27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հերմինե Նաղդալյանն ընդունել է բուլղարացի խորհրդարանականներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մայիսի 24-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամներին:

Ողջունելով հյուրերին` ԱԺ փոխնախագահը նշել է, որ Բուլղարիան Հայաստանի կողմից մշտապես ընկալվել է որպես ավանդական եղբայրական երկիր, որի հետ մեր պետությունն ունի սերտ պատմամշակութային կապեր եւ ընդհանրություններ: Տիկին Նաղդալյանը կարեւորել է բուլղարացի պատգամավորների այցը Հայաստան եւ նշել, որ այդ քայլն ապրիլյան իրադարձություններից հետո հայ ժողովրդի կողքին լինելու եւ նրան աջակցելու լավագույն դրսեւորում է:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Հայաստանի քաղաքական օրակարգի երկու կարեւորագույն` Հայոց ցեղասպանության եւ Արցախի միջազգային ճանաչման հարցերին: Տիկին Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի խորհրդարանին Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային ոչնչացումը ճանաչող հայտարարագրի ընդունման եւ ապրիլի 24-ը զոհերի հիշատակման օր սահմանելու համար` այդ գործընթացում բարձր գնահատելով բուլղարացի պատգամավոր Վալերի Սիմեոնովի եւ նրա կուսակիցների գործադրած ջանքերը: Նրա գնահատմամբ` հայտարարագրի ընդունումը լրջագույն քայլ էր` աշխարհին եւս մեկ անգամ ասելու, որ մարդկության դեմ կատարված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն եւ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Տիկին Նաղդալյանն ընդգծել է, որ ողջ աշխարհում պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի ժողովուրդներին պատուհասած ողբերգությունները չկրկնվեն:

Խոսելով Բուլղարիայի հայկական համայնքի խնդիրներից` ԱԺ փոխնախագահը նկատել է, որ հայերն այնտեղ պաշտպանված են, ապրում եւ ստեղծագործում են ինչպես Բուլղարիայի լիիրավ քաղաքացիներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Հերմինե Նաղդալյանը նշել է, որ երկկողմ կապերի զարգացման հարցում գործուն նշանակություն ունի խորհրդարանական Հայաստան-Բուլղարիա բարեկամական խումբը:

Բուլղարիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Սիմեոնովը նշել է, որ Հայաստանը Բուլղարիայի համար բարեկամ երկիր է, որի հետ կապերի զարգացումը մշտապես կարեւորվում է: Նա նշել է, որ քաջատեղյակ է հայոց պատմությանը եւ հավելել, որ Օսմանյան Թուրքիայի կատարած ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն եւ պետք է ճանաչվեն: «Մենք ճշմարտության մարտիկներ ենք Ցեղասպանության ճանաչման հարցում»,- ասել է պարոն Սիմեոնովը: Հյուրն ընդգծել է, որ անկախ թուրքական կողմի սպառնալիքներից, ինքը եւ իր կուսակիցները մշտապես շարունակել են իրենց արդար պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում: Պատգամավորը տեղեկացրել է, որ ջերմ հարաբերություններ ունի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 2-ի կարգադրության համաձայն՝ հայանպաստ ծավալուն գործունեության եւ միջխորհրդարանական կապերի ամրապնդման բնագավառում ներդրած ավանդի համար Բուլղարիայի Հանրապետության ԱԺ պատգամավոր Վալերի Սիմեոնովը պարգեւատրվել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալով: Պարգեւը հանձնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ