27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մի դատեք

Աստծո Փրկչական այս խոսքերը մի զորեղ պատգամ է Իրեն հետևողներին, որի նպատակն է մարդկությանը քրիստոնեական բարձրագույն արժեքներին առաջնորդել:

«Մի՜ դատեք, որ Աստծուց չդատվեք», որովհետև ինչ դատաստանով որ դատեք նրանով եք դատվելու եւ ինչ չափով որ չափեք դրանով պիտի չափվի ձեր համար: Ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես տեսնում, կամ ինչպե՞ս քո եղբորն ասում ես թող որ հանեմ այդ շյուղը քո աչքից եւ ահա քո աչքում գերան կա, նախ հանի՜ր քո աչքից այդ գերանը եւ ապա հստակ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար (հմմ. Մտթ 7:1-5):

Մեր Տերը դատապարտում է չարախոսությունը, երբ մենք տեսնելով այլ մարդկանց արարքները ու վարքագիծը, մեր սեփական դատավճիռն ենք կայացնում նրանց նկատմամբ եւ ահա Հիսուս հենց այդպիսի դատն է համարում անարդար՝ մեզ կոչ անելով հրաժարվել դրանից:

Պատկերացրեք մի մարդ, որ ողորմություն է տալիս մուրացկանին, այդ մարդու մասին լավ կարծիք ենք ունենում, ասում ենք՝ ինչ բարի մարդ է, կամեցող, հոգատար, ուշադիր, սակայն իրականում ի՞նչ գիտենք թե այդ մարդու հոգում ինչ է կատարվում, ինչպիսի՞ մարդ է, ի՞նչ կյանքով է ապրում, ինչի՞ համար է ողորմություն տալիս, աղքատին իրապես կամենո՞ւմ է օգնել, թե՞ իր ավելցուկ գռոշներն է նրան նետում, թե՞ կամենում է մարդկանց ցույց տալ, որ ինքը լավ մարդ է:

Սրանք հարցեր են, որ մեր քննության առարկաները չեն եւ մենք չենք կարող դատելով մարդու արարքը ճիշտ եզրահանգման գալ, որովհետեւ նրա հոգու խորքը մենք չենք կարող թափանցել եւ չենք կարող տեսնել մարդու հոգու մեջ եղածը: Մարդու ներքինը՝ հոգևորը, հայտնի է միայն սրտագետ Աստծուն եւ Աստված միշտ արդար կերպով կհատուցի մարդուն իր կատարած գործերի համար: Մուրացկանին տեսնելով մենք սկսում ենք դատել նրան, գոնե մեր մտքում, ասելով, որ հարբեցող է, անբարո է, ծույլ է եւ այլն, բայց ի՞նչ գիտենք, թե կյանքի ի՞նչ հարված է նրան գցել այդ օրը եւ ի՞նչ գիտենք ինչ կա նրա հոգում:

Չիմանալով մարդկանց իսկական մղումներն ու շարժառիթները մենք ինչպիսի հեշտությամբ ենք դատում մեր մերձավորին, որքան անառարկելիորեն եւ հաճախ կոպտորեն ենք գնահատում նրանց արարքները: Միեւնույն ժամանակ զարմանալի է մեր ներողամտությունը մեր սեփական գործողությունների նկատմամբ, մենք մեր աչքում բարի ենք, լավն ենք, արդար ենք, քրիստոնյա ենք, երկյուղածած ենք, եւ այլն, եւ այլն, եւ այլն:

Փաստորեն մենք մեզ եւ ուրիշներին դատում ենք տարբեր օրենքներով, իսկ ամենատես Աստված տեսնում է յուրաքանչյուրիս հոգու խորքը, դատում աստվածադիր, արդար եւ անկողմնակալ օրենքով, բացարձակ ճշմարիտ է անխախուտ եւ անոփոխելի:

Ո. Հովհաննես Ոսկեբերանը ասում է. «Դատաստանի գահը պատկանում է միայն Աստծո Միածին Որդուն»: Հիշենք Տիրոջ խոսքը. «Ինչ դատաստանով որ դատեք, նրանով եք դատվելու», «Այն ամենը ինչ կկամենաք, որ մարդիք ձեզ անեն այդպես եւ դուք արեք նրանց»:

Եթե չես ցանկանում, որ քո մասին չարախոսեն եւ վարկաբեկեն քո բարի անունը, նույնը մի արա ուրիշի հանդեպ, չե՜ս ցանկանում թալանված լինել, մի՜ գողացիր, ցանկանում ես, որ քո երեխաները ծերության ժամանակ քեզ հենարան լինեն՝ հոգա՜ քո ծեր ծնողների մասին:

Ուրեմն, սիրելիներ, մեր Տերը առաջնորդում է մեզ մեր կյանքը կառուցել աստածային իմաստությամբ, Իր ճշմատությանը հետևելով, որը կարող է վերափոխել աշխարհը, երջանիկ եւ բարի դարձնելով այն:

«Այն ամենը ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես եւ դուք արեք նրանց այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ԱՄԵՆ»:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

Աղբյուրը` surbzoravor.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ