Քանի որ իշխանություն ենք, մենք պետք է հանդուրժող լինենք. ՀՀԿ նախագահ
“Մենք այս տարիների ընթացքում թերությունները չենք թաքցրել, իսկ հաջողությունները չենք թմբկահարել, մենք աշխատել ենք”,-այս խոսքերով սկսեց հանդիպումը Էրեբունիի ընտրողների հետ: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իշխանությունը վայելք չէ, այլ պատասխանատվություն է:
Նախագահն անդրադարձավ արտաքին քաղաքականության ոլորտին եւ շեշտեց. “Արտաքին քսղաքականության մեջ ինչ-որ արվել է, արվել է կշռադատված` հավատով եւ խղճով: Մենք չենք նստել ու սպասել, թե ով ինչ կանի, որ մենք արձագանքենք: Մենք միշտ քայլ ենք արել, եւ մեր նախաձեռնությունները եղել են նպատակային: Մի քանի տարի, եւ մենք աշխարհում կապահովենք ՀՀ դերի եւ ընկալման բոլորովին ուրիշ մակարդակ”:
Նախագահի ելույթը մերթընմերթ ընդմիջվում էր ջերմ ծափողջույններով եւ հավանության բացականչություններով: Սերժ Սարգսյանն իր ելույթում ադրադարձավ նաեւ ներքաղաքական ու տնտեսական խնդիրներին, շեշտեց, որ իշխանությունները թշնամանքը բացառելու ջանքեր են գործադրել եւ այդպես էլ շարունակելու են քաղաքական նոր մշակույթ ձեւավորելու համար: “Բոլոր խնդիրները հանգիստ եւ սթափ քննարկելու , խաղաղ ընտրությունների գնալու պատասխանատվությունն է, որ միշտ անփոփոխ է եղել,”-ընգծեց նա:
ՀՀԿ նախագահը շեշտեց, որ ընդդիմությունը իշխանությունների զգաստության եւ զգոնության պայմանն է, նրա գործունեության արդյունավետության կարեւոր բաղադրիչը, եւ այդպես էլ պետք է ընկալվի յուրաքանչյուր իշխանության կողմից:
Սերժ Սարգսյանը նշեց, որ որեւէ քննադատություն որեւէ մեկին երբեք դուր չի գալիս, բայց “քանի որ մենք իշխանություն ենք, մենք պետք է հանդուժող լինենք: Սա է մեր առաքելությունը”: