Զատկի ձուն ` միայն կարմիրով
Զատիկը քրիստոնեական եկեղեցու մեծագույն տոնն է, քանի որ խորհրդանշում է Քրիստոսի հարությունը մեռելներից։ Հայ եկեղեցու շարականների նկարագրությամբ “նրա հարությամբ բացվեցին երկնքի դռներն ու անուշահոտություն բուրեց աշխարհում՝ ցույց տալով ճանապարհը նոորգման եւ կենդանություն պարգեւեց մարդկային ցեղին”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Թովմա Անդրեասյանը։ Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Զատիկը տոնելու է ապրիլի 8-ին:
Քրիստոսի հարությունը հայ եկեղեցինն տոնում է շուրջ 40 օր, մինչեւ նրա համաբարձումը։ Սուրբ հարության տոնից մեկ օր առաջ, եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի պատարագ, որով սկսվում են զատկակական տոնակատարությունները։ Վաղ առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, անդաստանի արարողություն, ապա մատուցվում է Սուրբ պատարագ։
Գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցու խոսքով, Զատկի տոնը հայերը ճոխությամբ են նշել: “Զատկին նախորդող ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրն իր հոգեւոր խորհուրդն ունի, որն արտացոլվել են ոչ միայն եկեղեցական ծիսական ավանդույթներում այլեւ ժողովրդական”-ասաց Ագուլեցին` նշելով, որ պահպանվել են զատկի տոնական ուտեստները՝ զատկի փլավ, ձուկ, կանաչեղեն եւ որ ամենակարեւորն է՝ ներկած հավկիթներ։ Այդ ցանկում կարեւոր է տոնական գաթան: Այն խորհրդանշում է արեւը, իսկ Քրիստոսն ինքն արեւ էր։ Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Ավետման տոնը, ժողովրդական ընկալմամբ՝ մայրության եւ գեղեցկության տոնը։ Սա այն օրն էր, երբ Գրիգոր հրեշտակապետն ավետեց Մարիամին Քրիստոսի ծննդյան լուրը:
Տիկին Ագուլեցին “Հենարան” մամուլի ակումբ էր բերել նաեւ Զատկի ծառը եւ այլ խորհրդանիշներ, որոնք նա խորհուրդ տվեց այդ օրը օգտագործել: Ի դեպ Զատկի ձվերը պետք չէ օրեր առաջ ներկել, դա պիտի արվի նախօրեին եւ միայն կարմիր գույնով: