27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՀ-ում տեղի է ունեցել ԵՄ խորհրդատվական խմբի Խորհրդի 13-րդ նիստը

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Եվրամիության խորհրդատվական խմբի Խորհրդի հերթական` 13-րդ նիստը:

Նիստին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ Նախագահի գրասենյակից, կառավարությունից եւ Ազգային ժողովից, ներկայացուցիչներ ԵՄ անդամ պետությունների դեսպանատներից, միջազգային կազմակերպություններից եւ ՄԱԶԾ-ից:

Բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշել է. “Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգացում են ապրում: Վերջերս ստորագրվել է վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրերը, ինչը չափազանց մեծ նշանակություն ունի ՀՀ քաղաքացիների համար: Հուսով եմ` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Եվրոպական խորհրդարանը եւ ՀՀ Ազգային ժողովը կվավերացնեն անհրաժեշտ փաստաթղթերը: Հաջողությամբ են ընթանում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ ընթացող բանակցությունները, դրական զարգացումներ են արձանագրվել անվտանգության, արդարադատության, ազատության ոլորտներում: Եվրոպական Միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի՝ Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ նաեւ արձանագրեցինք, որ էական առաջընթաց կա, եւ որ մոտեցել ենք 2013թ-ի նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում նախաստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, հետեւաբար Խորհրդատվական խումբը մեծ աշխատանքներ ունի կատարելու առաջիկայում”:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան եւս ընդգծեց, որ Ասոցացման համաձայնագրի եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ ընթացող բանակցությունները նոր թափ են ստացել. “Շտեֆան Ֆյուլեի այցը Հայաստան նոր թափ է հաղորդել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ արդեն իսկ ինտենսիվ ընթացող երկխոսությանն ու համագործակցությանը: Այցը վերստին ցույց տվեց, որ ԵՄ-ն պատրաստ է օժանդակել եւ խթանել Հայաստանում իրականացվող համապարփակ բարեփոխումները”:

Ըստ դեսպանի, Եվրամիության հետ սերտ համագործակցությունը ոչ միայն մեծ հնարավորություն կընձեռի շուկաների հասանելիության, մարդկանց տեղաշարժի, համագործակցության առումով, այլ նաեւ դրանք իրացնելու հնարավորություն կտա:

Հրիստեան խոսեց նաեւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը վերջնական տեսքի բերելուն մոտ լինելու մասին:

ԵՄ խորհրդատվական խումբը ներկայացրել է իր կիսամյակային հաշվետվությունը (2013թ. հունվար-հունիս ամիսների), ինչպես նաեւ հաջորդ կիսամյակի կարիքների գնահատման փաստաթուղթը եւ աշխատանքային ծրագիրը: Խորհուրդը քննարկել է Խորհրդատվական խմբի հունվարից հունիս իրականացրած աշխատանքները եւ նշել բարեփոխումների առաջընթացի մասին: Խորհուրդը նաեւ, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել 2013 թվականի մինչեւ այժմ իրականացված աշխատանքները:

Խորհրդին ներկայացվել է 2013 թվականի Կարիքների գնահատման հաշվետվությունը, որտեղ հստակ ներկայացված են հույժ կարեւոր խնդիրները եւ դրանց արձագանքման տարբերակները կառավարության եւ գործընկեր մարմինների համար: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ