27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կարեն Կարապետյանը կմարսի՞. Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ապրիլի 27-ի նիստում սոցապնախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարել է ինն ամիս հետո ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի բարեփոխված նախագիծ, որի նպատակը պետք է լինի աշխատանքային պայմանների բարելավումն ու աշխատողների իրավունքների պաշտպանությունը:

Հայաստանում աշխատաշուկայի ներկայիս վիճակի պարագայում Աշխատանքային օրենսգրքի հարցը ոչ միայն հրատապ է, այլև նույնիսկ ուշացած: Տվյալ պարագայում, սակայն, խնդիրն այն է, թե օրենսգրքի առկայությունից զատ՝ ինչպիսին է լինելու դրա կիրառումը: Խնդիրն այն է, որ այժմ էլ օրենսգիրքը ըստ էության զգալի հնարավորություն տալիս է աշխատաշուկայում հասնելու մի վիճակի, որտեղ գործատու-աշխատող հարաբերությունը համահունչ կլինի իրավական, քաղաքացիական հասարակության և պետության մակարդակին: Մինչդեռ այժմ այդ հարաբերությունը ավելի շատ հիշեցնում է ֆեոդալ և ճորտ, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ ստրկատեր և ստրուկ հարաբերություն: Իհարկե, այդ ամենը բարեբախտաբար ոչ միշտ ունի ֆիզիկական դրսևորում, սակայն բնույթի, էության առումով իրավիճակը, դժբախտաբար, այդպիսին է զգալի մասով:

Հետևաբար այն, իհարկե, պետք է փոխվի, սակայն թղթի վրա փոփոխությունը դեռ ամենևին բավարար չէ իրական փոփոխության համար՝ հատկապես հաշվի առնելով այն, որ առկա իրավիճակի պատճառը քաղաքական է՝ Հայաստանում խոշոր կապիտալի և քաղաքականության սերտաճումը, երբ քաղաքական որոշումներ կայացնողը այն մարդիկ են, որոնք էլ նաև հիմնական, խոշոր գործատուներն են: Աշխատակիցները այդ պարագայում նրանց համար վարչական ռեսուրս են քաղաքական իշխանության հասնելու կամ այդ իշխանությունը վերարտադրելու ճանապարհին:

Այդ իրավիճակի վառ վկայությունը խորհրդարանի ընտրությունից հետո տարածված ձայնագրությունն էր «ՍԱՍ գրուպի» աշխատակիցների ժողովից, որտեղ քննարկվում էր սեփականատեր Արտակ Սարգսյանի՝ «ՍԱՍ-ի Արտակի» համար ձայն բերելու խնդիրը: Այդ ձայնագրության ֆոնին Կարեն Կարապետյանի հանձնարարությունը դառնում է առավել ուշագրավ՝ ստանալով նոր երանգ՝ ինտրիգի իմաստով:

Այդ հանձնարարությամբ ըստ էության ստացվում է «Կարեն Կարապետյանն ընդդեմ ՍԱՍ-ի Արտակի» իրավիճակ: Բայց «ՍԱՍ-ի Արտակն» այս դեպքում արդեն համակարգային երևույթ է, այսպես ասած՝ խոշոր կապիտալի մի մասի հավաքական կերպարը կամ շահերի հավաքական արտահայտումը:

Եթե Կարեն Կարապետյանն իսկապես մտադիր է արմատապես վերանայել Աշխատանքային օրենսգիրքը և պաշտպանել աշխատողների իրավունքները, ապա դա նշանակում է լրջորեն խարխլել, այսպես ասած, օլիգարխիկ սեգմենտի «քաղաքական վերարտադրության» հիմքերը: Մինչդեռ ամենաուշագրավն այն է, որ ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված էր հենց այդ սեգմենտը, և հենց այդ սեգմենտն է ձայն բերել ՀՀԿ-ին 50+1 մեծամասնություն ստանալու համար: Եվ այդ ձայների զգալի մասը բերվել է նաև հենց ներկայիս «աշխատանքային օրենսգրքի» պայմանների շնորհիվ՝ բառի, այսպես ասած, պատկերավոր իմաստով:

Հետևաբար ստացվում է, որ վարչապետը հանձնարարում է կտրել այն ճյուղերից մեկը, որի վրա վերարտադրվել է ՀՀԿ-ն, և որի վրա նստած է այդ վերարտադրության կարևոր սեգմենտը՝ օլիգարխիայի գոնե մի մասը: Այդ մասը գնալու է նաև խորհրդարան, թեև դեռ պարզ չէ, թե հատկապես՝ ով: Իսկ Աշխատանքային օրենսգիրքը պետք է հաստատվի հենց խորհրդարանում, որտեղ ՀՀԿ խմբակցության ստատուս քվոյի հարցը առ այսօր մնում է բաց:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ