27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շահեր փնտրենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ. Առավոտ

Վերջերս Ֆեյսբուքում մի քննարկման ժամանակ բազմաթիվ օգտատերերի մեկնաբանություններից ես հասկացա, որ մենք հայերս, պարտավոր ենք հակասեմիթ (հակահրեա) լինել, որովհետեւ պատմության ընթացքում հրեաները, իսկ այնուհետեւ Իսրայել պետությունը մեզ արել են այսինչ եւ այնինչ «վատությունները»: Դրանից հետո բերվում են բազմաթիվ` իրական, մտացածին եւ մեծ մասամբ կոնսպիրոլոգիական փաստարկներ:

Չքննարկենք դրանք եւ մի պահ ենթադրենք, որ բոլորն էլ ճիշտ են: Բայց այդ դեպքում մենք «նույն հաջողությամբ» պետք է լինենք հակաարաբ, հակապարսիկ, հակագերմանացի, հակառուս եւ հակաանգլիացի, որովհետեւ մեր դարավոր պատմության ընթացքում այդ ազգերը կամ նրանց պետությունները մեզ նույնպես բազմիցս «նեղացրել են»:

Այո, կարելի է գենետիկ հիշողության մակարդակով կրել որոշակի հոգեբանական «սպիներ»: Բայց դրանք առաջին պլան մղելը բացարձակապես անընդունելի է, երբ դու ունես պետություն եւ փորձում ես ձեւակերպել դրա շահերը: Եթե աշխարհի բոլոր ազգերն առաջնորդվեին այդ «նեղացածություններով», ապա դաշնակից եւ բարեկամ պետություններ չէին լինի: Քանի որ նրանք դաշնակից են ոչ թե այն պատճառով, որ ողջ պատմության ընթացքում իրար հետ խնդիրներ չեն ունեցել, այլ որովհետեւ պատմության տվյալ ժամանակահատվածում նրանց շահերը համընկնում են: Դա նշանակում է նաեւ, որ հաջորդ ժամանակահատվածում այդ շահերը կարող են հակասել:

Էրդողանն ու Բաշար ալ-Ասադը ընտանիքներով միասին արձակուրդներ էին անցկացնում: Հիմա Թուրքիայի նախագահի գերագույն նպատակներից մեկն է Ասադին իշխանությունից զրկելը: Ռուսաստանը զենք է վաճառում եւ ագրեսիայի է դրդում Ադրբեջանին ոչ թե այն պատճառով, որ ադբեջանցիներին մեզնից շատ է սիրում կամ «հակահայ» է՝ պարզապես ուզում է մեր հարեւան երկրին նույնպես պահել իր ազդեցության ոլորտում, նաեւ՝ իհարկե, փող է աշխատում:

Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ ոչ թե այն պատճառով, որ աշխարհը մեզ չէր համակրում՝ ուղղակի Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի եւ հատկապես Գերմանիայի շահերից չէր բխում սպանդը կանխարգելելը: Հիմա որեւէ մեկից պետք է նեղանա՞նք եւ ինչ-որ մի ազգի «հակա՞» լինենք: Ոչ, դա 5 տարեկան երեխայի պահվածք է: Հակառակը՝ պետք է բոլորի հետ փնտրենք ընդհանուր շահեր: Այդ թվում, չզարմանաք, նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ:

Այդ «հատման կետերը» կարող են լինել հատուկենտ կամ բազմաթիվ, բայց շահերի 100 տոկոսանոց համընկնում չի լինում: Քո դեմ համաշխարհային դավադրության տեսություններն ի հայտ են գալիս, երբ քո պետության շահերը ձեւակերպված չեն, եւ քո պետական ինստիտուտները վատ են աշխատում: Այդ ժամանակ է սկսվում թվարկումը, թե ով քեզ ինչ «վատություն» է արել: Մի տեղ կարդացի օտարերկրացու դիտարկումը հայերիս մասին. դուք շատ խելացի եք եւ խիզախ, բայց ախր, հեչ պետական ազգ չեք: Վստահ եմ, որ դա դատավճիռ չէ:

Արամ Աբրահամյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ