26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շուշիում ուսումնարան կկառուցվի

ՙՀայաստան՚ համահայկական Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում կառուցում է արհեստագործական ուսումնարան: Կրթօջախը կյանքի կկոչվի Եզնիկ Մոզյանի կտակած գումարներով եւ կկրի ֆրանսահայ բարերարի անունը:

Երկհարկանի նորակառույց ուսումնարանը (ընդհանուրը` 4050քմ մակերես) նախատեսված է 225 ուսանողի համար: Ուսումնարանը կունենա հանրակրթական առարկաների եւ արհեստների ուսուցման համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները. կահավորված դասասենյակներ, սարքավորումներով ու պարագաներով հագեցած լաբորատորիաներ, արհեստանոցներ, գրադարան, պահեստատեղ` օժանդակ նյութերի պահպանման ու պահեստավորման համար, ինչպես նաեւ կենտրոնական ջեռուցում: Արդեն սկսվել են կառույցի հողային աշխատանքները:

ՙՈւսումնարանը նախագծվել է ֆրանսիական նմանատիպ մասնագիտական  կրթօջախների օրինակով` հիմնվելով Հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակի մասնագիտական հանաձնաժողովի առաջարկությունների վրա:Դպրոցի մանկավարժական կազմը կվերապատրաստվի` ժամանակակից ամենաարդյունավետ ուսումնական  մեթոդներով դասավանդելու նպատակով՚, -ասում է Եզնիկ Մոզյանի ընտանիքի ներկայացուցիչ Ռոբերտ Այդաբինյանը, ով նաեւ ծրագրի գլխավոր համակարգողն է:

Եռամյա կրթություն ստանալուց հետո ուսումնարանի սաները ձեռք կբերեն փականագործի, մետաղագործի, ներկարարի, տանիքագործի, սալիկապատողի, սանտեխնիկի, էլեկտրիկի մասնագիտություններ եւ կհամալրեն տեղի աշխատանքային շուկան, որտեղ վերոհիշյալ մասնագետների մեծ պակաս կա:

ՙՈւսումնարանը կունենա ննջարանային մասնաշենք եւ կկարողանա իր հարկի տակ ընդունել նաեւ Արցախի եւ Հայաստանի մարզերից եկած ուսանողների: Այն կունենա տարածաշրջանում իր տեսակի մեջ ամենաառաջատար կրթօջախը դառնալու բոլոր նախապայմանները՚, – նշում է ՙՀայաստան՚ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:

ՙԱրցախն այսօր բանիմաց արհեստավորների մեծ կարիք ունի: Այս ուսումնարանը հիանալի հնարավորություն է ստեղծում բոլոր նրանց համար, ովքեր ունեն համապատասխան նախասիրություններ, ուզում են ձեռք բերել մասնագիտություն եւ լինել մրցունակ՚, – ասում է  Շուշիի վարչակազմի ղեկավար  Քաջիկ Խաչատրյանը:

ՙՍա իր նախադեպը չունեցող նախաձեռնություն է Հիմնադրամի պատմության մեջ՚,- նշում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: ՙՄենք հույս ունենք, որ մեր ֆրանսահայ բարեկամի նվիրատվության շնորհիվ կունենանք ոչ թե սոսկ ուսումնական հաստատություն, այլեւ մի կրթօջախ, որտեղ բարձրորակ արհեստավորների բազմաթիվ սերունդներ կկրթվեն՚:

Արհեստագործական ուսումնարանը կառուցվում է Շուշիի արեւելյան թաղամասում, որը հավակնում է դառնալ ուսումնական թաղամաս, քանի որ . այստեղ են կենտրոնացված հումանիտար եւ երաժշտական դպրոցներ, ինչպես նաեւ Արցախի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը:

Henaran.am-ին փոխանցում են ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամից

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ