26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էլ Քաջ Նազար, Էլ Իվան Դուռակ, էլ Դոդի Գագո. Ժամանակ

Երեւանի ավագանու ընտրությունները ԲՀԿ-ն սկսում է սպառնալիքով, ընդ որում՝ կուսակցության նախագահի մակարդակով:

Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի մեկնարկին կուսակցական միջոցառման ընթացքում հայտարարել էր՝ ովքեր վիրավորեն ԲՀԿ-ականներին, գործ կունենան անձամբ իր հետ: Ըստ որում, այս հայտարարությունները կուսակցության նախագահը անում է այն մարդկանց ներկայությամբ, որոնք ֆեյսբուքյան գրառումներով, հարցազրույցներով, հոդվածներով կամ ելույթներով խոսում են օրենքի իշխանության, իրավական պետության մասին: Երեւի թե նրանց պատկերացումներում օրենքը Գագիկ Ծառուկյանն է, որի հետ գործ կունենան բոլոր նրանք, ովքեր կվիրավորեն ԲՀԿ-ականներին: 

Վիրավորանքը որեւէ մեկի հասցեին օրենսդրորեն կարգավորվող իրողություն է, եւ եթե որեւէ մեկը վիրավորում է մյուսին, ապա, բնականաբար, պետք է օրենքի հետ գործ ունենա: Եվ եթե Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ ԲՀԿ-ականին վիրավորողը գործ կունենա իր հետ, ապա սա ուղղակիորեն նշանակում է ինքնադատաստանի մասին հայտարարություն: Այսինքն՝ ԲՀԿ նախագահը իրեն եւ իր կուսակիցներին դնում է օրենքի դաշտից դուրս եւ հայտարարում է ինքնադատաստանի կողմնակից լինելու, պատրաստակամ լինելու մասին: Չնայած այն բանից հետո, երբ պարզվեց, որ Գագիկ Ծառուկյանը նախընտրական արշավներին մասնակցում է զենքով, ինքնադատաստանի սպառնալիքները քաղաքական միջոցառումների առանցքային մաս դարձնելու առումով այլեւս զարմանալի չեն: Այդ ամենը պարզապես տեղավորվում է ԲՀԿ նախագահի արժեհամակարգի մեջ, նա այդպես է պատկերացնում քաղաքականությունը, քաղաքական կյանքը՝ ուժի դիրքերից:

Մյուս կողմից՝ կա նաեւ այդ հոգեբանական իրողության հակառակ երեսը: Ուժի դիրքերից հաճախ խոսում են՝ ելնելով վախի զգացումից: Հոգեբանական այդ իրավիճակներն առկա են ոչ միայն մասնագիտական տարբեր բացատրություններում, այլ նաեւ հայկական ժողովրդական հեքիաթներում: Օրինակ՝ Քաջ Նազարը երբ վռնդվում է տանից, մութ անտառում սկսում է բարձրաձայն գոռալ, հոխորտալ՝ սեփական վախը հաղթահարելու կամ թաքցնելու համար:

Իհարկե, դժվար է ասել՝ ունի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը իր գործունեության ընթացքում իր կամ կուսակցության համար վախենալու որեւէ բան, դժվար է նաեւ ասել, թե տվյալ պարագայում ո՞րն է սպառնալիքները քաղաքականության լեզու դարձնելու նրա ոճի իրական պատճառը կամ մոտիվը՝ արժեհամակա՞րգը, արժեքնե՞րը, թե՞ վախերը, սակայն փաստը, իհարկե, խոսուն է: Հատկապես եթե նկատի ունենանք, որ Ծառուկյանը առաջին անգամ չէ, որ դիմում է նման հայտարարությունների: Այդպիսի հայտարարություններ հնչել են նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ…

Արման Բաբաջանյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ