27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արամ Աբրահամյանի “սիրտը կախ է”. Առավոտ

Երեկ միաժամանակ երկու դատավարություն էր ընթանում` փուչիկների եւ “Հարսնաքարի”, եւ երկուսի վերաբերյալ էլ, ինչպես ասում են, “սիրտս կախ է”:

Փուչիկների մասով ես ցավ եմ զգում մեկ տարով դատապարտված խեղճուկրակ մարդու համար, որը, ինչպես կարելի է եզրակացնել դատավճռից, միայնակ է պատասխանատվություն կրում 228 հոգու վնասվածքների համար: Այս գործի կապակցությամբ ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսպիսի զուգահեռ է անցկացրել` եթե դուք խանութում անորակ կոստյում եք գնել, ո՞վ է դրա համար մեղավոր` դո՞ւք, թե՞ վաճառողը: Զուգահեռն, ինձ թվում է, կոռեկտ չէ. եթե ես կոստյում եմ գնում ի´նձ համար, ապա, այո, դա իմ եւ վաճառողի խնդիրն է: Եթե ես որեւէ ապրանք գնում եմ հազարավոր մարդկանց համար, ապա ես պարտավոր եմ ստուգել այդ ապրանքի որակը եւ անվտանգության աստիճանը: Եթե դա չեմ արել, ապա առնվազն վաճառողի մեղսակիցն եմ:

Եվ այստեղ ի հայտ է գալիս երկու հարց: Նախ` եթե գնորդը գիտեր, որ ապրանքը վտանգավոր է ՝ այդպես է ասում Սերոբ Բոզոյանը եւ, այնուամենայնիվ, այն գնել է, ուրեմն նա ավելի մեծ հանցագործ է, քան անբարեխիղճ արտադրողն ու վաճառողը: Երկրորդ` եթե նրան տվել են 100 ռուբլի այդ ապրանքը գնելու համար, իսկ նա գնել է 20 ռուբլիանոց ապրանք, ուրեմն նա նաեւ խարդախ է: Ինձ չի հետաքրքրում, թե որ կուսակցությունից է այդ գնորդը, բայց քանի որ նա ամբաստանյալի աթոռին չէ, պետք է ենթադրեի որ այդ չբացահայտված անձը կամ անձինք, կազմակերպությունը, մոտ է իշխանական համակարգին: Այս գործով տուժածները շատ պասիվ են, դրա համար էլ հեշտությամբ հաջողվեց իրականությունը կոծկել եւ պատժել սլաքավարի:

“Հարսնաքարի” գործով աղմուկն ավելի շատ է` կան հասարակական ակտիվիստներ, որոնք հետեւում են դատաքննության բոլոր ելեւէջներին: Չնայած դրան` այստեղ էլ առանձնապես ոգեւորվելու պատճառներ չկան: Օրինակ` երեկ դատախազը ընդամենը “հետաքրքրասիրություն” համարեց տուժող կողմի փաստաբանների միջնորդությունը` պարզել` հանցագործությունը կատարած անձինք “Հարսնաքարի” աշխատակիցնե՞րն են, թե՞ ոչ: Ուրեմն մարդիկ գնում են ռեստորան, որտեղ նրանց սպասարկելու փոխարեն ծեծում-սպանում են, սակայն ամենեւին կարեւոր չէ` սպանողները այդ ռեստորանի աշխատակիցնե՞ր են, թե՞, օրինակ, այցելուներ: Դատավարության նման ընթացքը հուշում է ինձ, որ այստեղ ոճրագործներն իրենց գլուխը կազատեն խորհրդանշական պատիժներով, եւ գործն ամբողջությամբ չի բացահայտվի:

Ի տարբերություն այդ գործին հետեւող հասարակական գործիչների` ես չեմ կարծում, որ դատարանի կամ մեղադրողի, կամ դատավորի վրա ճնշում է գործադրվում: Այստեղ, ինձ թվում է, գործում է մտածողության իներցիան: Այդ մարդկանց թվում է, թե իրենց կարող են ինչ-որ մի պահի ճնշել, եւ նրանք, շառից-փորձանքից հեռու, գերադասում են “իրենց ճիշտ պահել”` մտածելով, որ այդպիսով կհաճոյանան “վերեւներին”: Գուցե մեկը նրանց բացատրի՞, որ ժամանակները փոխվել են:

Արամ Աբրահամյան, Առավոտ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ