19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մարտահրավերները պահանջում են լինել խելացի և կիրթ. Կարեն Կարապետյանն ուսանողներին հանձնել է կրթաթոշակի հավաստագրեր

Հանրապետության բուհերի 745 ուսանող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից ստացել է ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր։ Հավաստագրերն ուսանողներին է հանձնել վարչապետ Կարեն Կարապետյանը։

Երիտասարդական հիմնադրամը պետական բուհերի բակալավրիատի առկա ուսուցման համակարգի առաջին կուրսում սովորողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացնում է ՀՀ կառավարության աջակցությամբ։ Մրցույթի արդյունքում ուսման վարձի փոխհատուցում են ստացել սոցիալապես անապահով ընտանիքների, երրորդ խմբի հաշմանդամություն, սահմանամերձ համայնքների, ինչպես նաև գերազանց առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող ուսանողները։ Ուսման վարձի փոխհատուցում է ստացել նաև զինծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած 11, ինչպես նաև՝ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած 5 ուսանող։ Ծրագրում ներգրավված են նաև մարզերում գործող բուհերի ուսանողները:

Շնորհավորելով ուսանողներին կրթաթոշակ ստանալու կապակցությամբ՝ վարչապետն իր խոսքում անդրադարձել է կառավարության գործունեությանը և նշել, որ գործադիրն ախտորոշել է բոլոր ոլորտների խնդիրները, ձևակերպել տեսլականն ու այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն: «Հորիզոնը, որը մեզ համար ձևակերպել ենք՝ շատ ամբիցիոզ է, վստահ ենք, որ որոշ ժամանակ անց ունենալու ենք մի երկիր, որով բոլորս հպարտանալու ենք: Մեր տարածաշրջանը, այն մարտահրավերները, որ ունենք, դրդում են մեզ, պահանջում, դարձնում հրամայական՝ լինել խելացի և կիրթ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ շահագրգռված է, որպեսզի ուսանողները շարունակեն գիտելիք ստանալ, կրթվել և այդպիսով մոտիվացնեն մյուսներին: Գործադիրը հետազոտություններ է կատարել, թե ինչ պետք է անել, որպեսզի տնտեսությունը զարգանա: «Կրթված զանգվածը մեր հասարակության մեջ բավականին մեծ է, բայց այն արդյունավետությունը, որ այսօր ունենք, չի բավարարում: Հետևաբար, մեր խնդիրն ու  հրամայականն է՝ բուհական համակարգը դարձնել ժամանակակից, որը կարձագանքի շուկայի պատվերներին: Այդ առումով, չափազանց շահագրգռված եմ, որ շարունակեք նույն տեմպերով, կարողանաք ձեր վերաբերմունքը գիտելիքի, ուսման նկատմամբ վարակի նման տարածել, լինեք հայրենասեր և սիրեք ձեր երկիրը»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ շահագրգռված է նաև, որպեսզի երիտասարդները ցուցաբերեն քաղաքացիական ակտիվություն, լինեն հանդուրժողական մեկը մյուսի նկատմամբ, բայց անհանդուրժող՝ անարդարության հանդեպ:

«Մենք իրականում ունենք ունիկալ շանս՝ լինելով ավանդապաշտ, հարգելով մեր պատմությունը, կրթվելով՝ լինել բաց, տոլերանդ և ժամանակակից: Նորից շնորհավորում եմ բոլորիդ, հուպ տվեք, լավ եղեք, մենք ձեր կարիքը զգում ենք»,- ասել է վարչապետը:                  

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ