27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Տնտեսության մեջ հասցրեցինք արդյունքներ գրանցել, որոնք ինչ-որ բան նշանակում են. Սերժ Սարգսյան

 ՀՀԿ 13-րդ համագումարին, հանդես գալով հաշվետու զեկույցով, ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձ կատարեց  Հայաստանի տնտեսությանը: Իր ելույթում, մասնավորապես, նա ընդգծեց. ‘’Գաղտնիք չէ, որ 2007 թվականից ի վեր մեր կուսակցությունը մեղադրվել է գրեթե ամեն ինչում: Նախ Ղարաբաղն էինք ‘’ծախում’’,շատ լավ հիշում եք: Հետո ցեղասպանությունն էինք ուրանում. այս թեման էլ մեռավ` հո հնարավոր չէ անսպառ պնդել նույն անհեթեթությունը: Իսկ տնտեսության բնագավառում այս ողջ ժամանակահատվածում մենք վկան էինք վայքննադատության իսկական խրախճանքի:

Տարիները միշտ սկսվել են հունվարի ամփոփիչ ցուցանիշները դեկտեմբերի հետ համեմատություններով ու հաղթականորեն անկում արձանագրած հարայհրոցներով: Ոչինչ, որ հունվարը դեկտեմբերի հետ համեմատելով ոչ կոմպետենտ եզրակացություններ անելն ուղղակի աչքակապոցի է, կարեւորը բարձր գոռալն է:

Տարիներ շարունակ յուրաքանչյուր ամիս սկսվել է նախորդ ամսվա բյուջեի չկատարման մասին չակերտավոր իրազեկումներով` համեմված ‘’բա որ ասում էինք’’ ոճի ինքնահաստատումներով: Ոչինչ, որ հետո միշտ պարզվել է, որ հարկային ու մաքսային մարմինները գերակատարել են իրենց ծրագիրը, կարեւորը սեւացնելն է` անգամ պետբյուջեի դեֆիցիտը համարելով պետական բյուջե մուտքագրվող եկամուտների թերակատարում:

Տնտեսական աճի ցուցանիշների հրապարակումներն ամեն անգամ ուղեկցվել են մանկամիտ շահարկումներով: Ամեն ինչ շատ պարզ է. իրական աճի ցուցանիշը հայտարարիր իբրեւ անվանական /ինչպես դա հաճախ արել ես/, մի անգամ էլ դրանից հանիր գնաճի մեծությունը եւ դու, տնտեսագիտական քո ‘’հանճարեղ’’ գիտելիքներով, պատրաստի հավակնորդն ես անկումային հռետորության խոսնակի դափնիների:

Երբ այդքանով էլ ոչինչ չի ստացվում, դիմի՛ր փորձված մեթոդին` հողի՛ն հավասարեցրու պետական ողջ վիճակագրությունը: Ոչինչ, որ միջազգային մասնագիտացված կառույցները շատ բարձր են գնահատում Ազգային վիճակագրական ծառայության աշխատանքը, դա քեզ համար խնդիր չէ. չէ՞ որ դու արդեն մեծ փորձ ունես Վենետիկի հանձնաժողովին, միջազգային ֆինանսական կազմակերպություններին, Եվրոպական ամենատարբեր կառույցներին, հանձնակատարներին, ԵԱՀԿ-ին, անգամ ԱՄՆ-ին, Ռուսաստանին ու Ֆրանսիային մեղադրելու Հայաստանի իշխանությունների հետ գործարքի մեջ լինելու հարցում: Զավեշտ է, բայց փաստ, որ մարդիկ հողին են հավասարեցնում մեր վիճակագրությունը, երբ այն արձանագրում է դրական առաջընթաց ու աճ, եւ հաճույքով հավատում են, երբ վերջինս արձանագրում է անկում կամ նվազում:

2007 թվականին Հանրապետական կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում` ստանալով օրենքի ուժով պետական բյուջե, որը կենսաթոշակային հիմնադրամի միջոցների հետ միասին կազմում էր 658 միլիարդ դրամ: Այսօր կուսակցությունն ավարտում է կառավարման իր այս ժամանակահատվածը` թողնելով ընդունված պետական բյուջե 1 տրիլիոն 44 միլիարդ մեծությամբ:

Քանի՞ այդպիսի ‘’ձախողված կառավարում’’ եք տեսել:

Առանց սոցիալական ցնցումների կործանարար ճգնաժամի ճիրաններից երկիրը դուրս բերելը գին ուներ, եւ այդ գինը մենք վճարեցինք: Վճարեցինք ճգնաժամի առաջին` զուտ ֆինանսական փուլում` լուռ ու մունջ կուլ տալով հայհոյախոսության հասնող մեղադրանքները, որպեսզի գործիք չդառնանք փլուզման անխուսափելիության մասին գովազդային արշավում: Արդյունքում մենք փակեցինք բոլոր ճանապարհները, որոնք տանում էին դեպի ֆինանսաբանկային համակարգի կործանում, ինչի փլատակների տակ անխուսափելիորեն կհայտնվեինք բոլորս:

Վճարեցինք ճգնաժամի տնտեսական փուլում, երբ ձեռնարկություն առ ձեռնարկություն փրկության ծրագրեր էինք որոնում եւ դրամ առ դրամ սոցիալական ծախսերի համար գումարներ հայթայթում: Դա մեր աշխատանքն ու պարտականությունն էր, ինչը մենք անում էինք լուռ` առանց նեղսրտելու հանիրավի սեւացումներից: Ինչպես Վազգենը կասեր՝ անմռունչ էինք անում:

Մենք դիմակայեցինք ծանր փորձությանը` մեր պետության իմունային համակարգը եւս մեկ աստիճանով ամրացնելով: Հասցրեցինք արդյունքներ էլ գրանցել, որոնք ինչ-որ բան նշանակում են:

Հարգելի՛ գործընկերներ,

Այո՛, մենք կախված ենք համաշխարհային զարգացումներից, ինչպես եւ բազում երկրներ: Ավելին, մեր երկրի դեպքում էլ ուղղակի կապ կա տնտեսական աճի եւ արտերկրից եկող դրամական փոխանցումների մեծության միջեւ: Այո՛, ցավոք սրտի այսօր Հայաստանում տնտեսական աճը կամ անկումը էապես արտաքին գործոնների ազդեցությունն են կրում: Ապագայում դրանից խուսափելու համար այսօր պետք է ստեղծել վաղվա տնտեսությունը, ինչը պահանջում է փոխել եւ արդիականացնել կառավարման ու կարգավորման մեխանիզմները:

Մենք կարիք ունենք տնտեսական աճի նպատակադրումներից անցնել տնտեսական զարգացման հայեցակարգին: Մեզ տնտեսական աճից բացի եւ գուցե ավելի շատ տնտեսական զարգացում է հարկավոր: Տնտեսական աճը մեր խնդիրները չի լուծի, եթե այն չի հիմնվում տնտեսության նոր ոլորտների, գործունեության նոր տեսակների, նոր ձեռնարկությունների, նոր ապրանքների ու ծառայությունների արտադրության վրա` մանավանդ, որ էքստենսիվ զարգացման հնարավորությունները գնալով սպառվում են: Այս գործընթացում պետք է ազատորեն ընդգրկվեն բոլոր կարող մարդիկ, եւ դրա համար որեւէ հովանավորչության կարիք չպետք է լինի:

Պետությունն իր վարած քաղաքականությամբ պետք է դառնա բոլորի հովանավորը` հավասարապես’:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ