27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Տիրոջը հուսանք, որ առավել է, քան հուսալը մարդկանց

Խոստովանեցե՛ք Տիրոջ գործերը, որովհետև որ՝ բարի՜ են դրանք, և հավիտյա՜նս հավիտենից է ողորմությունը Նրա պարգևած, որ շնորհում է Իր խոնարհներին: Եվ պիտի ասի տունն Իսրայելի՝ բարի՛ է Տերը, բարի՛ են Նրա գործերն ամենայն, ողորմա՜ծ է Նա հավիտյա՜նս հավետ: Եվ պիտի ասի տունն Ահարոնի՝ հավիտենակա՜ն է ողորմությունդ, Դու՝ Տե՛ր և Աստվա՛ծ: Եվ պիտի ասեն Տիրոջից բոլոր երկյուղածները, թե՝ հավիտյա՜նս հավիտենից է ողորմությունը Նրա պարգևած, որ շնորհում է Իր խոնարհներին:

Իմ նեղության մեջ ես Տիրոջ առջև աղոթք կարդացի և Նա լսե՛ց ինձ խոր անդորրի մեջ: Իմ օգնականը Տե՛րն է ամեն օր, ինչո՞ւ վախենամ, մարդն ի՞նչ կարող է իմ հանդեպ անել: Իմ օգնականը Տե՛րն է հավիտյան, և պիտի հաղթե՛մ թշնամիներիս:

Բարին այն է, որ Տիրոջը հուսանք, որ առավե՛լ է, քան հուսա՛լը մարդկանց, և առավե՛լ է, քան թե հուսա՛լը իշխանավորին: Բոլո՛ր ազգերն ինձ շրջապատեցին, ես Տիրոջ անվամբ հաղթեցի՛ նրանց: Իմ շուրջբոլորը տևականորեն շրջեցին նրանք, ապա միաբան ինձ պաշարեցին, ես Տիրոջ անվամբ՝ վանեցի՛ նրանց:

Իմ շուրջը եկան մեղուների պես, սակայն վառվեցի՛ն բորբոքումի մեջ, ինչպես փշե՛րը կրակի բոցից. ես Տիրոջ անվամբ մերժեցի՛ նրանց: Նրանց մերժելիս ես երերացի, մո՛տ էի արդեն վայր գլորվելուն, սակայն Տերն այդժամ բռնե՛ց, պահե՛ց ինձ: Իմ զորությունը և ինձ օգնություն բերո՛ղը՝ Տե՛րն է, իմ փրկությունը Նրանո՛վ եղավ: Եվ Տիրոջ բերած ազնիվ փրկությամբ՝ հարկերի ներքո Իր արդարների՝ ահա լսվեցին ցնծությա՜ն ձայներ:

Տիրոջ Ա՛ջն էր, որ զորություն գործեց, Տիրոջ Ա՛ջն էր, որ բարձրացրեց ինձ վեր, Տիրոջ Ա՛ջն էր, որ զորություն գործեց: Պիտի չմեռնե՛մ, այլ պիտի՝ ապրե՛մ, որպեսզի Տիրոջ գործերը պատմեմ՝ հանո՜ւր մարդկության լսող սրտերին: Իր խրատներով՝ խրատե՛ց Տերն ինձ, սակայն չմատնե՛ց ինձ ձեռքը մահվան: Բա՛ց արեք այժմ՝ Վերն արադարության դռներն իմ առաջ, որ ես նե՛րս մտնեմ՝ գոհաբանությունս Տիրոջն հայտնելու:

Այս Դուռը միայն Տիրո՛ջն է պատկան և արդարնե՛րն են մտնում այս Դռնով: Խոստովանության եմ կանգնում Քո առջև, քանի որ, Տե՛ր իմ, Դու լսեցի՛ր ինձ և ինձ հաստատո՛ւն փրկություն եղար: Եվ այն Վեմը, որ կառուցողները խի՛ստ անարգեցին, հենց Նա՛ էլ եղավ անկյունքարը հավե՜րժ ապրելու: Եվ այս Տիրոջի՛ց եղավ մեզ համար, սքանչելի՛ է այդ սքանչելին մեր իսկ աչքերին: Եվ այս ա՛յն օրն է, որ Տե՛րն ստեղծեց, եկեք մենք ցնծա՛նք և ուրա՛խ լինենք մենք այս օրվա մեջ: Օ, Տե՜ր, փրկությո՛ւնդ կենսագործիր, օ, Տե՜ր, հենց Ի՛նքդ մեզ առաջնորդիր, և օրհնյա՜լ ես Դու, որ պիտ աշխարհ գաս Տիրո՛ջ անունով, Տիրոջ Տան միջից մենք օրհնո՜ւմ ենք Քեզ:

Մեր Տե՛ր Աստվածը Ի՛նքն երևաց մեզ, մե՜ծ ուրախության տոներ կատարեք, և տոնն այդ լինի լի՛ ու լիարժե՛ք՝ տաճարի մուտքից սկսած մինչև պաշտամունքային սեղանի բոլո՛ր անկյուններն հասնի: Իմ Աստվա՛ծն ես Դու, Տե՛ր իմ, Քե՛զ պիտի ես խոստովանեմ, իմ Աստվա՛ծն ես Դու, Անո՛ւնդ պիտի ես փառաբանեմ ա՛յժմ և հավիտյա՛ն:

Երախտագե՛տ եմ և գո՛հ Քեզանից, որովհետև որ՝Դո՛ւ լսեցիր ինձ և ինձ հաստատուն փրկությո՛ւն եղար: Խոստովանեցե՜ք Տիրոջ գործերը, որովհետև որ՝ բարի՛ են դրանք, և հավիտյա՜նս հավիտենի՛ց է ողորմությունը Նրա պարգևած:

Մաքսիմ Ոսկանյանի փոխադրությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ