Ռուսաստանն ընդունում է, որ Հայաստանն իր միակ վստահելի գործընկերն է. Ռիչարդ Կիրակոսյան
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Տարածաշրջանային կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը խոսեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցի մասին:
Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը վարվում է այնպես, ինչպես Թուրքիան` Հայաստանին հարգում է միայն այն ժամանակ, երբ մենք ուժեղ ենք:
Ընդհանուր առմամբ, վերլուծաբանը Լավրովի այցի հետ կապված 3 քաղաքական նպատակներ նշեց: Առաջին հերթին, Ռուսաստանի համար ցուցադրելն էր Հայաստանի կարեւորությունը: 2-րդ հերթին, այն եւս մեկ անգամ ցույց տվեց Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասի համար: Եվ 3-րդ հերթին, այցը նպատակ էր հետապնդում զննել իրավիճակն խորհրդարանական ընտրություններից առաջ: Այս առիթով Կիրակոսյանը նշեց, որ Ռուսաստանի համար կայունությունն ավելի կարեւոր է, քան ժողովրդավարությունը:
Վերլուծաբանի կարծիքով` Ռուսաստանն ընդունում է, որ Հայաստանն իր համար միակ վստահելի գործընկերն է, ինչը կապված է այն փաստի հետ, որ Հայաստանն ավելի ակտիվ է արեւելյան գործընկերության ծրագրերում, բացի այդ, ավելի շատ է խորացնում կապերը ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի հետ: