26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բաց նամակ ՀՀ նախագահին եւ վարչապետին. պաշտպանեք մեր իրավունքները

ՀՀ նախագահ պարոն Ս. Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին` Պարոնյան 4ա շենքի  բնակիչներից.

Հարգելի պարոն նախագահ,

Հարգելի պարոն վարչապետ,

Գրեթե երկու տարի է ինքնակամ` առանց համապատասխան իրավական եւ քաղաքաշինական փաստաթղթերի, շինություն է իրականացվում Երեւանի Ծածկած Շուկայի տարածքում: Ոչնչացվում է պետության կողմից պահպանվող մշակութային հուշարձանը, ոտնահարվում են հարակից շենքերի բնակիչների իրավունքները: Այս մասին բազմիցս տեղեկացվել է Երեւանի քաղաքապետարանը, սակայն ոչ մի միջոցառում չի իրականցրել աշխատանքները կանխելու եւ խնդիրն իրավական դաշտ բերելու ուղղությամբ: Աշխատանքների համար հիմք է հանդիսանում շրջանառության մեջ գտնվող էսքիզային նախագիծը: Կառուցապատողը եւ քաղաքապետարանի ներկայացուցիչները բազմիցս հավաստիացրել են, որ շենքի ծավալատարածական լուծումները  պետք է պահպանվեն, հուշարձանի գոնե արտաքին տեսքը չպետք է խախտվի, շրջակա բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչների վիճակը էլ ավելի չպետք է վատթարանա, սակայն ներկայումս արագ տեմպերով կառուցվում են շենքի նորանոր հարկեր եւ կառուցապատողը սկսել է վերին հարկի ծածկի իրականացման աշխատանքները՝ դուրս գալով գոյություն ունեցող հուշարձան շենքի ծավալային չափերից: Հակառակ բնակիչների շահերի եւ պետական շահագրգիռ մարմինների տեսակետների եւ արգելքների, շենքի արտաքին ծավալներից դուրս պատրաստվում է կառուցվել լրացուցիչ հարկ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչների պատուհանների դիմաց, վատթարացնելով բնակարանների առանց այն էլ անբավարար լուսավորությունը եւ տեսանելիությունը, խախտելով քաղաքաշինական նորմերը եւ  վերջնականապես խաթարելով հուշարձան շենքի կերպարը:

Փաստորեն քաղաքի կենտրոնում բոլորի աչքի առաջ, բազմաթիվ գրավոր նախազգուշացումներից հետո, ինքնակամ քանդվում եւ խեղաթյուրվում է հուշարձան շենքը, խախտվում են բնակիչների արդարացի իրավունքները, իսկ քաղաքային իշխանությունները մատը մատին չեն տալիս իրենց պարտականությունները կատարելու համար: Միթե Հայաստանում գոյություն չունի օրենք, իսկ թողտվությունը սահմաններ չունի:

Վերջին հույսը Դուք եք եւ եթե շտապ չարձագանքեք, արդեն ուշ կլինի, քանի որ շինարարությունը, չնայած որ ինքնակամ է,  ընթանում է շատ արագ տեմպերով եւ չի բացառվում, որ մեկ երկու օրից  մեկ կամ մի քանի հարկեր կառուցվեն եւ բոլորիս փաստի առաջ կանգնեցնեն:

Խնդրում ենք նաեւ. բացի վերը նշվածից պատասխանել հետեւյալ հարցերին`

– Բազմաբնակարան բնակելի շենքից մոտ 2մ հեռավորության վրա կառուցապատողի կողմից շենքի հիմքերից էլ ցածր նիշի վրա փորված 2-3մ խրամուղու մեջ առանց համապատասխան համաձայնեցված նախագծի իրականացվող մեծ տրամաչափի կոյուղագծի տեղադրումը արդյոք չի ազդի շենքի սեյսմակայունության վրա եւ վտանգի չի ենթարկի բազմաթիվ մարդկանց:

– Արդարացված է արդյոք Երեւան քաղաքի կենտրոնում, արդեն իսկ շատ խիտ բազմաբնակարան  բնակելի շենքերով կառուցապատված տարածքում տեղադրված եւ շահագործվող առեւտրական խոշոր օբյեկտի վերակառուցումը եւ դրա հզորությունների ավելացումը: Չէ որ քաղաքաշինական տեսակետից այդ տարածքը նման պոտենցիալ չունի եւ գերծանրաբեռնված է: Շուկայի երկու կողմերում բազմաբնակարան բնակելի շենքերն արդեն իսկ կառուցվել են քաղաքաշինական նորմերի խախտումով` շուկայից ոչ բավարար հեռավորության վրա,  իսկ համաձայն ներկայացված էսքիզային նախագծի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու դեպքում սպասարկման համար ստիպված օգտագործել են ցածր անցունակություն ունեցող ներբակային փողոցներն ու անցուղիները, բնակելի շենքերին կից եւ բնակիչների սպասարկման համար նախատեսված ընդհանուր օգտագործման տարածքները` վատթարացնելով Մաշտոցի պողոտայի եւ Պարոնյան փողոցների այդ հատվածների տրանսպորտային իրավիճակները, բազմակի անգամ ավելացնելով շրջակա միջավայրի աղտոտվածությունը, օդում մեքենաների շարժիչների աշխատանքի արդյունքում արտանետված գազերի պարունակությունը բնակելի շենքերի սենյակների պատուհանների անմիջական հարեւանությամբ, եւ անհնարին դարձնելով այդ սենյակների օդափոխությունը եւ ուղղակիորեն բացասաբար չի ազդի բազմաթիվ բնակիչների առողջության վրա:

– Առաջնորդվելով “Քաղաքաշինության   մասին” ՀՀ օրենքի 13-րդ եւ 14-րդ հոդվածներով, համաձայն ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 660 որոշմամբ  սահմանված կարգի անհրաժեշտ  չէր արդյոք  զանգվածային լրատվության միջոցներով, փակ շուկայի վերակառուցման ծրագրի եւ նախագծի ցուցադրման միջոցառումներով իրազեկել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց` կենսագործունեության միջավայրի, տարածքի գոտեւորման եւ քաղաքաշինական նախատեսվող այլ փոփոխությունների մասին, ինչպես նաեւ մինչեւ հրապարակված քաղաքաշինական ծրագրի եւ նախագծի հաստատումը կազմակերպել դրանց հասարակական քննարկումներ` ապահովելով շրջակա բնակելի շենքերի բնակիչների, այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների մասնակցությունը եւ հաշվի առնել նրանց կողմից ներկայացված իրավական ու նորմատիվ ակտերով հիմնավորված դիտողությունները եւ առաջարկությունները:

– Վերակառուցվող առեւտրի  կենտրոնը ՀՀ օրենսդրությամբ դասակարգվում է որպես բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) օբյեկտ եւ համաձայն սահմանված կարգի դրա նախագծային փաստաթղթերը, բացի զուտ քաղաքաշինական մոտեցումներից, պետք  է պարունակեն  նաեւ շրջակա միջավայրի ու պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, կապի համակարգերի, տրանսպորտային, էներգետիկ ու ինժեներական այլ ենթակառուցվածքների անվտանգության, տեխնոլոգիական եւ սանիտարահիգիենիկ միջոցառումների իրականացում եւ ենթակա են համալիր փորձաքննության: Արդյոք մինչեւ շինարարության սկիզբը իրականացվել է  շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն`  շահագրգիռ այլ պետական  փորձագիտական մարմիններ մասնակցությամբ:

Ուզում ենք հավատալ, որ հավատալու եւ փոխելու Ձեր կարգախոսը սոսկ նախընտրական լոզունգ չի, եւ մենք իրապես իրավական երկրում ենք ապրում:

 

Պարոնյան փողոց թիվ  4ա շենքի  բնակիչներ

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ