Աշխարհը սիրում է զենք, խոշոր տերությունները սիրում են կռվող ժողովուրդ..
Ես դեռ ընտրություններից առաջ եմ ասել, որ Հայաստանում կոնֆիգուրացիայի փոփոխություն չի լինի: Եվ դա հաստատվեց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը ՝խոսելով հետընտրական զարգացումների մասին:
Նրա խոսքով դրական էր այն քաղաքական իրողությունը, որ ԲՀԿ-ն առաջ մղվեց, իսկ դա նշանակում է, որ գործարար աշխարհի մոնոլիտը փլվեց:
՛՛Եթե Բարգավաճի քաղաքական վերնախավը զգա պատասխանատվություն Հայաստանի ապագայի հանդեպ, եւ կարողանա որդեգրել դեմոկրատական ուղղություն՝ կուսակցական մոդելի առումով, ապա Հայաստանում կստեղծվի երկկուսակցական համակարգ,որը զգալիորեն կնպաստի Հայաստանի զարգացմանը՛՛,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ հակառակ պարագայում ԲՀԿ-ն կարժանանա ՕԵԿ-ի ճակատագրին:
Անդրադառնալով ՀԱԿ-ին, Լեւոն Շիրինյանը կարծիք հայտնեց, որ շատ դրական է, որ ՀԱԿ-ն անցավ խորհրդարան, իսկ Արամ Սարգսյանի՝ ՀԱԿ-ից դուրս գալը այդքան էլ էական չէ, կարեւորն այն է, որ կոնգրեսը ՛՛տեղավորվեց խորհրդարանում՛՛:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարող է ազդել նոր խորհրդարանը ԼՂ հարցի կարգավորման վրա, քաղաքագետը վտանգավոր համարեց այն հանգամանքը, որ հայ հասարակությունը վաղուց հաշտվել է ԼՂ հարցում փոխզիջման տարբերակի հետ:
՛՛Հայ-թուրքական հարաբերության մեջ փոխզիջում չպետք է լինի, դադարեցրեք խաղաղ լինելու մասին շատ ցանկություն հայտնելը, աշխարհը սիրում է զենք, խոշոր տերությունները սիրում են կռվող ժողովուրդ, որոնց ամեն ինչ տրվում է: Եվ ես ԱԺ-ում չեմ տեսնում այն զանգվածը, որը ձեռքը սեղանին կխփի ու կասի՝ ոչ մի թիզ հող՛՛,- եզրափակեց քաղաքագետը: