25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մենք ապահովելու ենք մրցակցային հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար. վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Հայաստանի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 125-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Ողջունելով նիստի մասնակիցներին վարչապետը նշել է.

“Իմ խորին համոզմամբ՝ ավանդական կուսակցությունները մեր ժողովրդի ազգային հարստությունն են, որոնց գոյությունն ու հզորացումը թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում բխում են մեր ազգի շահերից: Որքան ուժեղ լինեն Հայ ավանդական կուսակցությունները, որքան զորեղ լինեն նրանց կազմակերպչական կառույցներն ամբողջ աշխարհում, այնքան հզոր կլինի Հայ ժողովուրդը:

Միշտ չէ, որ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հետ կիսում ենք գաղափարներ, միշտ չէ, որ համաձայն ենք, սակայն, ես իբրև Հայաստանի Հանրապետության Կառավարության ղեկավար և Հանրապետական կուսակցության փոխնախագահ ուզում եմ կրկին անգամ վերահաստատել, որ պատրաստ ենք համագործակցության բոլոր քաղաքական այն ուժերի հետ, որոնց խնդիրը միայն սևացնելը չէ, ովքեր առկա հարցերին մոտենում են սրտացավությամբ: Վստահ եմ, որ ՍԴՀԿ-ն հենց այդպիսինն է”:

Վարչապետի խոսքով՝ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը լի է մարտահրավերներով, և դա ստիպում է հիմնական ուժերն ու ջանքերն ուղղել երկրի անվտանգության պահպանմանը։ Կառավարության ղեկավարն ասել է, որ սոցիալ-դեմոկրատական արժեքները պատշաճ ձևով պետք է ներկայացված լինեն Հայաստանի քաղաքական դաշտում և այդ առումով կուսակցությունն ունի լուրջ անելիքներ։

“Դեռ շատ խնդիրներ ունենք լուծելու, մեր երկրում աղքատության ցուցանիշը շատ բարձր է, մարդկանց կենցաղը հեռու է իդեալական լինելուց: Բայց ես վստահ եմ, որ այս դժվարությունները ժամանակավոր են: Տեսնում ենք, որ Ձեր կուսակցությունն աշխարհով մեկ սփռված իր կառույցների միջոցով ներդրումներ է ուղղորդում դեպի Հայաստան։ Դա վկայությունն է կուսակցության խոհեմության և իմաստության, որ կուտակել է 125 տարիների ընթացքում՝ հայրենիքի և հայ ժողովրդի շահերը վեր դասելով կուսակցական շահերից”,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Անդրադառնալով Հայաստանի նախագահական առաջիկա ընտրություններին՝ վարչապետը վստահեցրել է. ՛՛Ընտրությունները լինելու են ազատ, արդար և թափանցիկ: Մենք ապահովելու են մրցակցային հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար և այդ առումով ունենք քաղաքական կամք և վճռականություն: Հարգելի բարեկամներ, ցանկանում եմ ելույթս ավարտել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերով` “Ողջ աշխարհում մեզ բոլորիս միավորում են հայոց իղձերն ու Հայաստանի ճակատագիրը, որ ամենաուղղակի կերպով կապված է աշխարհասփյուռ հայության ճակատագրի հետ: Մեզ միավորում են ոչ միայն մեր արմատները, այլեւ ազգային երազանքները։ Պայքարենք, տոկանք հանուն ավելի լավ Հայաստանի, այն Հայաստանի, որը վաղն է գալու”:

Իր խոսքում ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը նշել է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայաստանի Կառավարության գործողությունները լավատեսական հիմք են ներշնչում, ուստի, այս առումով իրենք ունենք որոշակի համակրանք: “Չնայած մեր միջև առկա գաղափարախոսական հսկայական տարբերություններին, վարչապետը, իմ խորին համոզմամբ, Հայաստանի խնդիրներով ապրող անձ է, ով մշտապես պատրաստ է լսել ցանկացած մարդու, իսկ ամենաշատը՝ իր ընդդիմախոսներին: Կարծում եմ, որ մեր երկիրը միայն օգուտ կքաղի նման պետական գործիչ ունենալով:

Պարոն Վարչապետ, մենք տարբեր ենք մտածում, տարբեր քաղաքական հոսանքների ներկայացուցիչներ ենք, սակայն, ընդունեք խնդրեմ, հարգանքներիս հավաստիքը: Մենք դեռ հսկայական ճանապարհ ունենք անցնելու: Այդ ճանապարհին մենք Ձեզ կգնահատենք և կքննադատենք, շատ դեպքերում չենք կիսի Ձեր տեսակետը, սակայն, համոզված եմ, որ բացախոսության և փոխադարձ հարգանքի այս մթնոլորտում շահողը կլինի մեր երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը”,- ասել է Սեդրակ Աճեմյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ