26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԵՄ-ի Խորհուրդը ցանկանում է ազատ մուտք դեպի Ղարաբաղ

Ս.թ. փետրվարի 27-ին ԵՄ-ի Արտաքին գործերի խորհուրդը սահմանել է ԵՄ-ի և Հարավային Կովկասի երկրների միջեւ հարաբերությունների շրջանակները մոտ ապագայի համար:

“Խորհրդի հայտարարության մեջ նկարագրվում է ոչ միայն Եվրամիություն – Հայաստան հարաբերությունների մի նոր որակ`  ներառյալ արտոնագրերի ռեժիմի պարզեցումը եւ Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտին, այլեւ հետագա աջակցության եւ ինտեգրման պայմանները: Ավելին, ԵՄ-ն ակնկալում է, որ Եվրամիության պաշտոնյաները պետք է առանց խոչընդոտների այցելեն Լեռնային Ղարաբաղ եւ ներգրավեն ԼՂ-ն` անտեսելով անթույլատրելի ճնշումները Ադրբեջանի կողմից: ԵՄ Խորհրդի այս նոր հստակ որոշման հետ համատեղ, այժմ մենք ակնկալում ենք, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը, դեսպան Տրայան Հրիստէան եւ այլ ԵՄ պաշտոնյաներ ոչ միայն կայցելեն Լեռնային Ղարաբաղ եւ կկարողանան ունենալ տեղեկություններ իրական իրավիճակի վերաբերյալ, այլ նաեւ կնպաստեն վստահությունը ամրապնդող միջոցառումների ստեղծմանը: ԵՄ-ն ունի դրա համար հարկավոր կարողությունը և չեզոքությունը”,-մեկնաբանեց Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը:

Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղին, ԵՄ Խորհուրդը շեշտում է հետեւյալ կետերը:

  • Այն կոչ է անում ԵՄ-ին ավելի անմիջական ներգրավում դրսեվորել վստահությունը ամրապնդող միջոցառումների մեջ, շարունակելով աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին և այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներին (որոնք անցյալ տարվա Կազանի գագաթաժողովում չհաջողվեց ընդունել` նախագահ Ալիեւի կողմից վերջին րոպեին ներկայացված փոփոխությունների մի երկար ցանկի պատճառով):
  • Այն հրավիրում է Եվրոպական հանձնաժողովին եւ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայությանը, ԵԱՀԿ-ի հետ համատեղ, մշակելու հակամարտության կարգավորումից հետո ԼՂ-ի զարգացման նախագիծ, որպես ԵՄ ապագա ներգրավման հիմք: Դրանք կարող են լինել ենթակառուցվածքային ծրագրեր և այլ դրական խթաններ հակամարտության լուծման համար, ինչպես նաև ԵՄի ներգրավվածությունը հնարավոր խաղաղապահ առաքելության մեջ, հաշվի առնելով որ խաղաղապահ ուժերի կազմավորումը հիմնական խոչընդոտներից է Մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու:
  • Մասնավորապես, ԵՄ-ն ընդգծում է, որ անհրաժեշտ է անվերապահորեն ապահովել ԵՄ ներկայացուցիչների մուտքը Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ:

 

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա Խորհուրդը հատկապես անդրադառնում է հետևյալ կետերին.

  • Այն ողջունում է առաջընթացը Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցություններում:
  • Այն ողջունում է արտոնագրերի ռեժիմի պարզեցման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) վերաբերյալ բանակցությունների մեկնարկը:
  • Այն ընդգծում է Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը, հատկապես մայիսյան խորհրդարանական ընտրությունների պատշաճ անցկացումը: ԵՄ-ի հետ ինտեգրման մակարդակը և աջակցության ակնկալիքները պայմանավորված են Հայաստանի կողմից իր հանձնառությունների իրականացմամբ: Հանձնառություններ, ինչպիսիք են պայքարը կաշառակերության դեմ, անկախ դատաիրավական համակարգի ամրապնդումը և այլն:

 

Եվրոպական Միության արտաքին գործերի խորհուրդը ԵՄ-ի արտաքին քաղաքականության որոշիչ մարմինն է, որը գումարվում է արտաքին գործերի նախարարների մակարդակով: Նրա որոշումները պարտադիր բնույթ են կրում Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության համար: Վերջինս ղեկավարում է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Աշթոնը:

Նյութը Henaran.am-ին է տրամադրել “Րաֆֆի Էլիօթ” կազմակերպությունը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ