26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Որն է Աստծու համար ամենաթանկ բանը

Հետաքրքիր է, թե մենք ինքներս կարող ենք այս հարցին պատասխանել. «ԱՍՏԾՈՒ ՀԱՄԱՐ Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱԹԱՆԿԱԳԻՆ ԲԱՆԸ»: Վստահ եմ, որ ամեն մեկդ էլ ձեր կարծիքը ունեք այս հարցի մասին. ոմանք օրինակի համար կարող են ասել՝ ԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ուրիշներ՝ ՍԵՐԸ, ՀԱՎԱՏՔԸ, ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԵԿԵՂԵՑԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ և այլն:

Հիմա կարդացե’ք այս պատմությունը և կտեսնեք, թե՝ «ԱՍՏԾՈՒ ՀԱՄԱՐ Ո՞ՐՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆԱԹԱՆԿԱԳԻՆ ԲԱՆԸ» ու հուսով եմ Դուք էլ կունենաք Ձեր կարծիքը այս մասին: «Մի օր Աստված հրեշտակին ուղարկում է աշխարհ բերելու ամենաթանկագին բանը:

Հրեշտակը շրջում է ամենուր, ուշադիր հետևում ամեն ինչի ու տեսնում է, որ պատերազմ է և ազատամարտիկը, որը կռվում էր հայրենիքը պաշտպանելու և ազատագրելու համար, թշնամու արձակած գնդակից մահացու հարված է ստանում և նրա սրտից արյունը շատրվանի պես դուրս է ցայտում: Տեսնելով ազատամարտիկի այս զոհողությունը իր հայրենիքի համար, հրեշտակը անմիջապես վերցնում է այդ առաջին արյունը ու տանում Աստծուն:

– Բերեցի՞ր,- հարցնում է Աստված հրեշտակին:
– Այո’, աշխարհի ամենաթանկագին բանը այս արյունն է, քանի որ ազատամարտիկը իր կյանքը զոհեց եւ հայրենիքի համար իր արյունը թափեց:
– Ճիշտ ես,- ասում է Աստված,- դա էլ շատ կարևոր է, սակայն ամենաթանկագինը չէ:

Հրեշտակը գնում է և ուշադիր հետևում աշխարհի անցուդարձին; Տեսնում է հիվանդանոցում մի հիվանդ բժշկի, որը տարիներ շարունակ անձնազոհ կերպով բուժել է հարյուրավոր հիվանդների, ջանք չի խնայել, որպեսզի նրանց փրկի, զանազան վարակիչ հիվանդություններով տառապող հիվանդներին էլ նույնիսկ բուժել է, սակայն դժբախտաբար վերջ ի վերջո այդ վարակիչ հիվանդություններից մեկով նա էլ է վարակվում և այդ պահին մահվան վիճակում է լինում: Հրեշտակը սպասում է ու, երբ բժիշկը իր վերջին շունչն է տալիս, նա վերցնում է այն ու տանում Աստծուն:

Աստված գնահատում է հրեշտակի բերածը, բժշկի անձնազոհությունը, սակայն ասում է, որ դա ամենաթանկագին բանը չի:

Հրեշտակը իջնելով երկիր տեսնում է մի երիտասարդ ոճրագործի, որը մտնում է հարուստի տունը կողոպտելու համար: Այդպիսիները ոչ մի բանի առջև կանգ չեն առնում իրենց ճանապարհին, նրանց համար մարդ սպանելը խաղալիք գնելու պես է: Ոճրագործ երիտասարդը տան եղած չեղածը՝ ոսկի, դրամ կողոպտելու պահին, ձայներ է լսում, գնում է հաջորդ սենյակը ու տեսնում, որ մայրը իր երկու փոքրիկ զավակների հետ ծունկի է եկել ու աղոթում է:

Մի պահ ատրճանակը բարձրացնում է նրանց սպանելու համար, սակայն հրաշք է տեղի ունենում, նա հանկարծ հիշում է իր անցյալը, իր մանկությունը, երբ իր մայրը ճիշտ այս մոր նման իր հետ ծունկի էր գալիս ու սովորեցնում միասին աղոթել: Խիղճը արթնանում է, անմիջապես ինքն էլ ծունկի է գալիս ու սրտանց աղոթում Աստծուն, որ իր բազմաթիվ և բազմապիսի մեղքերին թողություն տա:

Մի խոսքով զղջում է ու ապաշխարում և դուրս է գալիս այդ տնից լրիվ ուրիշ մարդ դարձած: Հրեշտակը այս տեսնելով, անմիջապես վերցնում է ոճրագործ երիտասարդի զղջումն ու ապաշխարությունը և տանում Աստծուն:

– Եկա՞ր,- հարցնում է Աստված հրեշտակին, – «Բերեցի՞ր»:
– Այո’, Տեր Աստված, բերեցի մի ոճրագործ, ավազակ երիտասարդի զղջումն ու ապաշխարությունը:

Եվ Աստված ընդունում է աշխարհի ամենաթանկագին բանը՝ մի մեղավորի զղջումն ու ապաշխարությունը, քանի որ Նա այնքան բարի է ու լի անսահման սիրով, որ մինչև վերջին րոպեն հնարավորություն է տալիս մեղավոր մարդուն զղջալու, ապաշխարելու ու ներում ստանալու, ինչպես եղավ ոճրագործ երիտասարդի պարագային:

Ուրեմն՝ «ԱՍՏԾՈՒ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԹԱՆԿԱԳԻՆ ԲԱՆԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԵՂԱՎՈՐ ՄԱՐԴՈՒ ԶՂՋՈՒՄՆ ՈՒ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է»:

Հովհաննես Մկրտչի խոսքը. «Ապաշխարեցե’ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է… Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ հանելու նրա կոշիկները. Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով…» (ՄԱՏԹ. 3:2, 11):

Պատրաստեց՝ Տ. Հովսեփ Ա. Քահանա Հակոբյանը

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ