26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԽԽՎ-ն հակասում է Եվրախորհրդարանին

Արցախի Հանրապետությունն ու ազատագրված տարածքները ադրբեջանական համարող ԵԽԽՎ-ի բանաձեւը ոչ միայն հայկական կողմի համար, այլ ընդհանրապես քաղաքական տրամաբանության սահմաններում ադրբեջանական հաղթանակ համարելը հիմնավորյալ չի թվում:

ԵԽԽՎ-ի բանաձեւը ավելի շուտ երկու ուղղությամբ խոր հակասություններ ստեղծող եւ այդ իմաստով նաեւ նման բանաձեւերի բովանդակությունն ու հատկապես ազդեցիկությունը խնդրո առարկա դարձնող երեւույթներ են: Սա չի նշանակում ամենեւին, որ նման քաղաքական միջավայրերը լուսանցքային կարեւորություն պետք է ստանան թե՜ ՀՀ արտաքին դիվանագիտության եւ թե՜ սփյուռքահայ հասարակական կազմակերպությունների համար:

Այսօր գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն Արցախյան հակամարտության միջնորդական առաքելությունը վստահելու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին: Միջնորդական առաքելությունը շարունակում է իրականացնել բանակցային գործընթաց: Բանակցությունները կենտրոնացել են ի շարս այլ հարցերի եւ հայկական կողմի առաջնահերթությամբ Արցախի կարգավիճակի շուրջ գոյանալիք համաձայնությանը վրա: Այս իրականությունից հետեւում է, որ  միջազգային հանրությունը ԵԱՀԿ-ին է հանձնել կազմակերպել բանակցություններ եւ փոխզիջումնային սկզբունքի հիման վրա հասնել համաձայնական եզրերի, որոնք իրենց հերթին կառաջնորդեն խաղաղության ընդհանուր պայմանագրի կնքմանը:

ԵԽԽՎ-ն շտապողականություն է ցուցաբերել եւ հակադրվելով միջազգային ընտանիքի այս համաձայնությանը, շրջանցել է ԵԱՀԿ-ին. չմոռանանք, որ ԵԱՀԿ-ն Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպությունն է: ԵԽԽՎ-ն էլ համաեվրոպական կարեւոր կառույց է, որ խորքում այս եղանակով անտեսում է միջազգային ընտանիքի հավանությունը ստացած եվրոպական մի այլ կառույցի մոտեցումները: Եւ սա այն կառույցն է, որը լիազորություն է ստացել միջնորդելու եւ բանակցությունները համաձայնական եզրերի հասցնելու:

Այստեղ կանգ չեն առնում ԵԽԽՎ-ի ստեղծած հակասությունների վրա: Քաղաքական հիշողությունը պետք է աշխույժ աշխատի, հիշելու համար շուրջ երկու ամիս առաջ այս անգամ Եվրախորհրդարանի որդեգրած ամենադատապարտող եւ ամենախիստ բանաձեւերը Բաքվի հասցեին. ընդ որում հասցեական պատժամիջոցներ որդեգրելու կոչ անող բանաձեւը: Առանց վերադառնալու մանրամասնություններին, մեջբերենք ԵԱՀԿ-ի գրասենյակը Բաքվում փակելու ադրբեջանական իշխանությունների ձեռնարկած քայլի անընդունելիությունը: Քննադատությունը  ուրեմն սերտորեն առնչվում է Արցախի խնդրին: Եվրախորհրդարանը այս ձեւով լուսարձակի տակ է առնում Բաքվի իշխանությունների ոչ կառուցողական մոտեցումը Արցախյան հակամարտության բանակցությունների նկատմամբ:

Այս բոլորը ավելի համոզիչ է դառնում, երբ համանախագահ Ուորլիքի՝ ԵԽԽՎ-ի որոշումը քննադատող ծանոթ հայտարարության դիմաց Ադրբեջանի  արտաքին գործոց  նախարարության բանբեր Հիքմեթ Հաջիեւ հայտնում էր, որ նկատի ունենալով, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին չի հաջողվել  Լեռնային Ղարաբաղի տագնապի լուծման համար նույնիսկ չնչին առաջադիմություն   ձեռք բերել, ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իրավունք եւ պատճառ  չունի այլ  կազմակերպությունների`  նշյալ տագնապի լուծման վերաբերյալ որեւէ խորհուրդ տալու եւ հանձնարարություն կատարելու:

Պարզ է. Ադրբեջանը հրադադարի համաձայնության նմանողությամբ խախտում է նաեւ միջազգային պայմանավորվածությունները եւ չի ընդունում միջազգային ընտանիքի ճշտած միջնորդական ձեւաչափը: Այս բոլորը Բաքվի վարքագծին հարազատ եւ համահունչ դրսեւորումներ են եւ իբրեւ այդպիսին ադրբեջանական քաղաքական տրամաբանությամբ` օրինաչափ:

Խնդիրը, որ սուր կերպով դրվում է՝ ներեվրոպական եւ Եվրոպա-միջազգային ընտանիք ուղղությունների վրա երեւացող հակասություններն են: Իսկ այս պատկերում ավելի ազդեցիկ պիտի լիներ, որ Ուորլիքը ոչ թե առանձնապես քննադատեր ԵԽԽՎ-ի կատարած քայլը, այլ համանախագահները միասին դիրքորոշվեին ԵԽԽՎ-ի ստեղծած թյուրիմացության դիմաց: Իսկ Եվրախորհրդարանը ԵԽԽՎ-ից բացատրություն պետք է պահանջի երկու ամիս առաջ իր որդեգրած բանաձեւերին հակասական քայլ ձեռնարկած լինելու համար: Եթե իհարկե պիտի շարունակենք եվրոպական կառույցների ձեռնարկած քայլերի  միջեւ հետեւողականություն փորձել տեսնել:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ