Ամուսնանում են վաղ տարիքում` առանց սիրո, շահով
Հայկական ընտանիքներում ամուսնալուծությունների հիմնական պատճառը նաեւ ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակն է: Նման տեսակետ Ընտանիքի միջազգային օրը` մայիսի 15-ին “Հենարան” մամուլի ակումբում հայտնեց Շենգավիթի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետ Սուսաննա Ավետիսյանը:
Սակայն, ըստ նրա` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամուսնալուծության պատճառ են նաեւ շահադիտական ամուսնությունները:
“Եթե ընտանիքում ամուսինների միջեւ սեր եղավ, ապա շատ դժվարություններ հնարավոր է հաղթահարել”,-ասաց նա: Քիչ չեն նաեւ այն ընտանիքները, որոնք բաժանվում են սեռական անհամատեղելիության պատճաոռվ: Ս. Ավետիսյանի խոսքով, Հայաստանում ընդունված է օրինական գրանցումով ամուսնությունը, սակայն քաղաքացիական ամուսնություններն էլ քիչ թիվ չեն կազմում: Չնայած ամուսնությունների թիվը ավելի շատ է, քան ամուսնալուծությունը, ամեն դեպքում ընտանիքների բաժանման պատճառ են դառնում դավաճանությունն ու արտագնա աշխատանքը:
Վերջինիս ժամանակ մեկը մյուսին ավելի լավ է ճանաչում, տարիների ընթացքում հասկանում են` արդյո՞ք միմյանց հետ կարող են համատեղ կյանքով ապրել, թե ոչ:
Հայաստանում վերջին տարիներին նկատելի են նաեւ վաղ ամուսնության դեպքեր: “16-17 տարեկան երկու երեխա ունեցող աղջիկներ են գալիս գրանցելու իրենց ամուսնությունը”,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շենգավիթի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետը: