26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ տնտեսական առաջարկներով են մասնակցում քաղաքական ուժերն ընտրություններին

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ու դաշինքները խոստանում են բարձրացնել կենսաթոշակներն ու աշխատավարձերը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին հատկացնել պետական աջակցություն, ներգրավել մեծ ներդրումներ տնտեսությունը զարգացնելու համար, ամրապնդել սփյուռքի հետ գործարար կապերը, վերահսկել հանքարդյունաբերության ոլորտը, հարկման դաշտ բերել ստվերային տնտեսությունը եւ անգամ դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից ու ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել:

Այս խոստումները ներառված են ընտրություններին մասնակից ինը քաղաքական ուժերի ընտրական ծրագրերում, եւ ընտրողների վստահությունը ստանալու ու իշխանության ղեկը ստանձնելու պարագայում նրանք խոստանում են կարճ ժամանակահատվածում իրողություն դարձնել այդ դրույթները:

««Ծառուկյան» դաշինքը ներկայացրել է քաղաքացիներին 15 կետերից բաղկացած գործողությունների հստակ պլան: Դրանք շատ իրատեսական են, եթե բարձրացվի Հայաստանում կառավարման համակարգի արդյունավետությունը, հարկվի ստվերային տնտեսությունը, բարձրացվի արտադրողականությունը: Անգամ ստվերային տնտեսության մի փոքր հատվածի կրճատման դեպքում «Ծառուկյան» դաշինքի 15 դրույթները շռնդալի կերպով կիրականացվեն», – հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ում ներկայացրած քաղաքական բլոկի առաջնորդը Հայաստանի ամենահարուստ եւ ազդեցիկ մարդկանցից մեկն է:

Թեպետ դաշինքի 15 կետերից բաղկացած նախընտրական պլատֆորմում սահմանված են կոնկրետ ժամանակահատվածում աշխատավարձերի բարձրացման հստակ նշաձողեր, սակայն Բոստանջյանը, չի կարծում, որ ընտրական ծրագրի իրականացման համար ժամանակահատված նշելը ճիշտ է: «Սա տնտեսություն է եւ կառավարման համակարգ, որը շատ բարդ մեխանիզմներ ունի: Երբ մտնում ես դրա մեջ, պետք է գործողություններ կատարել, սպասել արդյունքների եւ այլն: Ուստի ով իր ծրագրի համար կոնկրետ ժամանակ է նշում, նա կարող եմ ասել, որ այն չի իրականացնելու», – ասաց Բոստանջյանը: Հարցին` թե այդ դեպքում դաշինքն ինչպե՞ս է նախատեսում 2018 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ, որը ներառված է վերջինիս 15 կետերում, Բոստանջյանը նշեց. «Հնարավոր է, եւ չհասցնի»:

«Մեդիա կենտրոնում» մարտի 9-ին Վարդան Բոստանջյանի,  «Հայկական վերածնունդ» կուսակցություն, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի, «ԵԼՔ» դաշինք Գևորգ Գորգիսյանի, «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինք Անդրանիկ Գրիգորյանի, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն Սուրեն Պարսյանի եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն Նարեկ Այվազյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Ի՞նչ տնտեսական առաջարկներով են մասնակցում քաղաքական ուժերն ընտրություններին» թեմայով քննարկում: Քնարկմանը հրավիրված էին ներկայացուցիչներ նաեւ իշխող ՀՀԿ եւ ընդդիմադիր ՀԱԿ կուսակցություններից, սակայն նրանք տարբեր պատճառաբանություններով չմասնակցեցին միջոցառմանը: ՀՀԿ-ից «Մեդիա կենտրոնին» ընդհանրապես պաշտոնապես հայտնել են, որ նախընտրական փուլում չեն մասնակցելու որեւէ քննարկման:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունից Սուրեն Պարսյանն ընդգծեց, որ իշախանական կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ը շարունակում է դեմ լինել պարտադիր կենսաթոշակային համակարգին: «Մենք դեմ ենք պարտադիր կենսաթոշակային համակարգին և ունենք մշակված ավելի արդյունավետ կենսաթոշակային համակարգ», – չնեկայացնելով մանրամասները՝ հայտարարեց Պարսյանը: Նրա խոսքով, ՀՅԴ-ը մասնակցում է ընտրություններին, որպեսզի կյանքի կոչի նաեւ այս պահին կառավարության օրակարգում գտնվող մի շարք ծրագրեր: «Մենք արդեն սահմանել ենք մի քանի մլրդ դոլարի հասնող ներդրումային ծրագրերի փաթեթներ, որոնք պետք է կյանքի կոչվեն», – ասաց բանախոսը:

Ընդդիմադիր «Հայկական վերածնունդ» կուսակցությունը շեշտը դնում է երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային վարկավորման գործընթացքի վերափոխման վրա: «Անհրաժեշտ է վերացնել 30 տոկոս կանխավճարը, ինչպես նաեւ նվազեցնել վարկավորման տոկոսադրույքները, որոնք տարածաշրջանի մակարդակով ամենաբարձրերից են», – Վիլեն Խաչատրյանը՝ հավելելով, որ ըստ իրենց ծրագրի՝ ընթացիկ խնդիրները լուծվելու են 1 տարում, միջինաժամկետ խնդիրները՝ 3-5 տարում, իսկ մեծ գլոբալ խնդիրների համար անհրաժեշտ են 10 և ավելի տարիներ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ընդհանրապես առաջարկում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից ու սկսել բանակցել Եվրամիության հետ անդամակցության հարցով: «Մենք գտնվում ենք մի կոռումպացված համակարգում, որից դուրս գալու պարագայում կարող ենք զարգացնել տնտեսություն, սկսել բանակցել եվրամիության հետ անդամակցության ուղղությամբ եւ ներդրումներ ներգրավվել այնտեղից», – կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը՝ հավելելով, որ քաղաքական ուժը նախատեսում է նաեւ ՏՏ ոլորտի պետական ֆինանսավորում, ինչպես ՀՀ-ում և Արցախում հիմնելու է 20-ից ավել ինովացիոն կենտրոններ:

«Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքը շեշտը դնում է սփյուռքի հետ հարաբերությունների խորացման եւ արտասահմանյան ներդրումների ներգրավման վրա: Բացի այդ տնտեսության ոլորտում կառավարման արդյունավետությունն է ցանկանում բարձրացնել: «Մեր ծրագրային կետերից մեկն է նաեւ, որ մեծ սուպերմարկետները չաշխատեն ժամը 21:00-ից հետո, որպեսզի հնարավորություն տան փոքր խանութներին աշխատել», – ասաց դաշինքի ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը:

Հանքարդյունաբերության վրա վերասհկողության սաստկացման տեսանկյունից լուրջ շեշտադրում է խոստանում իրականացնել «ԵԼՔ» դաշինքը: «Մենք պլանավորում ենք հանքարդյունաբերության վրա լուրջ շեշտադրում անել վերահսկողության տեսանկյունից, համաչափ զարգացման համար կգոտիավորվի երկիրը և մարզերի համար կսահմանվի առանձին ԱԱՀ», – ընդգծեց դաշինքի ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ