27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեկնարկեց Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Մոսկվա

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը քննարկվեցին դաշնակցային փոխհարաբերությունները:

Ապրիլի  25-ին Անհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ ծաղկեպսակի զետեղումով եւ Մեծ Հայրենական պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելով՝ մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ռուսաստան:

ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որն այնուհետեւ շարունակվեց պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված ձեւաչափով:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Սերգեյ Լավրովը շնորհավորեց նրան Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ եւ գոհունակություն հայտնեց, որ առաջին պաշտոնական այցելությունը կատարվում է Ռուսաստան:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար Էդվարդ Նալբանդյանն ասաց. “Վերջին հինգ տարիների ընթացքում մեր երկրների ղեկավարները շուրջ հինգ տասնյակ հանդիպումներ են ունեցել: Բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ինտենսիվությունը բնորոշ է երկու երկրների դաշնակցային փոխհարաբերություններին, ինչն արտացոլվում է արտաքին քաղաքական գերատեսչությունների սերտ համագործակցությամբ”:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը գոհունակություն հայտնեցին, որ ՀՀ Նախագահի վերընտրվելուց հետո առաջին արտերկրյա այցելության ընթացքում ՌԴ ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը նոր խթան է հաղորդում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ընդգծելով, որ հարաբերությունները պետությունների միջեւ վերընթաց զարգացում են ապրում եւ հարստանում են նոր բովանդակությամբ:

Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ: Նախարարներն անդրադարձան առավել քան երկու հարյուր փաստաթղթերից բաղկացած իրավապայմանագրային դաշտի արդիականացման ու ընդլայնման հարցերին: Այս համատեքստում քննարկվեցին նոր պայմանագրային նախագծերի շուրջ ընթացող աշխատանքները, որոնք ստորագրման կներկայացվեն բարձր մակարդակի առաջիկա հանդիպումների ընթացքում:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին տնտեսական փոխգործակցության առավել խորացման նպատակով նախատեսվող ծրագրերը,  անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ Գոհունակությամբ նշվեց, որ նախորդ տարիների ինտենսիվ աշխատանքի արդյունքում առեւտրաշրջանառության ծավալները զգալիորեն մեծացել են:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը անդրադարձան ռազմական եւ ռազմատեխնիկական բնագավառներում առկա սերտ համագործակցությանը:

Նախարարները կարեւորեցին միջխորհրդարանական կապերը, երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության հանձնաժողովի գործունեությունը:

Հանդիպմանը երկուստեք նշվեց, որ ապակենտրոնացված համագործակցությունը, որում ընդգրկված են Հայաստանի բոլոր մարզերը եւ ՌԴ տարածաշրջանների գերակշիռ մասը, նոր հնարավորություններ է ընձեռում երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման համար: Այդ համատեքստում կարեւորվեց հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի դերակատարությունը, որի երրորդ նստաշրջանը նախատեսված է անցկացնել այս տարվա ընթացքում։

Երկուստեք գոհունակություն հայտնվեց ՀՀ եւ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ, որի շրջանակներում անցյալ տարի յոթ թեմատիկ ուղղություններով խորհրդատվություններ են անցկացվել։ Անդրադարձ կատարվեց այս տարվա ընթացքում նախատեսված խորհրդատվությունների ժամանակացույցին:

Բանակցությունների օրակարգում էին ՄԱԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՀԿ եւ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերը։ 

Եվրոպայի խորհրդում եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ստանձնելիք նախագահության համատեքստում հատուկ անդրադարձ կատարվեց այդ կառույցների օրակարգային հարցերին։

Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները քննարկեցին հումանիտար ոլորտում համագործակցության առավել զարգացման հարցեր:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների, Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր եւ Միջին Արեւելքում զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընթացող բանակցային գործընթացի շուրջ:

Անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

Հանդիպմանն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էր ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների մշտական ջանքերի համար:

Նախարարները գոհունակությամբ նշեցին, որ երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումները մշտապես առանձնանում են դաշնակցային հարաբերություններին բնորոշ փոխըմբռնմամբ եւ արդյունավետությամբ:

Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիսը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ