Զոլյանը դեռ մտնում է իր աշխատասենյակ. լայնամասշտաբ դասադուլներ են խոստանում
Այն մարդիկ, այդ թվում ԿԳ նախարարը, ովքեր փորձում են քաղաքական երանգ տալ ուսանողների ակցիային, իրականում դրանով փորձում են լռեցնել ուսանողների բողոքը:
Henaran.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի Վ.Բրյուսովի անվ.լեզվաբանական համալսարանի ուսանող Նարեկ Սամսոնյանը, ով ապրիլիլ 19-ին ուսանողական ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել ոստիկանություն, ապա ազատ արձակվել:
Նրա խոսքով` ԿԳ նախարարը այժմ հայտարարում է, թե ուսանողների բողոքի ակցիան քաղաքական բնույթ է կրում, հիմնավորելով իր ասածը նրանով, թե ուսանողների միջից եղել են մարդիկ, ովքեր գոչել են.’’Լեւոն նախագահ’’:
‘’Ես էլ ուզում եմ հարցնել նախարարին. ‘’Լեւոն նախագահ’’ գոռացող մարդիկ Զոլյանի համար կպայքարեին, եթե Զոլյանը իր քաղաքական հայացքներով չի ընդունում տվյալ մարդուն’’,- ասաց Նարեկը:
Նա նշեց, որ եթե ուսանողության պահանջները բավարաված չտեսնեն, իրենք շատ վճռական են տրամադրված եւ դիմելու են լայնամասշտաբ դասադուլների եւ նույնիսկ` նստացույցերի` կազմակերպելով համաբուհական մեծ բողոքի ակցիաներ :
‘’Պայքարը շարունակելու ենք, եւ առաջին հերթին դիմելու ենք եվրոպական կառույցներին այս միջադեպի հետ կապված: Բոլոնյան համակարգի անցում կատարած բուհ են ներխուժել ոստիկաններ, ինչը անօրինական է’’-ասաց Նարեկ Սամսոնյանը` հավելելով, որ Զոլյանի հետ այս միջադեպը նախադեպ եղավ, եւ այսուհետ ուսանողները պայքարելու են իրենց իրավունքների համար:
‘’ԿԳ նախարարը ուղղորդվել է ոչ թե իրավական, այլ կամայական միջոցներով, քանի որ իրավական հարթության մեջ չկա ‘’նպատակահարմար չեմ գտնում’’ արտահայտությունը’’,- ասաց Նարեկը` հավելելով, որ ռեկտոր Զոլյանը դեռ գալիս է աշխատանքի, մտնում է իր աշխատասենյակ, եւ մինչեւ չլինի դատական վճիռը, նա գալու է աշխատանքի: