Ինչ է անում Վերահսկիչ պալատը
Ապրիլի 9-ին ՀՅԴ-ի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հնչեցրած` “Ինչ է անում Վերահսկիչ պալատը, պատվեր է կատարում՝ նախագահի կողմից, Վերահսկիչ պալատի նախագահը պետք է լինի ընդդիմությունից” տեսակետի կապակցությամբ ՀՀ վերահսկչի պալատը ներկայացնում է հետևյալ պարզաբանումը.
Վերահսկիչ պալատը իր գործունեության չորս տարիների ընթացքում որևէ պատվեր, որևէ մեկի կողմից չի կատարել: Հանրապետության նախագահը երբևիցե չի միջամտել վերահսկիչ պալատի աշխատանքներին և որևէ պատվեր Վերահսկիչ պալատին չի իջեցրել:
Վերահսկիչ պալատը անկախ կառույց է, ինչպես աշխարհի բոլոր վերահսկիչ պալատները: ՎՊ-ի տարեկան ծրագիրը հաստատում է ՀՀ Ազգային ժողովը` համաձայն “Վերահսկիչ պալատի մասին” ՀՀ օրենքի: ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ներկայացուցիչներն, ի դեպ,միշտ կողմ են քվեարկել ընդունված ծրագրերին:
Վերահսկիչ պալատի չորս տարվա կատարած վերահսկողության արդյունքների վերաբերյալ բոլոր հաշվետվությունները հրապարակվել են և բոլորը տեղադրված են պալատի պաշտոնական կայքում:
Վերահսկիչ պալատը հաշվի առնելով նախընտրական ժամանակաշրջանը և զերծ մնալով հնարավոր քաղաքական շահարկումներից ժամանակավորապես` մինչև հունիսի մեկը, դադարեցրել է վերահսկողությունը և հանդես չի գա հրապարակային հայտարարություններով: