Մոսկվան ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը փոփոխելու հիմքեր չի տեսնում
Այսօր պաշտոնական այցով Երեւանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով լրագրողների այն հարցին, ինչու են Ադրբեջանից ու Թուրքիայից հնչում կարծիքներ, թե իբրեւ Ղարաբաղյան խնդրի կարգավորման Մինսկի ձեւաչափը անարդյունավետ է, նշեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի բարեկամ երկրներն են, եւ Ռուսաստանի համար միեւնույն չէ, թե ինչպես կլուծվի Ղարաբաղյան հակամարտությունը:
՛՛Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի 90-ականներին սկսված հայ-ադրբեջանական արյունահեղությունը շուտ ավարտվի: Հետո ընդունվեց հակամարտության կարգավորման Մինսկի խմբի ձեւաչափը, երբ հակամարտող կողմերը պարտավորվում էին խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել, եւ որի շրջանակներում ստեղծվեց ԵԱՀԿ համանախագահների ինստիտուտը:
Վերջիններս ազնվորեն կատարում են այն բոլոր սկզբունքները, որոնք ընկած են հիմնարար փաստաթղթերում, այն է՝ հրաժարում ռազմական ուժի կիրառումից, հաշվի առնել մարդու իրավունքների ու տարածքային ամբողջականության սկզբունքները, եւ հարգել ազգերի ինքնորոշման իրավունքը՛՛,- ասաց Սերգեյ Լավրովը:
Ինչ վերաբերում է , թե կողքից ինչպես են ընկալում Մինսկի խմբի ձեւաչափը եւ ինչ գնահատականներ են տալիս, ՌԴ արտգործնախարարն ասաց, որ ինքը լսել է շատ տեսակետներ, որոնք էմոցիոնալ կամ ոչ պաշտոնական հիմքի վրա են հնչեցվել:
՛՛Մենք սովոր ենք ուղղորդվել պաշտոնական տեսակետներով: Իսկ պաշտոնական տեսակետն այն է, որ Աստանայում 2010թ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները եւ ԵԱՀԿ համանախագահները պաշտոնական հայտարարություն են արել, որի արդյունքում հակամարտող կողմերը բարձր գնահատական են տվել համանախագահների ջանքերին եւ գործունեությանը: Հենց այդ տեսակետներին ենք մենք վստահում՛՛,- ասաց Սերգեյ Լավրովը: