27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բնապահպաններն ահազանգում են

Ս. թ. մարտի15-ին  ՀՀ բնապահպանության նախարարության խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ “Մեգաէներջի” ՍՊԸ-ի կողմից ներկայացված “Խաչաղբյուր-2” ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության հանրային լսումները:

Հիշեցնենք, որ Գետահովիտ համայնքի բնակիչների և բնապահպանների արդարացի պահանջով “Մեգաէներջի” ՍՊԸ-ի կողմից սույն ՓՀԷԿ-ի կառուցման առաջին նախագծին 23.08.2012թ. տրված բնապահպանական փորձաքննության թիվ 70 դրական եզրակացությունը ՀՀ բնապահապանության նախարարի 26.10.2012թ. թիվ 277-Ա հրամանով չեղյալ էր ճանաչվել:

Չնայած նրան, որ նախորդ նախագիծը կազմող “ԷՌԱ” ՍՊԸ-ն ակնհայտ սուտ, իրականությանը չհամապատասխանող, գիտականորեն ոչ հիմնավորված տվյալներ էր ներկայացրել, որի արդյուքնում տվյալ ՓՀԷԿ-ի կառուցման ընթացքում զգալի վնաս էր հասցվել շրջակա միջավայրին` մասնավորապես Իջևանի արգելավայրի տարածքում գտնվող անտառապատ տարածքին, լանդշաֆտին և հողի բերրի շերտին, http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=L9cfKZGXDNE և այդ նույն ընկերությունը այս անգամ ևս հանդիսանում էր “Խաչաղբյուր-2” ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերի հեղինակը:

Ցավոք, զարմանալի է, որ առ այսօր ՀՀ պետական լիազոր և իրավապահ մարմինները ռեալ քայլեր չեն ձեռնարկել մեղավորներին բացահայտելու, հասցված վնասը գնահատելու և փոխհատուցելու պահանջ ներկայացնելու ուղղությամբ: Այս ամենը դեռևս լուծում չստացած շրջանառության մեջ  դրվեց “Խաչաղբյուր-2” ՓՀԷԿ-ի նոր, այսպես կոչված փոփոխված նախագիծը, որտեղ բերված տվյալներն այս անգամ էլ հակասում են իրենց նախորդ նախագծին, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է առաջին նախագծի անհիմն լինելը:

ՀՀ բնապահպանության նախարարությունը տվյալ նախագիծն անհապաղ մերժելու փոխարեն, նպատակահարմար գտավ ենթարկել բնապահպանական փորձաքննության` ընդունելով այն:

“Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին” (ՇՄԱՓ) օրենքի 6-րդ հոդվածի համաձայն “Խաչաղբյուր-2” ՓՀԷԿ-ի նախագծի առաջին հանրային լսումները տեղի ունեցան 06.12.2012թ. Գետահովիտ համայնքում:

Այդ լսումներին ներկա գտնվող հարյուրից ավելի բնակիչներ միահամուռ դեմ արտահայտվեցին “Խաչաղբյուր-2” ՓՀԷԿ-ի կառուցմանը, ինչը տեսաձայնագրված է և տեղադրված http://www.youtube.com/watch?v=2ss2jirF5nk ինտերնետային հասցեում:

Այնուհետև, Գետահովիտ համայնքնի բնակիչների բացասական կարծիքը` թվով 127 ստորագրություններով, գրավոր ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարություն: Մինչև այդ հանրային լսումները, Գետահովիտ համայնքի բնակիչները, թվով 1077 ստորագրություններով, բողոք էին ներկայացրել նաև ՀՀ նախագահին, նրանք իրենց բողոքն էին հայտնել ոչ միայն “Խաչաղբյուր-2” փոքր ՀԷԿ-ի, այլ նաև արդեն իսկ գործող “Խաչաղբյուր-1” ՓՀԷԿ-ի վերաբերյալ:

Գետահովիտ համայնքի  բնակիչները տեղեկացվել են, որ իրենց բողոքն` ուղղված ՀՀ նախագահի, վերահասցեագրվել է ՀՀ բնապահպանության նախարարությանը: Այսպիսով, Գետահովիտ համայնքի, որպես ազդակիր համայնքի, բնակիչների բացասական կարծիքը քաջ հայտնի է ՀՀ բնապահպանության նախարարությանը, բայց ինչպես ականատես ենք լինում փորձ է արվում այն անտեսել, սակայն մենք դա թույլ չենք տալու:

Մենք, արձանագրելով ազդակիր համայքի  բնակիչների գերակշիռ մասի ակնհայտ բացասական կարծիքը, գտնում ենք, որ ՀՀ պետական լիազոր մարմինը պետք է մերժի “Մեգաէներջի” ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագծի բնապահպանական փորձաքննության իրականացումը կամ տա բացասական եզրակացություն, այլ ոչ թե հիմք ընդունի գյուղապետի և ավագանու անդամների մի մասի ներկայացրած կարծիքը:

Հարկ ենք համարում նշել նաև, որ “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին” ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն ազդակիր համայնքում պետք է անցկացվեին երկրորդ հանրային լսումները, սակայն դա չի իրականացվել, ինչը սույն օրենքի և Օրհուսի կոնվեցիայի պահանջների կոպիտ խախտում է:

Դրա փոխարեն 15.03.2013թ. ՀՀ բնապահպանության նախարարության շենքում կազմակերպվեց տվյալ ՓՀԷԿ-ի փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության հանրային լսումներ: Չնայած, այդ լսումներն օրինական համարել դժվար է, բայց, այնուամենայնիվ, ներկայացնում ենք մեր կարծիքը տվյալ նախագծի և 15.03.2013թ. լսումների վերաբերյալ.

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից չթույլատրվեց Գետահովիտ համայնքի թվով երեք բնակիչների մուտքը լսումների դահլիճ, չնայած նրան, որ մենք այդ մասին նախապես պատշաճ ձևով տեղեկացրել էինք նախարարությանը:

Սահմափակվեց նաև զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը լսումների դահլիճ: Համայնքի բնակիչներին, լրագրողներին առաջարկեցին գնալ Ավ. Իսահակյանի գրադարանի դահլիճ և այնտեղից առցանց հետևել հանրային լսումները:

“Խաչաղբյուր-2” ՓՀԷԿ-ի տեղադիրքը կապված է Արջատխլենու և Իջևանի արգելավայրերի ու նրանց պահապանման գոտիների հետ, իսկ ջրօգտագործման թույլտվության մեջ նշված ջրառի և ջրահեռացման կոորդինատների համադրմամբ պարզել ենք, որ նախատեսվող ՓՀԷԿ-ի ջրառը և խողովակաշարը գտնվում են Իջևանի արգելավայրի տարածքում:

Այդ իսկ պատճառով միանշանակ է, որ, “Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին” ՀՀ օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածների պահանջների համաձայն, ըստ որի արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների պահպանությանը, պետք է մերժել ներկայացված նախագիծը:

Այս մասով ՓՀԷԿ-ի նախագիծ կազմող “ԷՌԱ” ՍՊԸ փորձագետներն ընդհանրապես անտեսել էին շրջակա միջավայրի վրա ազդեցության հանգամանքը՝ պատճառաբանելով, որ ՓՀԷԿ-ի շենքի հողակտորը գտնվում է արգելավայրերի տարածքից դուրս, չգիտես թե ինչու մոռանալով ջրընդունիչ կայանի և անցկացվող խողովակաշարի մասին:

Ի դեպ, ՀՀ կառավարության 19.02.2009թ. “Հատուկ պահպանվող ավազանային տարածքների կամ դրանց որևէ մասի ցանկը հաստատելու մասին” հ. 156-Ն որոշմամբ հաստատված է, որ հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքում են գտնվում նաև Արջատխլենու և Իջևանի արգելավայրերը` իրենց ջրային ռեսուրսներով:

Այդ տարածքում են աճում արջատխլենի և կենի ծառատեսակները, որոնք ընդգրկված են ՀՀ բույսերի կարմիր գրքում, սակայն ներկայացված փաստաթղթերում ոչ մի խոսք չկա դրանց աճման վայրերի տեղադիրքի մասին կատարված ուսումնասիրությունների մասին:

Ըստ նախագծի հատվելու են թվով 141 ծառ, որը մենք արժանահավատ չենք համարում, քանի որ նախագծում չկա ներկայացված խողովակաշարի անցկացման ուղեգիծը, այն անցկացնելու համար բացվող ճանապարհի տեխնիկական և ծառերը հաշված մասնագետի ունեցած տվյալները: Նախագծում որևէ խոսք անգամ չկա “Մեգաէներջի” ՍՊԸ-ի կողմից արդեն իսկ անօրինական կերպով հատված ծառերի տեսակների ու քանակի մասին:

Մեր կարծիքով դա պետք է կատարվեր հատուկ մասնագետների կողմից և/կամ հատուկ այդ նպատակով ձևավորված հանձնաժողովի, որի կազմում պետք է ընդգրկված լինեին նաև անկախ փորձագետներ և ոլորտային հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների ներկայացուցիչներ:

Մեզ համար անհասանելի է ՀՀ բնապահպանության նախարարության տարբեր ստորաբաժանումների, ինչպես նաև այլ պետական մարմինների (ՀՀ գյուղատնտեսության նախարարության և “Հայանտառ” ՊՈԱԿ-ի, ում ենթակայության տակ են գտնվում վերը նշված արգելավայրերը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ կապված սողանքների և փլվածքների հետ) մասնագիտական կարծիքները “Մեգաէներջի” ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի և արդեն իսկ նրա կողմից արգելավայրերին հասցված վնասների վերաբերյալ:

Եթե դրանք առկա են, ապա պետք է հնչեցվեին 15.03.2013թ. ՓՀԷԿ-ի նախագծի մասնագիտական լսումների ընթացքում կամ պետք է հրապարակվեն, որոնք մինչ օրս չեն արվել: Այս նախագծի վերաբերյալ խիստ անհրաժեշտ է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կարծիքն ու համաձայնությունը:

Ինչու՞ մինչ օրս պարզված չէ Ենոքավան համայնքի ղեկավարի կողմից «Մեգաէներջի» ՍՊԸ-ը հատկացված հողամասերի (ծածկագրեր՝ 11-028-0653-001, 11-028-0323-0002, 11-028-0323-0003, 11-022-0707-0002) տեղադիրքերը Ենոքավան և Գետահովիտ համայնքների վարչական սահմանները նկարագրող և հողատեսքերը արտահայտող քարտեզների վրա, որոնցից պարզ կդառնար թե որ համայքում են նրանք գտնվում և համարվում են արդյո՞ք ջրային հողեր: Մեր ուսումնասիրությունները հիմք են տալիս պնդելու, որ այդ հողամասերը չեն կարող գտնվել այն տարածքում, որտեղ արդեն իրականացվել են, կամ նախատեսվում են իրականացնել շինարարական աշխատանքները:

Աշխատանքային նախագծում ներկայացված սխեմայով տվյալ ՓՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել Պաղջուր գետի վրա, իսկ նույն ՓՀԷԿ-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մաս աշխատանքային նախագծում նախատեսվում է ՓՀԷԿ-ի կառուցումն իրականացնել Խաչաղբյուր գետի վրա: Որոշ տեղերում բերված են տվյալներ Դիլիջան, Գոշ բնակավայրերից և Բլդան գետից, որոնք ընդհանրապես ոչ մի կապ չունեն դիտարկվող տարածքի հետ:

Արդյո՞ք առկա է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության մասնագիտական կարծիքը՝ “Խաչաղբյուր-2” ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի փոփոխված տարբերակի վերաբերյալ, եթե այո, ապա ՀՀ բնապահպանության նախարարը 15.03.2013թ. հանրային մասնագիտական լսումների ժամանակ պետք է հրապարակեր այն, իսկ եթե ոչ, ապա անհապաղ պետք է դիմի իր կազմում գտնվող կենսառեսուրսների կառավարման գործակալությանը՝ համապատասխան մասնագիտական կարծիք ձեռք բերելու, այնուհետև՝ հանրայնացնելու նպատակով:

Գնահատված չէ նաև էկոհամակարգային ծառայությունների արժեքը համաձայն Կենսաբազմազանության կոնվեցիայի շրջանակներում գործող նոր մոտեցման, մանավանդ որ գետում մնալու է 80 լիտր/վրկ հոսք: Բացակայում է նաև գետի կենսառեսուրսների նկարագրությունը և դրանց վրա հնարավոր ազդեցությունը:

Այսպիսով, հիմք ընդունելով վերոշարադրյալը, գտնում ենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է մերժի “Մեգաէներջի” ՍՊԸ-ի կողմից բնապահպանական փորձաքննության նպատակով ներկայացված “Խաչաղբյուր-2” ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագիծը և/կամ տրամադրի բացասական եզրակացություն:

20.03.2013 

Մերի Խաչատրյան և Լևոն Գալստյան – “Թռչկան” քաղաքացիական նախաձեռնության և Համահայկական Բնապահպանական Ճակատի անդամներ` “Խաչաղբյուր-2” ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի 15.03.2013թ. տեղի ունեցած հանրային մասնագիտական լսումների մասնակիցներ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ