“Լրագրողներ առանց սահմանների” կազմակերպությունը դատապարտում է լրագրողների ձերբակալություններն Ադրբեջանում
“Լրագրողներ առանց սահմանների” կազմակերպությունը դատապարտում է մարտի 13-ին ադրբեջանական “Խայալ TV” հեռուստաընկերության 3 աշխատակիցների ձերբակալությունները: Դրանք են հեռուստաընկերության գործադիր տնօրեն Վուգար Գոնագովը, խմբագիր Զաուր Գուլիեւը, PR բաժնի տնօրեն Զաուր Մուստաֆայեւը, ինչպես նաեւ “Պոլիգոն” լրատվական գործակալության լրագրող Ջամիլ Մամադլին: Նրանց բոլորին մեղադրում են Ադրբեջանի հյուսիսում գտնվող Քուբա քաղաքում մարտի սկզբին բոյկոտների մասնակցելու մեջ:
“Այս ձերբակալությունները վկայում են իշխանությունների անախորժ վիճակի մասին` կապված Քուբայում տեղի ունեցած անկարգությունների հետ: Ձերբակալությունները ոչ մի օրինական հիմնավորում չունեն, եւ մենք պահանջում ենք, որ լրագրողներին որքան հնարավոր է շուտ ազատ արձակեն,”-նշել են կազմակերպության անդամները:
4 լրագրողներին ձերբակալել են Քուբայում, իսկ հետո տեղափոխել Բաքու, որտեղ նրանք բանտարկության մեջ են: “Լրագրողներ առանց սահմանների” կազմակերպության հավաքած տվյալների համաձայն` նրանց դեմ դեռեւս նույնիսկ մեղադրանք չեն հարուցել: Մամադլիի տունը խուզարկման է ենթարկվել:
Ցուցարարները, որոնք հավաքված են եղել Քուբայում, պահանջել են տեղական կառավարության ղեկավար Ռաուֆ Հաբիբովի հրաժարականը: Բախումներն սկսել են, երբ նրանց փորձել են ցրել, որի ընթացքում մի քանի լրագրողներ ծեծի են ենթարկվել: Օպերատոր Ռաշադ Ալիեւը, որը ներկայացնում է “Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտ” տեղական ՀԿ-ը, գլխին մի քանի ուժեղ հարված է ստացել: