27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչով է կարեւոր «Հայր մեր-ը»

Մատթեոս 6: 9-13
Այս աղոթքը շատ պատվական ու գովելի է երեք պատճառով.

Առաջին – որովհետև Քրիստոսի կողմից է սահմանված: Եվ եթե աղոթքները, որ մարդիկ են սահմանել, պետք է սովորել ու աղոթել, ապա որքա՞ն առավել պետք է սովորել այն աղոթքը, որն Աստված Իր բերանով ուսուցանեց:

Երկրորդ – որովհետև կարճ է ու գեղեցիկ, և ոչ ոք չի կարող չսովորել՝ պատճառ բերելով երկարությունը:

Երրորդ – որովհետև անհրաժեշտ է ու բարեբեր, քանի որ այն ամենը ինչ պետք է մեզ թե՜ հոգևոր և թե՜ մարմնավոր, այս աղոթքով խնդրված է լինում:

Այս աղոթքը բաղկացած է տասը խոսքից:

Առաջին խոսքը – Հայր մեր, որ երկնքում ես. Աստծուն Հայր կոչելը մեծագույն պարգևն է մարդու համար: Քրիստոնյաների համար Աստված Հայր է, որովհետև մենք կերպարանակից եղանք Աստծու Միածին Որդու պատկերին: Իսկ Հայր մեր է ասվում, և ոչ թե Հայր իմ, որպեսզի երևա բոլոր քրիստոնյաների միությունը: Եվ ընդհանրական աղոթքն ավելի լսելի է:

Երկրորդ խոսքը – Թող Սուրբ լինի անունը Քո. սա նշանակում է, թող Քո անվան սրբարար զորությունը մեզ վրա էլ լինի, որպեսզի մեզ սրբի բոլոր մեղքերից: Քրիստոնյա ենք կոչվում և հավատով սուրբ ենք, մեր գործերով էլ մեզ սուրբ արա:

Երրորդ խոսքը – Թող Քո արքայությունը գա. Աստծու արքայությունն ենք խնդրում, որպեսզի մեզ փրկի խավարի իշխանությունից և Ինքը թագավորի մեր սրտում, ոչ թե մեղքը:

Չորրորդ խոսքը – Քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է. երկնքում հրեշտակները և երկնային բոլոր զորությունները Աստծու կամքն են կատարում, իսկ մարդը հաճախ իր ինքնիշխան կամքով հեռանում է Աստծուց և մեղքերի մեջ ընկնում: Այս խոսքով խնդրում ենք, որ մարդիկ էլ Աստծու կամքը կատարեն: Աստծու կամքը մեղավորների դարձն է և հոգիների փրկությունը՝ մեղքի ու չարիքի բռնությունից:

Հինգերորդ խոսքը – Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր. քանի դեռ մարմնի մեջ ենք՝ կարիք ունենք կերակրի, որը պահում է մարմնի կենդանությունը, որով հասկացվում է հարկավոր պետքերը՝ կերակուր, ըմպելիք, հագուստ: Մեր՝ այսինքն անհրաժեշտ և ոչ ավելին, մեր արդար վաստակը և ոչ օտարինը, ոչ անիրավմամբ ձեռք բերվածը: Այսօրվանն ենք խնդրում, իսկ վաղը իրենը կհոգա:

Վեցերորդ խոսքը – Ներիր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ. այս խոսքից իմացվում է, որ երբ մենք ներում ենք մարդուն, թողություն ենք ստանում Աստծուց: Այս խոսքը մի ուրիշ խոր իմաստ ունի. բոլոր բարի գործերը մենք Աստծուց ենք սովորում, իսկ այստեղ Նա Ինքն է մեզանից սովորում մարդասիրությունը: Եթե մենք չենք ներում, անիծում ենք մեզ, թե՝ ինչպես ես ուրիշներին չներեցի, դու էլ ինձ մի ներիր: Եվ ոխը սրտում պահելով՝ հեռանում ենք Աստծուց:

Յոթերորդ խոսքը – Մի տար փորձության. խոնարհություն է սովորեցնում. հանդուգն կեպով փորձության չգնալ, ինչպես նաև Աստծու օգնությունն ենք խնդրում նեղությունների և դժվարությունների մեջ:

Ութերորդ խոսքը – Այլ փրկիր մեզ չարից. այսինքն ամեն մի չարից, նախ՝ սատանայից, երկրորդ՝ չար մարդկանցից, որոնք սատանայի արբանյակներն են, երրորդ՝ աշխարհի մեղավոր ցանկություններից, որովհետև դրանք թշնամություն են Աստծու նկատմամբ, չորրորդ՝ չար մեղքերից, դժոխքից, չար մահից և մեր հոգու հավիտենական տանջանքից:

Իններորդ խոսքը – Քոնն է թագավորությունը, զորությունը և փառքը հավիտյանս. այսինքն, երբ Նրանն է արքայությունը, ապա մենք մեղքից չենք վախենում, երբ Նրանն է զորությունը, ոչ ոք չի կարող հաղթել մեզ: Աստված ոչ միայն ազատում է մեզ բոլոր չարերից, այլև՝ հավիտենապես փառավորում:

Տասներորդ խոսքը – Ամեն. հաստատում է բոլոր խնդրվածները. ինչ որ խնդրեցինք, ճշմարիտ է, թող լինի:
Տերունական աղոթքը յոթ խնդրանք է պարունակում. երեքը՝ հոգևոր, չորսը՝ մարմնավոր: Չորս խնդրանքներն այստեղ և այժմ են կատարվում, իսկ երեքը հանդերձյալ կյանքում պիտի կատարվեն: Եվ որովհետև հոգին ավելի պատվական է, քան մարմինը, ապա նախ հոգևորն ենք խնդրում. Սուրբ անունը, արքայությունը և Աստծու կամքի կատարումը, իսկ հետո խնդրում ենք մարմնավորը. հանպազօրյա հացը, թողությունը և մեղքերի փորձություններից ու չար պատուհասներից ազատելը: Եվ այս յոթ կարգի խնդրանքներից ավելին պետք չէ խնդրել, որովհետև բովանդակում են բոլոր խնդրանքները, որ օգուտ են հոգուն և մարմնին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ