Ռազմագերիների հայրենադարձման հետ կապված Կարմիր Խաչի լիազորությունները շատ սահմանափակ են
Որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե Ադրբեջանում գտնվող երեք հայ ռազմագերիներ տեղափոխվել են երրորդ երկիր:
Մինչդեռ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հերքել են լուրը, հայտնելով, որ իրենք հանդիպել են՝ Ադրբեջանում գտնվող 3 հայ զինվորականներին ու 5 քաղաքացիական անձից բաղկացած ընտանիքին: Նրանք ծանոթացել են գերիների ապրելու պայմաններին: Զինվորներին ու ընտանիքին են փոխանցվել 2 նամակ, իսկ նրանցից հարազատներին հասցեագրված 3 նամակ է հանձնվել ԿԽ ներկայացուցչին:
Henaran.am-ի հետ զրույցում ԿԽՄԿ հաղորդակցման հայաստանյան ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը նշեց, որ ռազմագերիների երրորդ երկիր տեղափոխելու հետ կապված Կարմիր Խաչի լիազորություններն ու գիտելիքները շատ սահմանափակ են, քանի որ այդտեղ Կարմիր Խաչի հանձնառությունն ու առաքելությունը ավարտվում է:
‘’Մենք այցելում ենք Ադրբեջանում հայ ռազմագերիներին, եւ Հայաստանում ադրբեջանցի ռազմագերուն: Այդ այցելությունների նպատակը զուտ մարդասիրական է, իսկ փոխանակման որոշումները իրականացնում են հակամարտող կողմերը:
Ուղղակի եթե տեղի է ունենում փոխանակում կամ հայրենադարձում, ապա մենք հավաստիանում ենք, որ ռազմագերիների կամքով է դա արվում’,- ասաց Աշոտ Աստաբացյանը` հավելելով, որ Կարմիր Խաչի այցելությունների եզրակացությունները առհասարակ գաղտնի են ու չեն հրապարակվում :