DIY ակումբի դեմ պայքարը հովանավորվում է Դաշնակցության կողմի՞ց
Երեւանում ՛՛DIY՛՛ ակումբի պայթյունի հեղինակներին գրավի դիմաց ազատ են արձակել, իսկ գրավի գումարը տրամադրել են ՀՅԴ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը: Այդ մասին, այսօր` մայիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է այդ ակումբի ղեկավար Արմինե Օգանեզովան (Ծոմակ), հավելելով, որ իր ակումբի դեմ պայքարը հովանավորվում է Դաշնակցության կողմից:
Նրա խոսքով, իրենք շատ փաստեր ունեն դրա վերաբերյալ, որոնք պատրաստվում են ներկայացնել ոստիկանությանը:
DIY ակումբի պաշտպանությամբ հանդես եկող Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք ՀԿ ներկայացուցիչ Մարինե Մարգարյանն էլ հայտարարել է, որ ակումբի պայթյունն ահաբեկչություն է: Նրա խոսքով, այդ երիտասարդները աչքի են ընկել տարբեր ակումբների վրա հարձակումներով: ՛՛Վեց-յոթ ամիս նրանք նախապատրաստել են ահաբեկչական գործողությունը, այո, դա ահաբեկչություն է, որովհետեւ շենքը, որտեղ գտնվում է ակումբը, ապրում են մարդիկ, երեխաներ՛՛, -ասել է Մարգարյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին, առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում պայթեցրել են Փարպեցի 14/11 հասցեում գտնվող, Ծոմակ Օգանեզովային պատկանող ՛՛DIY փաբը՛՛: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ օրը, ժամը 05.05-ի սահմաններոմ, եղբայրներ՝ 20-ամյա Արամե եւ 19-ամյա Համբիկ Մ.-երը, նախնական պայմանավորվածությամբ, գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, կոտրել ակումբի պատուհանի ապակին եւ նախապես իրենց հետ բերված բենզինով լի շիշը նետել են այնտեղ, որից հետո բաց կրակով հրկիզել են շինությունը:
Մայիսի 9-ին, ժամը 13.00-ին Արամե եւ Համբիկ Մ.-երը Ամիրյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկվել բաժին:
Նախօրեին ակումբը պայթեցնելու մեջ կասկածվող երկու երիտասարդները դատարանի որոշմամբ ազատ են արձակվել: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մյուսն ազատվել է գրավի դիմաց:
՛՛Մենք իրենց ճանաչում ենք, որովհետեւ իրենք մի քանի անգամ մեր հետ կոնֆլիկտի մեջ են մտել, այսինքն` ակումբի առաջ թքում էին գետնին, հետ էին տալիս, դրանք այն մարդիկ են, ովքեր իրենցից բացի` ոչ մեկին չեն ընդունում, կարելի է ասել չուզողներ, թշնամի, ֆաշիստական ինչ-որ բաներ ունեն իրենց մեջ, մի քանի անգամ տարբեր տեղեր մտել են, խփել են, ջարդել-փշրել՛՛,- ասել էր տնօրենը` հավելելով, որ պայթյունը եղել է ատելության եւ նախանձի հողի վրա:
Պայթյունի հետեւանքով ամբողջ ակումբը` սառնարաններ, խմիչքներ եւ այլն, այրվել է, մնացել է ընդամենը 5-6 աթոռ եւ երկու սեղան: Ըստ ՛՛Կանանց ռեսուրսային կենտրոն՛՛-ի նախագահ Լառա Ահարոնյանի, խնդիրը օրենսդրական դաշտի բացթողումն է, ԶԼՄ-ների ներդրումը այս ամենի մեջ ևս առկա է, որովհետև ատելության խոսքերը փոխանցվում են նաև ԶԼՄ-ների միջոցով, և այս ամեն ինչի մեջ կա նաև ԶԼՄ-ների մեղքը: ՛՛Բավական է, որ նայեք վերնագիրները, օրինակ ՛՛Պայթեցրեցին համասեռամոլների ակումբը՛՛, ՛Արդյո՞ք համասեռամոլները պետք է ապրեն՛՛, եւ նման այլ վերնագրեր:
Ակումբի տնօրեն Արմինե Օգանեզովան ասաց, թե ինքը այժմ վախենում է իր անվտանգության համար, որովհետև Facebook-ում հայտնվել են իրեն ահաբեկող բազմաթիվ նկարներ: ՛՛Սա շատ պարզ ֆաշիստական երիտասարդների խումբ է, որը կազմված է երեսուն-քառասուն հոգուց: Ես ստանում են նկարներով սպառնալիքներ, որ մեզ վառելն էլ ա քիչ, սրա դեմքը լավ հիշենք: Մարդիկ կային, ովքեր ինձ ատում էին, և այդ պայթյունը ուղղված էր նաև իմ նկատմամբ: Եթե նրանց ազատ են արձակել, թող իմ անվտանգության համար էլ քայլեր ձեռնարկվեն՛՛,-ասաց նա: