24 Սեպտեմբերի, Կիրակի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Երեք հայ բժիշկներ մեկնել են Սուդան՝ ժամանակավորապես փոխարինելու Թոմ Քաթինային եւ շարունակելու նրա մարդասիրական գործունեությունը

1200x480_5
Սուդանի հարավում գտնվող Նուբա լեռներ հասնելը հեշտ չէ: Տեւական պատերազմի ու աղքատության պայմաններում այս բնակավայրի հարյուր հազարավոր բնակչությունն անվերջ տառապանքների մեջ է: Ողջ շրջանին սպասարկող «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժ Թոմ Քաթինան տարիներ շարունակ այս ամենի ականատեսն է, ով Սուդան էր ժամանել խաղաղության ժամանակ, բայց չլքեց մարդկանց 2011թ. սկսված քաղաքացիական պատերազմից հետո, գրում է auroraprize.com-ը։ 
 
Ամերիացի բժիշկ Թոմը, որ միայն խիստ անհրաժեշտության դեպքում է թողնում Նուբայի լեռները, ժամանում է Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակի միջոցառումներին: Նուբայի բնակիչները, սակայն, անօգնական չեն մնա: Երեք հայ բժիշկներ մեկնել են Նուբայի լեռներ՝ ժամանակավորապես փոխարինելու Թոմ Քաթինային եւ շարունակելու նրա բացառիկ մարդասիրական առաքելությունը, որի շնորհիվ բազմաթիվ մարդիկ են փրկվել:
  
story image

 
Գնդապետ Գեւորգ Ոսկանյանը, մայոր Հայկ Հովհաննիսյանը եւ Արմինե Բարխուդարյանը, ովքեր տարիներ շարունակ ծառայում են խաղաղությանը, ոչ մի րոպե չեն վարանել, երբ իմացան, որ իրենց կարիքը կա՝ թեկուզ աշխարհից կտրված մի վայրում:
 
«Սա իմ առաջին առաքելությունը չէ: Ես երկու անգամ եղել եմ առաքելության հայկական խաղաղապահ զորքերի բրիգադի կազմում Աֆղանստանում 2010 եւ 2013 թվականներին, – պատմում է մայոր Հայկ Հովհաննիսյանը, որը  Հայաստանի Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետի տեղակալն է, –  որոշում կայացնելը չերկարեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը՝ ինչի շրջանակում է այցը, ինչի համար ես դու պետք: Հրաժարվելն ինձ համար ուղղակի ընդունելի չէր լինի»:
 
story image

 
                                Հայկ Հովհաննիսյան եւ Գեւորգ Ոսկանյան
 
«Բժշկի գործունեությունը մի շատ կարեւոր ասպեկտ ունի, որը մարդասիրությունն է: Բավարար չես համարում հանգիստ, խաղաղ պայմաններում աշխատել, երբ որ տեսնում ես նվիրյալներ կան, որոնք անկախ ազգից պատրաստ են ամենավտանգավոր պայմաններում ծառայել», – ասում է փոխգնդապետ Գեւորգ Հովհաննիսյանը, Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետը, որն արդեն 23 տարի ծառայում է Հայաստանի զինված ուժերում՝ որպես ռազմական բժիշկ:
 
Գեւորգ Ոսկանյանին եւ Հայկ Հովհաննիսյանին Սուդանում կմիանա Արմինե Բարխուդարյանը. մի քանի ամիս է նա մարդասիրական առաքելությամբ մեկնել է Քենյա՝ աշխատելու Մալինդի քաղաքի հիվանդանոցում, ուր իր կարիքը շատ էր զգացվում: «Թոմ Քաթինայի պատմությունը շատ ոգեշնչող է՝ սկզբից մինչեւ վերջ, չգիտեմ՝ որ պահն առանձնացնեմ: Նա էլ է բժիշկ, ես էլ, ու երբ դիտում էի հեռուստացույցով, ինձ համար ծանր էր գիտակցել այն փաստը, թե ինքը որտեղ է հիմա, ու ես որտեղ եմ՝ որպես բժիշկ: Նույն մասնագիտությամբ մարդն իր կյանքն է վտանգում, մի բժիշկ այդքան հիվանդ է սպասարկում, ծանր պայմաններում է ապրում, պատերազմի մեջ, իսկ ե՞ս», – ասում է Արմինե Բարխուդարյանը: 
 

 

story image

 
                                                      Արմինե Բարխուդարյան
Երեք հայ բժիշկները  հիմա սպասարկում են  Նուբա լեռներում ապրող մարդկանց. նրանց համար մարդկային կյանքն առաջնային է, իսկ երազանքը մեկն է՝ խաղաղությունը: 
«Բժիշկի համար շատ կարեւոր է այն զգացողությունը, որ մարդու կյանք է փրկում: Դա մի ներքին ուժ է, որ ոչնչով չես կարող փոխարինել, երբեմն բառերով անհնար է նկարագրել», – ասում է բժիշկ Ոսկանյանը: 
«Ժամանակի ընթացքում հասկանում ու գնահատում ես ռիսկերը, երբ որ հասունանում ես որպես մասնագետ, երբ տեսնում ես քո մասնագիտության անհրաժեշտությունն այնտեղ, որտեղ այդ ռիսկերը կան, – զինվորական սթափությամբ ասում է Հայկ Հովհաննիսյանը, – մենակ չես այնտեղ, կան մարդիկ ում պետք է օգնես, որոնց առողջության պատասխանատվությունը դրված է քո ուսերին: Հենց դրանով էլ մոտիվացվում ես»:
Սուդանի հարավում գտնվող Նուբա լեռներ հասնելը հեշտ չէ, սակայն երբ առաքելությունդ մարդկանց անօգնական չթողնելն է, երբ կա անհրաժեշտություն աջակցելու մերօրյա հերոսին, եւ երբ նրան երախտագիտություն հայտնելու լավագույն ձեւն այլոց օգնելն է, ճանապարհներն ու ժամանակը խոչընդոտ չեն: Բժիշկներ Բարխուդարյանը, Հովհաննիսյանն ու Ոսկանյանը հենց այս գիտակցումով Սուդանում ծառայում են «Գթության մայր» հիվանդանոցում:
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ