիրակոսյանին, տարիներ շարունակ բռնության ենթարկելն ավարտվեց սպանությամբ:  Լոռու Մարզի Գուգարք գյուղի իրենց առանձնատանը Լիանա Կիրակոսյանը մի քանի անգամ կրակել էր ամուսնու ուղղությամբ եւ սպանել: «Կանանց ռեսուրսների կենտրոն ՀԿ-ի հոգեբան Սիրանուշ Դավթյանը Լիանա Կիրակոսյանի արարքը որակում է ինքնապաշտպանություն:

«Այս պարագայում կինը եղել է ընտանեկան բռնության զոհ, եւ ես հասկանում եմ, որ դա շարունակվել է մի քանի տարի: Կանայք հիմնականում լռում են եւ չեն բարձրաձայնում այն մասին, որ իրենք բռնության են ենթարկվում, բայց 2010 թվականից սկսած կանայք սկսել են բողոքել, քանի որ հասկացան՝ կան մարդիկ, ովքեր պատրաստ են այդ հարցում իրենց աջակցել: Մեզանից ոչ մեկը չգիտի, թե ինչ հուզական վիճակում է գտնվել կինը կամ ինչերի միջով է անցել, բայց մեկ բան հստակ է, որ նա բռնության ենթարկված անձ է»,- ասում է հոգեբանը:

Կանայք հիմնականում խուսափում են իրենց իրավունքների ոտնահարման մասին բարձրաձայնելուց:  Հասարակությունում առկա է կարծրատիպ, որ հայ կինը պետք է իր խնդիրները չդարձնի հանրային քննարկման թեմա:

«Կա մի հասկացություն, որ կինը պետք է իր ներքին խոհանոցը չտանի արտաքին խոհանոց: Հասարակությունն էլ է նպաստում, որ կինը չի խոսում իր խնդիրների մասին: Կա կարծիք, որ չի կարելի բաժանվել եւ վերադառնալ հայրական տուն: Շատ դեպքերում էլ կանայք չեն տիրապետում իրենց իրավունքներին, լռում են`  հանուն երեխաների, որ չասեն երեխաները մեծանում են անհայր»,- ասում է հոգեբան Սիրանուշ Դավթյանը:

Հոգեբանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով քրեական հեղինակություն Ճաճոյի Էդոյի որդու կնոջ արարքին, դժվարանում է պատասխանել, թե նա արդյո՞ք իր իրավունքները փորձել է պաշտպանել գիտակցված:

«Կողքից դիտարկելով՝ չենք կարող ասել, որ այդ կինը գիտակցորե՞ն է գնացել այդ քայլին, թե՞ անգիտակցորեն, բայց փաստը մնում է այն, որ նա ինքնապաշտպանվել է: Ինքնապաշտպանության ժամանակ իր հուզական վիճակի մասին ես գնահատական չեմ կարող տալ, քանի որ նրա հետ չեմ զրուցել: Եթե խոսենք աֆեկտիվ վիճակի մասին, ապա կարող ենք ասել, որ աֆեկտիվ վիճակում գտնվող մարդը երբեք չի գիտակցում, թե ինքը քանի անգամ է կրակում կամ խփում: Յուրաքանչյուր կնոջ հուզական վիճակ այդ պահին տարբեր է լինում, այդ իսկ պատճառով չենք կարող հստակ գնահատական տալ»,- նշում է նա:

Որոշ իրավապաշտպան ՀԿ-ների հրապարակումների համաձայն՝ տարեցտարի Հայաստանում աճում է կանանց բռնության ենթարկելու դեպքերը: Սրան զուգահեռ կանայք շարունակում են լռել: Հոգեբան Սիրանուշ Դավթյանը կարծում է, որ անհատական օրինակներով, մասնավորապես Ճաճոյի Էդոյի որդու եւ կնոջ դեպքը չի կարող նախադեպային փոփոխությունների առիթ դառնալ, որ կանայք սկսեն բարձրաձայնել իրենց խնդիրների մասին:

«Նախադեպի մասին չենք կարող խոսել այնքանով, քանի ոչ չգիտենք, թե այս դեպքի մասին քանի կին տեղեկացավ կամ տեղեկացողները ինչպե՞ս իմացան: Ես կարեւորում եմ կանանց իրենց սեփական իրավունքների մասին իրազեկելը»,-եզրափակում է հոգեբանը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ