26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աստծուն մոտենալու ամենակարևոր և առաջին քայլը

«Նմանվեցեք Աստծուն, որպես սիրելի զավակներ, և ընթացեք սիրով,  ինչպես որ Քրիստոս սիրեց մեզ և իր անձը մատնեց մեզ համար որպես  անուշահոտ պատարագ և զոհ Աստծուն» (Եփես․ 5։ 1-2)

Այս խոսքը ես վերցրել եմ Պողոս Առաքյալի Եփեսացիներին գրած նամակի 5-րդ գլխի 1-2 համարներից, ուր Հիսուս մեզ խրատում է նմանվել Աստծուն։

Հետաքրքիր է, իսկ մենք ինչպե՞ս պիտի կարողանանք նմանվել Աստծուն։ Իմ բնաբանում, Պողոս Առաքյալը հստակ ասում է․ «Նմանվեցեք Աստծուն, որպես սիրելի զավակներ, և ընթացեք սիրով, ինչպես որ Քրիստոս սիրեց մեզ»։

Ուրեմն, նմանությունը Աստծու հետ միմիայն կարող է լինել սիրով, քանի որ Աստված Քրիստոսի միջոցով սիրեց մեզ Նրան ուղարկելով մեր մեղքերի փրկության համար։ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա,  որովհետև Աստված իր Որդուն աշխարհ ուղարկեց ոչ թե նրա համար, որ դատապարտի աշխարհը, այլ որպեսզի փրկի աշխարհը։ Ով հավատում է նրան, չի դատապարտվի, իսկ ով չի հավատում նրան, արդեն իսկ դատապարտված է՝ Աստծու միածին Որդուն չհավատալու համար» (Հովհ․3.16-18), ասում է Հովհաննես Ավետարանիչը։

Աստծուն նմանվելու ու նրա ճանապարհով ընթանալու համար, հեռու պիտի մնանք կյանքի սխալ արարքներից՝ պոռնկությունից, խաբեբայությունից, ստախոսությունից, ագահությունից, դրամասիրությունից, կռապաշտությունից, ավազակությունից։ Աստված մեզ զգուշացնում է, որ հեռու մնանք այսպիսի բաներից ու մասնակից չլինենք ինչ պարագայում էլ, որ լինի.

«Ուրեմն,- շարունակում է Պողոս Առաքյալը Եփեսացիներին ուղղած իր նամակում,- նրանց մասնակից մի եղեք, որովհետև թեպետև մի ժամանակ խավար էիք, հիմա լույս եք ի Տեր․ ընթացեք ինչպես լուսո որդիներ, քանզի լուսո պտուղներն են բարությունը, արդարությունը և ճշմարտությունը» (Եփես․ 5։7-9)։

Հարց է ծագում, թե՝ «Ի՞նչ է Աստծուն մոտենալու ամենակարևոր և առաջին քայլը»։

Աստծուն նմանվելու և Նրան մոտենալու առաջին և ամենակարևոր քայլը մարդուն սիրելն է։ Մարկոս Ավետարանիչը 12-րդ գլխի 28-34 համարներում պատմում է, թե մի օր՝ «Օրենսգետներից մեկը, մոտենալով, լսում էր նրանց, մինչ վիճում էին, երբ նա տեսավ, թե Հիսուս նրանց պատասխանը լավ տվեց, հարցրեց նրան և ասաց. «Ո՞ր պատվիրանն է առաջինը»:

Եվ Հիսուս ասաց նրան. «Ամենից առաջինն է՝… մեր Տեր Աստվածը միակ Տերն է, եւ դու պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ», սա է առաջին պատվիրանը: Եվ երկրորդը նման է սրան. «Դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պես» չկա ուրիշ պատվիրան աւելի մեծ, քան սրանք»: Եվ օրենսգետը նրան ասաց. «Լավ է, Վարդապետ, ճշմարտությամբ ասացիր, թե Աստված մեկ է, և բացի նրանից, ուրիշ Աստված չկա, և նրան ամբողջ սրտով, ամբողջ զորությամբ ամբողջ մտքով սիրելը, ինչպես և ընկերոջն իր անձի պես սիրելը առավել է, քան ողջակեզները և զոհերը»:

Եվ Հիսուս տեսնելով, թե նա իմաստությամբ պատասխան տվեց, նրան ասաց. «Հեռու չես Աստծու արքայությունից»: Եվ այլևս ոչ ոք չէր համարձակվում նրան բան հարցնել» (Մարկոս 12:28-34):

Այս պատմությունը հետաքրքիր է․

Օրերից մի օր մի ճամփորդ մոտենում է հոգևոր հովվին ու ասում, որ ցանկանում է ապրել հոգևոր և ճգնակյաց կյանքով: Խոհեմ և երկար տարիներ ճգնակյաց կյանքով ապրող հովիվը մեղմ ժպտալով ասում է. «Որդիս, իսկ դու երբևէ որևէ կնոջ սիրե՞լ ես»:

«Ոչ, Դուք ինձ սխալ հասկացաք, ես ասում եմ, որ ինձ բացարձակ չի հետաքրքրում աշխարհիկ կյանքը, ես ուզում եմ ինձ ամբողջովին նվիրել Աստծուն և ապրել միմիայն հոգևոր կյանքով»,-բողոքում է ճամփորդը:

«Որդիս, խնդրում եմ՝ լսիր ինձ ուշադիր, ես հարցնում եմ. դու քո կյանքի ընթացքում արդյոք չե՞ս սիրել որևէ կնոջ կամ գոնե երեխայի, մի՞թե դու ոչ ոքի չես սիրել»:

«Ախր, ես պարզ ասում եմ, որ աշխարհիկ կյանքն ինձ չի հետաքրքրում, ինձ ոչինչ պետք չէ այս ունայն աշխարհից, որտեղ ամեն հարաբերության մեջ մի օր կեղծիք է ծլում, որտեղ մարդիկ ավելի շատ իրենց շահն են հետապնդում, քան միմյանց հարգելն ու սիրելը, որտեղ մարդիկ օրվա հացը վաստակելու համար ուրանում են ամեն մի սրբություն, որտեղ մարդիկ իրենք էլ են հոգնել իրենցից: Ախր, ես ինչպե՞ս կամ ինչո՞ւ սիրեմ նրանց, ոչ, ես ուզում եմ բարձրանալ լեռները, առանձնանալ ու ինձ լիովին նվիրել Աստծուն»:

«Ետ վերադարձիր աշխարհ, փորձիր սիրել մարդկանց. դա է Աստծուն մոտենալու ու նմանվելու առաջին քայլը»,-պատասխանում է Հովիվը:

Աստված սեր է։ Եվ եթե մենք ուզում ենք նմանվել Նրան, պետք է սիրենք ոչ միայն Աստծուն, այլև մարդկանց՝ մեր ծնողներին, մեր ընտանիքը, մեր ընկերներին, մեր Հայրենիքը, մեր Եկեղեցին, մի խոսքով երկրի վրա Աստծու ստեղծած ապրող ու շնչող մարդկանց։ Տիրոջ պատգամը այս է՝ Սեր և միմիայն Սեր։ «Սիրեցեք միմյանց»,- ասաց Տերը։ Եվ սերը միայն խոսքով չի լինում, այլ մեր ամենօրյա գործնական կյանքով։ Եթե սիրենք մարդկանց անկեղծ ու մաքուր սիրով, Աստծուն նմանվելու և Նրան մոտենալու կարևոր և առաջին քայլը կատարած կլինենք ու ինչպես Հիսուս է ասում․ «Հեռու չենք լինի Աստծու Արքայությունից»։ Ամեն։

Հովսեփ քահանա Հակոբյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ