26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գնա Շամշյանին բեր … ու սրա նմանները հրամանատար են

“Նեղված եմ ու չգիտեմ ոնց հանգստանամ: Տուն եմ գալիս հեռավոր Շենավանից`կարկուտից տուժած գյուղացիների ցավը իմը դարձրած: Հասնում եմ բակ ու տեսնում, թե ինչպես ՊՆ աշխատակիցը վախեցնում է դեռ 10 տարեկանը չբոլորած տղայիս:

Եթե էդ մարդը իմ ներկայությամբ օգտագործում է արտահայտություններ, որ սազական չեն անգամ ամենավերջին անբարոյականին, ապա ինչ ասեմ այն զինվորների մասին, ովքեր էս մարդու մոտ են ծառայում: Խորհուրդ տվեք ,լրագրող տեղով շվարել եմ”,-Henaran.am-ի լրագրողի այս գրառումը զայրույթ առաջացրեց ոչ միայն մեր խմբագրությունում: Լրագրողական համայնքից հորդորեցին պայքարել մինչեւ վերջ՝ վերացնելու մեր միջի ՛՛մոլախոտերին՛՛, որոնց հանդուրժելն այլեւս անհնար է դառնում:

Լուսինե Ղազարյանը Եղվարդում է բնակվում: Շաբաթ օրը՝ մայիսի 25-ին աշխատանքից տուն վերադառնալով` նկատում է, որ իր 10 տարեկան որդին՝ Արայիկը վիճում է ընկերոջ՝ Էդուլիկի հետ: Կանչում է որդուն, նաեւ ընկերոջը, ասում, որ պետք չէ վիճել՝ ընկերները պիտի նաեւ զիջել իմանան: Լուսինեի պատմելով, երեխաներին հանդարտացնելով՝ տուն է ուղարկում եւ հանկարծ լսում է Էդուլիկի հոր բղավոցը:

“Տղա չես, քարը վերցրու տուր դրանց գլխին, արժանի են”,-պատմում է Լուսինեն: Վերջինս փորձում է սաստել իր հարեւանին` Պաշտպանության նախարարության սպա Արկադի Մկրտչյանին, սակայն նա շարունակում է վիրավորել: “Լավ եմ անում, արժանի եք, քեզ սրբի տեղ ես դրել, օրը քանի հոգու վրա ես հարձակվում, քանի մարդու վրա ես գրում, քանի մարդու տուն ես քանդում”,-ողջ բակով բղավում է սպան:

Լուսինեն, ստիպված բարձրանում է հարեւանի տուն՝ փորձելով բարի դրացիական լուծում տալ հարցին: Սպան անդրդվելի էր: “Գնա ում ուզում ես բեր, քեզ նման քանի հոգու ուզում ես հավաքի, Շամշյանին բեր”,- բղավում է սպան:

Այդ պահին մորը օգնության է հասնում տղան, եւ Արկադի Մկրտչյանը հասնելով իր որդու տարիքի երեխային, բռնում է ձեռքից եւ հրելով՝ դուրս է շպրտում: “Ու վաղը իմ տղան պիտի ծառայի բանակում, ու սրա նմանները պիտի հրամանատար կոչվե՞ն”,-հուզված պատմում է Լուսինեն:

Վերջինս դիմում է ոստիկանության Նաիրիի  բաժանմունք՝ հաղորդում տալով հանցագործության մասին: Սակայն երեկ՝ մայիսի 26-ին նրան կանչում է  նորանշանակ ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանը, դիմումը հետ տալիս՝ հորդորելով հասնել Աբովյան քաղաք եւ դիմել ռազմական ոստիկանություն:

“Ցույց եմ տալիս մատիս կապտուկը, ասում է՝ մենք չենք կարող: Բա ոնց չզարմանաս, ուրեմն եթե սպան սպանություն արած լիներ, ոստիկանությունը քայլեր չի անի, կասի` սպասենք Աբովյանից գան”,-հարցնում է Լուսինեն:

Henaran.am-ը իրավասու ատյանների ուշադրությունն է հրավիրում: Պետք է, ի վերջո, ազատվել զինվորականի, ծառայողի, շարքային քաղաքացու այս տեսակից, պետք է ի վերջո, սրա նմանները հասկանան, որ հասարակությունը, պետությունը մերժում է սրանց նմաններին: 

Հայցում ենք հայրենիքին նվիրված այն զինվորականների ներողամտությունը, որոնց համար հայրենիքը իր ժողովրդի զավակներից է սկսվում նաեւ, եթե անգամ այդ երեխան իր սեփականը չէ, որ հայրենիքը իր դիմաց կանգնած կինն է, որի վրա ձեռք բարձրացնել պարզապես չի կարելի, եթե անգամ զինվորական է:

Համոզված ենք, սրանց նմանները մերժվելու են բոլորիս կողմից, որովհետեւ այն գաղջ մթնոլորտը, որը նստվածք է տվել, հենց սրանց նմանների գոյության իրավունքի արդյունքում է ստեղծվել: 

Henaran.am-ը հետամուտ է լինելու այս հարցի զարգացումներին: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ