27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հանգիստ եղեք, մենք էստեղ ենք…բանակային Ամանորից

Ժամանակավոր զինծառայող Դավիթ Գաբրիելյանն, արդեն  1 ու կես տարի է, որ ծառայում է Հայոց բանակում, և արդեն երկրորդ անգամն է՝ Ամանորը նշում է տնից հեռու՝ զորամասում: Վերջերս զինվորը լավ ծառայության համար ստացել էր զորամասից բացակայելու թույլտվություն, և Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, թե ինչպես են զորամասում նշում Ամանորը: «Իհարկե, ասում են՝ Նոր տարին ընտանեկան տոն է, սակայն բանակն էլ մեր ընտանիքն է: Իմ զորամասն էլ իմ մեծ ընտանիքն է: Իհարկե, այնպես չենք նշում, ինչպես տներում, բայց չգիտեմ՝ կհավատաք, թե չէ, մի տեսակ ավելի քաղցր է նշվում զորամասում:

Կարոտո՞ւմ ենք, անպայման, կարոտում ենք, բայց այդ զգացումը միշտ էլ կա, միշտ էլ կարոտում ես, ծառայությունից հետո էլ բանակային ընկերներին ենք կարոտելու: Կարևորը, որ սիրով ենք անցկացնում Նոր տարին»,-ասում է մեր զրուցակից զինվորը:

Ոգելից խմիչքի փոխարեն տղաները հույսով են շնորհավորում միմյանց, տոնական օրերին իրենց սեղաններն էլ հատուկ տոնական կերակրատեսակներն են զարդարում: Չնայած Դավիթի խոսքով՝ այս ամենն այնքան անկարևոր է, կարևորը, որ քեզ հպարտ ես զգում: «Մեծամտություն թող չթվա, բայց ոչ միայն երջանիկ եմ, այլև հպարտ, որ ընտանիքս, ամբողջ ազգս հանգիստ տոնում է, և մենք ապահովում ենք դա: Հպարտ եմ, որ էսպիսի բանակ ունենք. մինչև զորամաս հասնելը մտածում էի, շատ էի անհանգստանում, բայց ծառայության ընթացքում պատասխանատվություն, հպարտություն, երբեմն հուզմունք քո իսկ ունեցած դերից, այս զգացողություններն են գալիս, սրանք են, որ սկսում ես կարևորել»:

Դավիթն ասում է նաև, որ տոներից առաջ սկսում են զորամասը զարդարել, տոնածառ դնել, հյուրեր են ունենում բարձրաստիճան սպաներից, իրենց հարազատներից:

«Երկար եմ սպասել, որ զորամասում Ամանոր նշեմ, ուզում էի հասկանալ՝ ինչպես է դա լինում: Անհամբեր սպասում էի: Տղաներն ասում են, որ դա լրիվ տարբերվում է տանը դիմավորելուց: Ճիշտ են»,-ժպիտով ասում է զինվորը:

Նա նաև վստահեցնում է՝ ոչ մի զինվոր իր զգոնությունը չի կորցնում այս օրերին: «Թշնամին թող չմտածի, թե զգոնությունը կորցնում ենք, չէ, հակառակը՝ այս օրերին ու ավելի ճիշտ՝ միշտ ենք զգոն: Թող փորձվեն, ու ողջ-առողջ ոչ մեկը հետ չի գնա մոր հողի վրայից, թե դիվերսիա անեն նորից:

Օգտվելով առիթից՝ նաև կուզեմ շնորհավորեմ: Ազգիս խաղաղություն եմ մաղթում»,-ասում է նա և հավելում. «Հանգիստ եղեք, մենք էստեղ ենք»:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ