26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեղավոր է արդյո՞ք լրագրող Հայկ Գեւորգյանը/վիդեո/

 

Այսօր  “Հայկական ժամանակ” օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանին  կալանավորելու կապակցությամբ հրավիրված ասուլիսին թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը խմբագրակազմի անունից պահանջեց  անհապաղ ազատ արձակել Հայկ Գեւորգյանին:

Ն. Փաշինյանը մասնավորապես նշեց, որ “իրադարձությունների այսօրինակ ընթացքը հիմք է տալիս արձանագրելու, որ “Հայկական ժամանակ” օրաթերթի առանցքային ներկայացուցչի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվում է պատվիրված հետապնդում` կապված նրա լրագրողական գործունեության հետ”:

“Իրավապահ մարմինների ներկայացուցիչները վրաերթը սադրել են: Հայկ Գեւորգյանի ձերբակալությունը իշխանության վերնախավի եւ, մասնավորապես, ոստիկանապետ Վովա Գասպարյանի պատվիրած հետապնդումն է”,- շեշտեց  Փաշինյանը:

Հիշեցնենք, որ  Հայկ Գեւորգյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի 1-ին մասի` “Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս” եւ 244-րդ հոդվածի “Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող եւ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից” հատկանիշներով:

Հայկ Գեւորգյանը այս ընթացքում մի քանի հեռախոսազրույց է ունեցել ՃՈ` նրա նկատմամբ հետախուզում հայտարարած քննիչի հետ եւ ասել, որ պատրաստ է ներկայանալ քննության, եթե իրեն պատշաճ, ՀՀ օրենսդրությանն համապատասխանող ծանուցագիր ուղարկվի”,-ասվում է հայտարարության մեջ:

Հավելենք, որ ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսից հետո տարածել է հայտարարություն, որում ասված է. “Օրեր առաջ քաղաքացուն վրաերթի ենթարկած Հայկ Գեւորգյանի կալանավորումը շահարկման առարկա դարձավ որոշ լրատվամիջոցների կողմից: Ոստիկանությունը հստակ եւ իրավաչափ կատարել է իր խնդիրը, եւ իրողությունն այս է:

Հունվարի 13-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երեւանի  Մհեր  Մկրտչյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց  “ՎԱԶ-21214” մակնիշի 19 ՕԼ 158 պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նախապատրաստվել են նյութեր:

Ֆրանգուլյանը բացատրություն է տվել, որ հիշյալ ավտոմեքենան հիշյալ վայրում հետընթաց ընթանալով վրաերթի է ենթարկել իրեն, վարորդը կանգնեցրել է մեքենան, իջել, սպառնացել է ոստիկանություն կանչել, հետո անպատվել է իրեն, ապա նստել մեքենան եւ իրեն անօգնական վիճակում թողնելով` դիմել է փախուստի:

Ֆրանգուլյանը պատահական ավտոմեքենայով տեղափոխվել է  “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ”  բժշկական կենտրոն ու ստացիոնար բուժում ստացել: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ` նրան պատճառվել է միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:

Աշոտ Ֆրանգուլյանի բողոքի հիման վրա հունվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ու սկսվել է նախաքննություն: Դեռեւս նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հիշյալ ավտոմեքենան հաշվառված է Աննա Հակոբյանի անունով, որը հունվարի 14-ին եւ 16-ին պատշաճ կարգով ծանուցվել է հարցաքննության ներկայանալու համար, սակայն հունվարի 19-ին ՃՏՀ քննության բաժին է զանգահարել նրա ամուսինը եւ, առանց որեւէ հարգելի պատճառ ներկայացնելու,  հայտարարել, որ ինչպես կինը, այնպես էլ ինքը հրաժարվում են ներկայանալ բաժին: ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնին հանձնարարություն է տրվել պարզելու վարորդի ինքնությունը: Ստացվել է պատասխան գրություն, որ վրաերթը կատարել է Հայկ Գեւորգյանը, որը նույնպես պատշաճ կերպով, ինչպես փոստով, այնպես էլ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից, հունվարի 17-ին ծանուցվել է ՃՏՀ քննության բաժին հարցաքննության ներկայանալու համար:

Հայկ Գեւորգյանը հունվարի 20-ին զանգահարելով քննիչին` պայմանավորվել է քննության ներկայանալու օրն ու ժամը, բայց այդպես էլ չի ներկայացել: Հայկ Գեւորգյանի կողմից վրաերթ կատարելու հանգամանքը հիմնավորվել է հունվարի 23-ին կատարված լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագությամբ:  Հունվարի 23-ին Հայկ Գեւորգյանին բերման ենթարկվելու որոշում է կայացվել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գեւորգյանը չի հայտնաբերվել: Նույն օրը որոշում է կայացվել Հայկ Գեւորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Փետրվարի 3-ին Հայկ Գեւորգյանը հայտնաբերվել, կալանավորվել եւ ուղարկվել է “Նուբարաշեն՚” ՔԿՀ”:
http://youtu.be/LC1LQO2118E

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ