26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ-ում յուրաքանչյուր 3-րդ ընտանիք կարիքի մեջ է. Աշխարհը նշում է ընտանիքի օրը

Ընտանիքի բարեկեցության աստիճանը երկրի զարգացման եւ առաջընթացի ցուցիչն է: Սա պատճառ հանդիսացավ, որ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան 1993 թ-ին որոշում կայացրեց մայիսի 15-ը նշել Ընտանիքի միջազգային օրը (International Day of Families): Այս տոնը Հայաստանում նշվում է սկսած 2011 թվակիանից:

Ի դեպ նշենք, որ ՄԱԿ-ի կողմից ընտանիքի միջազգային օրվա հաստատումը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը գրավել ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով` մեկ ընտանիքի հիմնարար իրավունքների ոտնահարումը կարող է հանգեցնել համամարդկային մեծ ընտանիքի միասնության քայքայմանը:

«Ընտանիքը հասարակության հիմնական ինստիտուտներից է: Այն մարդու հասարակայնացման առաջին աստիճանն է: Ընտանիքը զարգանում և ձևափոխվում է իրեն շրջապատող աշխարհի հետ միասին` համապատասխանեցվելով ժամանակակից հասարակության պահանջներին:

Ընտանիքը, որպես հասարակության հիմնական մասնիկ, համամարդկային արժեքների պահապան է: Այն ապահովում է սերունդների մշակութային և պատմական ժառանգականությունը: Ընտանիքը կայունության և զարգացման գործոնն է: Ընտանիքի շնորհիվ ամրանում և զարգանում է պետությունը, աճում է ժողովրդի բարեկեցությունը: Բոլոր ժամանակներում պետության զարգացվածության աստիճանի մասին կարծիք էին կազմում` ելնելով հասարակությունում ընտանիքի դիրքից և ընտանիքի նկատմամբ պետական վերաբերմունքից»,- ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում:

Հայաստանում ըստ վիճակագրական տվյալնրի հաշվառված է 320 հազար ընտանիք, որից 105 հազարն, այսինքն յուրաքանչյուր երրորդ ընտանիք գտնվում է կարիքի մեջ եւ որոնք ստանում են ընտանեկան նպաստ ու օգտվում են պետական սոցիալական որոշ ծրագրերից:

***

Հայացք Հայաստանի ընտանիքներին․

Գնալով ավելի ուշ են ամուսնանում. Հայաստանում ամուսնանում են ավելի ու ավելի ուշ. եթե 2001 թ.-ին ամուսնական միջին տարիքը կանանց համար 22.8 էր, իսկ տղամարդկանց համար 26.9, ապա 2012-ին՝ կանանց համար 25․3 էր, իսկ տղամարդկանց համար՝ 28.8:

Ամուսնանում են ավելի քիչ, ամուսնալուծվում ավելի շատ․ 2013 թ․-ին 2012 թ․ համեմատությամբ ամուսնությունների թիվը նվազել է 3.7 տոկոսով, իսկ ամուսնալությունների թիվն աճել է 15.6 տոկոսով: Այսպիսով, հինգ ամուսնությանը բաժին է ընկնում մոտ մեկ ամուսնալուծություն:

Հայկական համբերատարությու՞ն․ ամուսնալուծությունների գրեթե մեկ/երրորդը տեղի է ունենում 20 և ավելի տարվա համատեղ կյանքից հետո:

Որ ամուսնացել ենք, ուրեմն երեխա ենք ունենալու․ մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ կազմում է 25.5:

Երեխաներ՝ շատ ուզում են, քիչ ունենում. Հայաստանյան ընտանիքներն իդեալական են համարում 2-3 երեխա ունենալը, մինչդեռ հիմնականում ունենում են 1-2-ը, ծնելիության գումարային գործակիցն էլ կազմում է 1.58:

Նախընտրում են տղա երեխա ունենալ. Մեր ընտանիքները միջինը վեց անգամ ավելիշատ ուզում են ունենալ տղա, քան աղջիկ, և դրա արդյունքում տեղ գտած հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման պատճառով Հայաստանում տարեկան չի ծնվում միջինը 1400 աղջիկ: Այդուհանդերձ, արդեն ծնված երեխան, անկախ սեռից, ստանում է միևնույն խնամքը՝ առանց խտրականության։

Նախընտրած անունները. աղջիկներ՝ Նարե, Մարի, Մանե. տղաներ՝ Դավիթ, Նարեկ, Գոռ։

Անպտղություն. անպտղության ցուցանիշը Հայաստանում բարձր է՝  16.8 տոկոս, ինչը գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած ճգնաժամային ցուցանիշը (15%): Սա նշանակում է, որ մոտավորապես յուրաքանչյուր վեց զույգից մեկը չի կարողանում երեխա ունենալ:

Բռնություն. Հայաստանում մոտավորապես յուրաքանչյուր 10 կնոջից 6-ը զուգընկերոջ կողմից ենթարկվում է հոգեբանական բռնության, 10 կնոջից 1-ը՝ ֆիզիկական բռնության, իսկ ֆիզիկական բռնության ենթարկված ամեն 5 կնոջից 4-ը՝ սեռական բռնության:

Միասին ենք. երեխաների թվին, երեխայի դաստիարակությանը, կրթությանը, ինչպես նաև ամուսիններին վերաբերող որոշումների մեծամասնությունը (մինչև 81%) համատեղ կայացնում են ամուսինները: Նույնը վերաբերում է հղիության ընդհատման որոշումներին:

Բոլորս միասին ենք․ երեխայի ամուսնության հետ կապված որոշումների կայացման ընքացքում հաշվի են առնվում ընտանիքի բոլոր անդամների կարծիքները: Ընտանիքում նույն կերպ են վարվում նաև ընտանիքին վերաբերող այլ կարևոր հարցերում:

Աղբյուրներ՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ