27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Անցում ծրագրային բյուջեի

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 16-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ պատգամավորների, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկելու ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացը:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ ”Բյուջետային համակարգի մասին” օրենքում առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխությամբ պայմանավորված՝ նախատեսվում է անցում կատարել ծրագրային բյուջետավորմանը: Այն արդեն իսկ տեղ է գտել վերջին տարիների բյուջեներում, սակայն առանց օրենսդրական պարտավորության:

Արդյունքի եւ որակի գնահատումը որպես հիմնական թիրախ դիտարկելով՝ բյուջետային գործընթացը, ըստ բանախոսի, կդարձնեն առավել թափանցիկ: Թեեւ բոլոր երկրները չեն առաջնորդվում ծրագրային բյուջետավորման մոդելով, Գագիկ Մինասյանն այն համարեց հանրային ֆինանսները ծախսելու ամենաարդյունավետ, միաժամանակ ամենավերահսկելի տարբերակը:

Ընդգրկուն ձեւաչափով այս քննարկման նպատակը, հանձնաժողովի նախագահի խոսքերով, մինչ հաջորդ քառօրյա նիստերը՝ նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկումը, գնահատելն է, թե գործընթացն ինչ փուլում է գտնվում, բացահայտելը հնարավոր թերություններն ու ռիսկերը: Արդյունքում՝ հասնելը քաղաքական բոլոր ուժերի եւ հանրության բոլոր շերտերի համար ընկալելի եւ ընդունելի՝ ծրագրերի վրա խարսխված բյուջեի կազմմանը:

 

Հիմնական զեկուցող, ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկաներին տեղեկություններ հաղորդեց թե նոր համակարգի ներդրման, թե գործընթացի առավելությունների ու թերությունների մասին: Նրա խոսքերով՝ գործընթացն սկսվել է դեռ 2004 թ.-ից, երբ մշակվել է ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությունը, իսկ հետագայում պետբյուջեի ստանդարտ մոդելին զուգահեռ ներկայացվել է նաեւ պետական մարմինների բյուջեների ծրագրավորված տարբերակը:

Այս համակարգի ներդրումը ֆինանսների փոխնախարարը դիտարկեց որպես պետական ֆինանսական կառավարման բարեփոխումների բաղկացուցիչ մաս՝ հենց այդ բարեփոխումների հաջողությամբ էլ պայմանավորելով ծրագրային բյուջետավորմանն անցումը: Նա նաեւ նշեց, որ միջինժամկետ ծրագրման համակարգի ներդրումը, միասնական գանձապետական համակարգի, անկախ Վերահսկիչ պալատի ստղծումն այս տարիներին ընթացքում բարենպաստ պայմաններ են ստեղծել ծրագրային բյուջետավորումն սկսելու համար:

Բանախոսը որպես ծրագրային բյուջետավորման առավելություն առանձնացրեց ծախսերի պլանավորման հստակությունը եւ արդյունավետությունը, կառավարման բարելավումը, կատարողականի ճշգրիտ գնահատումը, գործընթացի թափանցիկությունը: Որպես թերություն նա նշեց համակարգի ներդրման աշխատատարությունն ու ժամանակատարությունը, միաժամանակ տնտեսագիտական դասակարգմամբ տողառտող բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության թուլացումը: Ծրագրային բյուջետավորման համար կպահանջվի նաեւ հզորացնել պետական մարմինների կարողությունները: Ֆինանսների փոխնախարարը ներկայացրեց գործընթացն ըստ փուլերի ներդնելու կառավարության պատկերացումները եւ հնարավոր համարեց մասնակիորեն այն կիրառել 2016 թ.-ից եւ ամբողջապես՝ 2018 թ.-ից:

 

Հաջորդ զեկուցող ՝”Ավագ Սոլյուշնս” խորհրդատվական ընկերության տնօրեն Վահրամ Ավանեսյանը ներկայացրեց այս ոլորտում միջազգային փորձը: Ըստ այդմ՝ զարգացած բոլոր երկրներն այս կամ այն չափով կիրառում են ծրագրային բյուջետավորման սկզբունքը, եւ այն ուրույն է յուրաքանչյուր երկրում: Փորձագետը այս համակարգի ամենաբարդ խնդիրը համարեց ծախսային ծրագրերի վերջնական կամ միջանկյալ արդյունքների գնահատումը՝ ոչ ֆինանսական ցուցանիշների արդյունավետ համակարգի մշակումը:

Միջազգային փորձը վկայում է, որ ծրագրային բյուջետավորման ամբողջական ներդրումը պահանջում է 10-15 տարի, եւ գերադասելի է այն իրականացնել փուլային տարբերակով: Մասնագետի կարծիքով՝ համակարգն արդյունավետ է այն դեպքում, եթե պահանջված է օրենսդիր մարմնի կողմից: Ժամանակի ընթացքում այն, բանախոսի համոզմամբ, կհանգեցնի նաեւ կառավարման կառուցվածքի փոփոխությունների:

Խոսելով Հայաստանի ներկա իրավիճակի եւ համակարգը ներդնելու առանձնահատկությունների մասին՝ Վահրամ Ավանեսյանը նշեց, որ կա ծրագրերով բյուջեն կազմելու փորձ, մեթոդաբանությունը հիմնականում մշակված է, պետական ֆինանսական կառավարման անհրաժեշտ բարեփոխումներն արվել են կամ էլ ընթացքի մեջ են: Փոխարենը բավարար չեն պետական մարմինների կարողությունները, ինչպես նաեւ ներդրումների անհրաժեշտություն կառաջանա:

Փորձագետը նշեց, որ 2013 թ. բյուջեում արտացոլված է 175 ծրագիր եւ 905 ծրագրային միջոցառում, ծրագրային անձնագրեր-նկարագրեր ունեն 12 պետական կառույցներ: Զեկուցողը որպես առաջիկա անհրաժեշտ քայլ նախ նշեց ծրագրային բյուջետավորման համար օրենսդրական հիմքի ապահովումը, մեթոդաբանության կատարելագործումը, կարողությունների հզորացումը:

Ընկերության գլխավոր խորհրդական Լեւոն Բարխուդարյանը լսումների մասնակիցներին ՀՀ ոստիկանության բյուջեի կազմման օրինակով ցույց տվեց գործող եւ ծրագրային ձեւաչափի համեմատականը՝ ծրագրավորվածի դեպքում ակնհայտ դարձնելով վերջնական արդյունքը: Մասնագետների բնորոշմամբ՝ ծրագրային բյուջետավորումն ըստ էության բյուջեի կառավարման ապակենտրոնացում է, ինչը պահանջում է անընդհատ աշխատանք:

 

Հիմնական զեկուցողները պատասխանեցին նաեւ ներկաների հարցերին: Հանձնաժողովի անդամները ողջունեցին բյուջեի կազմման նոր մոտեցումը եւ հետաքրքրվեցին ծրագրային բյուջեին ավելի շուտ անցում կատարելու հնարավորությամբ: Ֆինանսների փոխնախարարը նշեց՝ նախանշված ժամկետներն այն նվազագույնն են, որոնք անհրաժեշտ են առկա համակարգերը ծրագրային բյուջետավորմանը համապատասխանեցնելու համար:

Պատգամավորներից առաջարկ եղավ օրենսդրորեն ամրագրել այս համակարգի ներդրման ժամկետները՝ դրանով իսկ պետական մարմիններին նախապատրաստվելու եւ կարողությունները հզորացնելու, մասնագիտանալու ազդակ հաղորդելով: Պավել Սաֆարյանը նկատեց, որ գործընթացի մեջ ներգրավվելու են 5-6 հազար մարդ, եւ կարեւոր է նրանց մասնագիտական պատրաստվածությունը: Առաջարկ եղավ նաեւ քննարկել ներքին աուդիտի եւ ծրագրային բյուջետավորման փոխկապակցվածությունը՝ քայլերն առավել համակարգված եւ արդյունավետ դարձնելու համար:

 

Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը, ողջունելով այս նախաձեռնությունը, առաջարկեց համայնքները եւս ներառել ծրագրային բյուջետավորման գործընթացում՝ բարեփոխումների դաշտից դուրս չթողնելով հանրապետության 910 համայնքները: Ֆինանսների փոխնախարարը համաձայնելով եւ արձագանքելով առաջարկին դա ժամանակի խնդիր համարեց:

 

Ամփոփելով լսումները՝ Գագիկ Մինասյանն այս ձեւաչափով քննարկումներն արդյունավետ համարեց: Նրա խոսքերով՝ սա գործընթացն ամբողջ ծավալով ներկայացնելու, խնդիրները գնահատելու առաջին փորձ էր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ