26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուսաստանաբնակ հայերը պահանջում են ապամոնտաժել

Ռուսաստանի մտահոգ հայ հասարակայնությունը Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին բաց նամակ է հղել, որտեղ մասնավորապես ասվում է.

«2015 թվականի Հոկտեմբերի 24-ին Մոսկվայի և ազգերի մշակույթի թանգարանում, որը գտնվում է Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի տարածքում, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ ռուս կայսր Նիկոլայ Բ-ի կիսանդրու բացման առթիվ տեղի ունեցավ շքեղ միջոցառում։

Զարմանալի է, որ այս իրադարձությունը որևէ կերպով չլուսաբանվեց հայկական  ԶԼՄ-ներում կամ գոնե Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի պաշտոնական կայքում (www.armenianchurch.ru)։ Այնումենայնիվ, այս իրադարձությունը հայտնի դարձավ հայ հանրությանը և ունեցավ բացասական արձագանք։

Հաշվի առնելով, որ Նիկոլայ Բ-ի անձը հայ ժողովրդի համար հակասական է ստորև նշված հիմքերով, պահանջում ենք ապամոնտաժել Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմին պատկանող տարածքում տեղադրված նրա կիսանդրին.

  1. 1896 թ.-ին, մասնակցելով Բրիտանիայի հետ Բելմորալյան բանակցություններին, որի ընթացքում բարձրացվեց Օսմանյան կայսրությունում հայերի վիճակի մասին հարցը, Նիկոլայ Բ-ն ցույց տվեց իր անտարբերությունը Օսմանյան կայսրության հայ բնակչության 1894-96 թթ. ջարդերի նկատմամբ՝ աննպատակահարմար համարելով ռուսական զորքերով Արեւմտյան Հայաստանի զբաղեցումը, քանի որ դա «շատ թանկարժեք ձեռնարկում է և Ռուսաստանին չի բերի որևէ փոխհատուցում…»։
  2. Նիկոլայ Բ-ի անվանը արյան երանգ են տալիս 1905 թ.-ի փետրվարին Բաքվում տեղի ունեցած իրադարձությունները: Նրա թողտվությամբ կամ իմացությամբ են կազմակերպվել հայկական ջարդերը: Այդ մասին է վկայում Բաքվի քաղաքապետ (1902-1904 թթ.) Ալեքսանդր Նովիկովը։ Նրա օրոք էր, որ Ռուսական կայսրությունում առկա էին զանգվածային բնույթ ունեցող հայատյացության եւ հակասեմականության դրսևորումներ:3. 1908 թվականին Նիկոլայ Բ-ն Սանկտ-Պետերբուրգում ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Մաթևոս Բ Կոստանդնուպոլսեցուն և հայ հասարակական գործիչ Մ. Չերազին, որոնք փորձել են երաշխիքներ ստանալ Հայկական հարցի վերաբերյալ Ռուսաստանի աջակցության վերսկսման մասին: Նիկոլայ Բ-ն խուսափել է որևէ երաշխիք տալուց՝ սահմանափակվելով միայն հայ-քրիստոնյաների մասին դատարկ ու ջերմ խոսքերով:
  3. 1914-18 թթ. համաշխարհային պատերազմի սկզբում Նիկոլայ Բ-ի գիտությամբ Այսրկովկասի ցարական իշխանությունը խրախուսանքով էր վերաբերվում ռուսական բանակի Կովկասյան ճակատի հրամանատարության ներքո հայ կամավորական ստորաբաժանումների ստեղծմանը, սակայն հետագայում ցարական կառավարությունը սկսեց նրանց նկատմամբ անվստահություն ցուցաբերել և ի վերջո ցրեց դրանք, վախենալով, որ հայ ժողովուրդը կցանկանա ինքնիշխանություն ձեռք բերել: Պատերազմի ժամանակ Արևմտյան Հայաստանի՝ ռուսական զորքերի զբաղեցրած տարածքներում ցարական կառավարության վարած քաղաքականությունը ցույց տվեց, որ ցարիզմը մտադիր չէ բավարարել հայ ժողովրդի իղձերը և չի մտածում Հայաստանին ինքնավարության կամ որևէ այլ ձևով պետականություն տալու մասին:
  4. Նիկոլայ Բ-ի օրոք ցարական կառավարության ներքին քաղաքականությունն առանձնանում էր իր ռեակցիոն բնույթով և մեծապետական ազգայնամոլության սանձարձակությամբ: 1903 թվականին Նիկոլայ Բ-ն հրամանագիր է ստորագրում հայ եկեղեցու գույքի բռնագրավման մասին, ինչն ուղղված էր հայ եկեղեցու ֆինանսական անկախության դեմ և սպառնում էր հայ ազգային դպրոցների զարգացմանը, որոնք գործում էին հիմնականում եկեղեցու միջոցների հաշվին: Այս հակահայկական ակտը բուռն վրդովմունքի ալիք բարձրացրեց հայ ժողովրդի մեջ և հակացարական ելույթներ առաջ բերեց Այսրկովկասի շատ հայաբնակ քաղաքներում ու այլ բնակավայրերում:

Հիշեցնում ենք, որ դարեր շարունակ Հայ Առաքելական եկեղեցին ծառայել է հայ ժողովրդին և հայոց պետականությանը: Ուստի հուսով ենք, որ նա հավատարիմ կմնա իր հայրենասիրական ավանդույթներին և կաթողիկոսներ Խրիմյան Հայրիկի ու Վազգեն Ա-ի պատգամներին: Մենք ուշիուշով հետևելու ենք իրադարձությունների զարգացմանը, որպեսզի այս թյուրիմացությունը վերացվի և այլևս չցնցի հայ հասարակությանը»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ