Թբիլիսիում փլուզվել է հայկական Սուրբ Նշան եկեղեցին
Հորդառատ անձրեւների արդյունքում ավերվել է Թբիլիսիում գտնվող հայկական Սուրբ Նշան եկեղեցու եւս մեկ մասը: Փլատակները թափվել են հարեւանությամբ գտնվող բնակելի տան վրա` քանդելով պատերից մեկը: Տան բնակիչներից ոչ ոք, բարեբախտաբար, չի տուժել: Քաղաքային իշխանությունները խոստացել են նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:
Ինչպես հաղորդում է “Regnum” տեղեկատվական գործակալությունը, միջադեպի մասին հաղորդելիս վրացական հեռուստաալիքներն այս անգամ այն անվանել են ոչ թե Սուրբ Նիկոլա վրացական եկեղեցի, այլ` հայկական:
Սուրբ Նշան եկեղեցին երկար ժամանակ չէր գործում: Նրա պատկանելիությունը վիճարկվում էր հայկական եւ վրացական եկեղեցիների կողմից: 2012-ի հունվարին եկեղեցում հրդեհ էր բռնկվել, որի պատճառով փլվել էր եկեղեցու սյուներից մեկը: Այդ ժամանակ պատրաիրքարանը եւ մայրաքաղաքային իշխանությունները հայտարարեցին, որ այդ պահին ժամանակը չէ եկեղեցու պատկանելիության հարցը որոշելը եւ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել հուշարձանի պահպանման համար:
Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը դեպքը վերագրում է վերջերս տեղի ունեցած երկրաշարժին: