27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանի քաղաքացիները շենգենյան վիզան կստանան դյուրացման կարգով

Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 13-րդ նիստը:Նիստին մասնակցելու նպատակով Բրյուսել էր ժամանել Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

Եվրոպական Միության պատվիրակությունը գլխավորում էին ԵՄ Խորհրդի նախագահությունը ներկայացնող  Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը եւ Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Նիստին քննարկվեցին երկկողմ համագործակցության օրակարգը, ամփոփվեցին այս տարվա ընթացքում կատարված աշխատանքները, անդրադարձ կատարվեց հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցերին:

Նախարար Նալբանդյանը նիստի ընթացքում իր ելույթում նշեց, որ ԵՄ հետ հարաբերությունները կարեւոր տեղ են զբաղեցրել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում եւ վերահաստատեց մտադրվածությունը էլ ավելի խորը համագործակցություն հաստատել Միության հետ։ Նա հավելեց, որ Հայաստանը ակտիվորեն ներգրավված  է Արեւելյան գործընկերության թե երկկողմ թե բազմակողմ հարթակներում:

ՀՀ ԱԳ նախարարը նաեւ իր շնորհակալությունը հայտնեց ԵՄ կողմից Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար՝ նշելով, որ սկսած 2009թ-ից Հայաստանը մարդու իրավունքների ոլորտում երկխոսություն է հաստատել ԵՄ հետ, որը արդյունավետ շրջանակ է հանդիսանում կառուցողական եւ օգտակար քննարկումների համար:  

Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը եւ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բարձր գնահատեցին ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրված առաջընթացը եւ իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումներին եւ այդ ուղղությամբ իրականացվող քայլերին:

Նիստի ընթացքում արձանագրվեց, որ 2012թ. նշանավորվել է  բարձրաստիճան փոխայցելությունների մեծ ինտենսիվությամբ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Բրյուսել մարտին եւ հունիսին, ԵՄ Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը, ԵՄ Հանձնաժողովի նախագահ Խոսե Մաունել Բարոզուն եւ  հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այցելել են Հայաստան համապատասխանաբար հուլիսին, սեպտեմբերին եւ դեկտեմբերին:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը կարեւորեց Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին բանակցությունների հաջող ընթացքը,  եւ ընդգծեց հայկական կողմի մտադրությունը ավարտել դրանք մինչեւ 2013թ. նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ Խորհրդում նախագահող Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը եւ ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը ստորագրեցին Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագիրը:

Համաձայնագրի շնորհիվ Հայաստանի քաղաքացիները ավելի պարզեցված ընթացակարգով կստանան շենգենյան վիզաներ, ինչը կարեւոր քայլ է մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ:

Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի ԵՄ քաղաքացիները 2013թ. հունվարի 10-ից կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրերի եւ հույս հայտնեց, որ նույնը կարվի ՀՀ քաղաքացիների համար Եվրոպական Միության կողմից։

Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ Խորհրդում նախագահող Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը եւ Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ստորագրեցին նաեւ Շրջանակային համաձայնագրի արձանագրություն, որը հնարավորություն կտա Հայաստանին մասնակցություն ունենալ ԵՄ ծրագրերում:

Եվրոպական կողմի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման  բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ցուցաբերած աջակցության համար՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որը հաստատվել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում:

Խորհրդի նիստին հաջորդեց Էդվարդ Նալբանդյանի, Էրատո Կոզակու-Մարկուլիսի եւ Շտեֆան Ֆյուլեի համատեղ ասուլիսը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ